01/11/2025

Կայացավ «Տաթեւ» ազգային պարկի եւ Կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծման ծրագրերի քննարկման մեկնարկային հանդիպումը

Կայացավ «Տաթեւ» ազգային պարկի եւ Կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծման ծրագրերի քննարկման  մեկնարկային հանդիպումը

Երեւանում տեղի է ունեցել «Տաթեւ» ազգային պարկի եւ Կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծման ծրագրերի քննարկման մեկնարկային աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին շահագրգիռ տարբեր կառույցների` պետական մարմինների, մարզային իշխանությունների, հասարակական եւ բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ծրագրերի հիմնական նպատակն է Տաթեւի տարածաշրջանում ստեղծել ազգային պարկ, որը կապահովի տարածքի էկոհամակարգերի եւ հարուստ կենսաբազմազանության պահպանությունը: Ծրագրերի շրջանակում կիրականցվեն  նաեւ աշխատանքներ «Սատանի կամուրջ» բնության հուշարձանի բարեկարգման եւ կառավարման բարելավման ուղղությամբ:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին եւ  բարձր գնահատելով նոր ազգային պարկի ստեղծման նախաձեռնությունը, նշել է. «Նախատեսվող «Տաթեւ» ազգային պարկի տարածքը բնութագրվում է հարուստ եւ եզակի մշակութային ու բնական ժառանգության վայրերով, ինչի շնորհիվ տարածքը դարձել է Հայաստանում զբոսաշրջության առանցքային վայրերից մեկը: Ազգային պարկի ստեղծումը ոչ միայն կապահովի այդ տարածքի էկոհամակարգերի եւ հարուստ կենսաբազմազանության պահպանությունը, այլ նաեւ կխթանի զբոսաշրջության հետագա զարգացումը, ինչպես նաեւ կնպաստի հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հաջողություն մաղթելով ծրագրերի իրականացմանը` ցանկանում եմ հավաստիացնել, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստ է արդյունավետ համագործակցել ծրագրերի իրականացման հետ կապված բոլոր հարցերում»:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Արմեն Գեւորգյանը, կարեւորելով այս ծրագրի նշանակությունը IdeA-ի համար, նշել է. «Հիմնադրամը փորձում է Հայաստանում եւ Արցախում իրականացվող բոլոր ծրագրերն անպայման զուգակցել բնապահպանական բաղադրիչի հետ: Այդ իմաստով այս ծրագիրն առաջինն է մեզ համար, եւ կարեւորում ենք դրա հաջող իրականացումը»: Նա նկատել է, որ բացառիկ համագործակցության ձեւաչափ է ստեղծվում, երբ հասարակական կազմակերպությունները, պետական մարմինների, տեղական եւ տարածքային կառավարման մարմիների հետ, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ նման ծրագրեր են կյանքի կոչում: «Համոզված եմ, որ այս ձեւաչափը կարող է օրինակ ծառայել  տարածաշրջաններում նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար», - ընդգծել է նա:

Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը նշելով, որ   Գերմանիայի կառավարությունն աջակցում է ծրագրերի իրականացմանը, գոհունակություն է հայտնել, որ բացի կենսաբազմազանության պահպանությունից,  ծրագիրը նաեւ նպաստելու է համայնքների զարգացմանը: Նա հետագա հաջողություններ է մաղթել ծրագրի իրականացմանը` կարեւորելով  ներգրավված բոլոր կողմերի միջեւ սերտ համագործակցությունը:

WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, շնորհակալություն հայտնելով «Տաթեւ» ազգային պարկի ստեղծման նախաձեռնությանն աջակցող բոլոր կազմակերպություններին, իր ելույթում նշել է. «Հարավային Հայաստանը կենսաբազմազանության տեսանկյունից հանրապետության ամենահարուստ տարածաշրջանն է: Ծրագրի գործողությունները պլանավորված է իրականացնել Հայաստանի երկու ուշագրավ տարածքներում` դիտարժան Որոտանի կիրճի շրջակայքում եւ Վայոց ձորի լեռներում, որտեղ տեղակայված է երկրի բնական եւ մշակութային հարուստ ժառանգություն: Համայնքային բնապահպանական տարածքների ստեղծումը կօգնի հակազդելու բնական ռեսուրսների անկայուն օգտագործման բացասական հետեւանքներին, ՀԲՏ-ի մոդելները կմշակվեն` հիմք ընդունելով էկոհամակարգային ծառայությունները, որոնք հանգեցնում են կենսաբազմազանության պահպանմանը եւ տեղական համայնքների լրացուցիչ եկամտի աղբյուրներին` արդյունավետ կառավարվող պահպանվող տարածքների, էկոտուրիզմի, ապրանքների մշակման եւ շուկայահանման, արոտավայրերի եւ կենսամիջավայրերի մասնակցային կառավարման միջոցով»:

Կարեն Մանվելյանի եւ «Կենսաբազմազանության պահպանության համայնքային մոդելների ստեղծում» ծրագրի համակարգող Վասիլ Անանյանի կողմից ծրագրերի մանրամասները ներկայացնելուց հետո շահագրգիռ քննարկում է տեղի ունեցել մասնակիցների միջեւ:

Ծրագրերի շրջանակներում նախատեսվում է Տաթեւ համայնքում հիմնել տեղական արտադրանքի մթերման, պիտակավորման, փաթեթավորման եւ պահեստավորման կետ, որը կհագեցվի անհրաժեշտ սարքավորումներով, կստեղծվեն էկոտուրիզմի ենթակառուցվածքներ, այդ թվում` տեղեկատվական կենտրոն Տանձատափ համայնքում:

Ծրագրերը ֆինանսավորում են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն ու Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը (BMZ) եւ իրականացվելու են WWF-Հայաստանի կողմից` սերտորեն համագործակցելով ՀՀ բնապահպանության նախարարության հետ:

ՀՀ բնապահպանության նախարարություն, 28 ապրիլի 2015թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: