01/11/2025

Արմեն Ստեփանյան. «Չնայած տեղական հանրաքվեն խորհրդատվական բնույթ ունի, բայց այն բավականին լուրջ քաղաքական միջոցառում է»

Արմեն Ստեփանյան. «Չնայած տեղական հանրաքվեն խորհրդատվական բնույթ ունի, բայց այն բավականին լուրջ քաղաքական միջոցառում է»

Ինչպես արդեն ասվել է, ՀՀ կառավարության մարտի 19-ի որոշմամբ մեկնարկ է տրվել համայնքների խոշորացման ծրագրին՝ կառավարության հավանությանն արժանացած դեռեւս 2011թ. նոյեմբերի 10-ին: Մինչեւ ծրագրի ամբողջական իրականացումը 2015թ. կիրականացվի պիլոտային երեք ծրագիր, որից մեկը՝ Սյունիքում: Մեր մարզում առաջարկվում է միավորել Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները՝ Տաթեւ համայնք անվամբ ու Շինուհայր համայնքային կենտրոնով: Այդ նպատակով մայիսի 17-ին նշանակվել է տեղական հանրաքվե՝ հանրաքվեի դնելով հետեւյալ հարցը՝ «Համաձա՞յն եք, որպեսզի Շինուհայր, Տաթեւ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքները միավորվեն՝ Տաթեւի համայնք անվամբ, Շինուհայր համայնքային կենտրոնով»:

Ինչպե՞ս է ընթանում տեղական հանրաքվեի նախապատրաստությունը:

Հարցը պարզաբանելու համար էլ զրուցեցինք թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանի հետ:

- Պարո՛ն Ստեփանյան, մայիսի 17-ին հանրապետության մի քանի համայնքներում, այդ թվում Գորիսի տարածաշրջանի մի քանի գյուղական համայնքում տեղի կունենա տեղական հանրաքվե` համայնքների խոշորացման վերաբերյալ բնակչության դիրքորոշումը պարզելու նպատակով: Իբրեւ պիլոտային ծրագրի մի մաս նախատեսվում է Տաթեւի ենթաշրջանի գյուղերը միավորել մեկ համայնքում: Մի կողմ թողնելով հարցի քաղաքական, տնտեսական, սոցիալական ասպեկտները` խոսենք հանրաքվեի կազմակերպական հարցերից. կարծեմ թե, տեղական հանրաքվեն նորություն է մեզ համար:

- Համենայն դեպս իմ աշխատանքային գործունեության ընթացքում առաջին անգամ պիտի անցկացնեմ տեղական հանրաքվե: Այն կարգավորվում է ՀՀ ընտրական օրենսգրքով եւ բնույթով նման է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին` մի տարբերությամբ միայն. լիազոր մարմնի, այս դեպքում` անձնագրային բաժնի կողմից հաստատված ընտրացուցակների վերնամասում գրվում է տեղական հանրաքվեի ընտրացուցակ եւ ներկայացվում առաջադրվող հարցը: 

- Ո՞վ իրավունք ունի մասնակցել տեղական հանրաքվեին:

- Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ ընտրական օրենսգրքով ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձինք, այն է` 18 տարեկանից բարձր տվյալ համայնքում հաշվառված ՀՀ քաղաքացիներ, փախստականի կարգավիճակ ունեցող կամ տվյալ համայնքում բնակվող, բայց փաստացի չհաշվառված 18 տարին լրացած անձինք: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն միայն այն պայմանագրային զինծառայողներն ու ոստիկանները, ովքեր հաշվառվել են տվյալ համայնքում:

- Ինչպե՞ս եք կազմավորել ընտրական տեղամասերը:

- Յուրաքանչյուր գյուղում կլինի մեկ ընտրական տեղամաս, քանի որ համայնքների բնակիչների թիվը չի գերազանցում 2000-ը: Ինչպես ՏԻՄ ընտրությունների ժամանակ, քվեասենյակը կբացվի առավոտյան ժամը 8.00-ին եւ կփակվի 20.00-ին: Բնականաբար, վստահված անձ չի լինի, բայց կլինեն դիտորդներ, ովքեր հավատարմագրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունից մեկ ամիս առաջ: Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, ապա նրանց մուտքն ազատ է. ընտրատեղամասում գրանցվելուց հետո իրենց վկայկաններով կարող են մտնել ընտրատեղամաս եւ լուսաբանել հանրաքվեի ընթացքը:

- Ի՞նչ կասեք ընտրացուցակների մասին:

- Նախնական ընտրացուցակները համապատասխան ժամկետներում արդեն փակցված են ընտրատեղամասերում: Առայժմ խնդիրներ չեն առաջացել ցուցակներում, ութ համայնքում ունենք 4404 ընտրող: Վերջնական ցուցակը հանրաքվեից երկու օր առաջ ենք փակցնելու: Այն քաղաքացին, ում անունը ցուցակում չկա, կարող է դիմել լիազոր մարմնին` անձնագրային բաժնին, որ հանրաքվեին մասնակցելու համապատասխան տեղեկանք կտրամադրի, իսկ եթե անձնագրային բաժինը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, հրաժարվի տեղեկանք տրամադրել, որ քիչ հավանական է, քաղաքացին իր իրավունքները վերականգնելու համար կարող է դիմել դատարան: Նշենք, որ այդ օրերին դատարաններն աշխատում են:  

- Համառոտ ներկայացրեք տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման մասին:

- Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման վերջնական ժամկետը ապրիլի 22-ն էր: Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովը վերկուսակցական է: Ներկայացվում են ԱԺ-ում ձայն ունեցող վեց կուսակցությունից մեկական ներկայացուցիչ եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի երկու անդամ (ԸԸՀ անդամներից վիճակահանությամբ է երկու անդամ ընտրվում)՝ բացի ԸԸՀ նախագահից:

- Հանձնաժողովի անդամների համար նախատեսվո՞ւմ է համապատասխան դասընթացների կազմակերպում:

- Հանձնաժողովի անդամներն ունեն համապատասխան լիզենցիա. մինչ այժմ որեւէ նմանատիպ դասընթաց չի անցկացվել, բայց, կարծում եմ, տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվելուց հետո պարտադիր ուսուցում կկազմակերպվի:

- Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է համայնքների խոշորացման հանդեպ ժողովրդի նախնական տրամադրվածությունը:

- Որպես ընտրական հանձնաժողովի նախագահ չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց որպես քաղաքացի կարող եմ ասել, որ կարծիքներն իրարամերժ են: Չնայած տեղական հանրաքվեն խորհրդատվական բնույթ ունի, բայց բավականին լուրջ քաղաքական միջոցառում է:

- Նախորդ տարիների ընտրությունների փորձից ելնելով` ընտրողների մոտավոր քանի՞ տոկոսը կմասնակցի հանրաքվեին:

- Կարծում եմ` մոտ 50-60 տոկոսը:

- Տեղական հանրաքվեի արդյունքներն ամփոփվելու են փնջայի՞ն մասշտաբով, թե՞ ըստ գյուղերի:

- Հանրաքվեի արդյունքները դրական են համարվում, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս քվեարկողների մեկ երրորդ մասից: Արդյունքներն ամփոփվելու են փնջային մասշտաբով, առանձին համայնքի կարծիքը որոշիչ չէ: Վերջնական արդյունքները ներկայացվելու են հնգօրյա ժամկետում:

- Ի՞նչ եք կարծում` ի՞նչ կհաջորդի տեղական հանրաքվեին:

- Բնականաբար, պիտի անցկացվեն ՏԻՄ ընտրություններ. կկազմավորվի Տաթեւի համայնք՝ Շինուհայր կենտրոնով: Կընտրվի մեկ համայնքապետ, կկազմավորվի մեկ ավագանի` առավելագույնը 15 անդամից կազմված: Մյուս գյուղում ներկայացուցչական միավոր չի լինելու: Բնականաբար, որ գյուղը մեծ լինի, այնտեղի ներկայացուցիչները շատ են լինելու, որ այս հանրաքվեի խոցելի տեղերից մեկն է: Կարծում եմ` ճիշտ կլինի, որ համապատասխան որոշում լինի, ըստ որի՝ ամեն համայնքից բնակիչների շահերը պաշտպանելու համար գոնե մեկ ներկայացուցիչ ավագանու կազմում լինի:

- Ձեր խոսքն ընտրողներին:

- Կազմակերպական առումով աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, քարոզարշավ չի լինելու, բնակիչներին հարցի մասին կիրազեկի համայնքապետը: Եթե ժողովուրդը դեմ քվեարկի, միեւնույն է, պիլոտային ծրագրի իրագործումը չի կասեցվի: Որպես թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ՝ կարող եմ երաշխավորել արդար եւ թափանցիկ հանրաքվե: Կոչ եմ անում քաղաքացիներին ակտիվ մասնակցություն ունենալ տեղական հանրաքվեին:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: