01/11/2025

Գործարկվեց տարածաշրջանային անասնաշուկան

 Գործարկվեց տարածաշրջանային անասնաշուկան

Մայիսի 16-ին Խոտի համայնքի տարածքում (Տաթեւ տանող մայրուղուն կից) կառուցված անասնաշուկայի բացման արարողությունն էր: Հարյուրավոր մարդիկ էին հավաքվել տոնական այդ միջոցառմանը, քանզի խոսքն անասունների վաճառքին է առնչվում: Իսկ դա այնպիսի խնդիր է, որ շոշափում է գրեթե ամեն մի գյուղաբնակի շահերը:

Տեղեկացնենք, որ «Ռազմավարական զարգացման գործակալություն» հկ-ն Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ 2008 թվականից իրականացնում է «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրը: Դրա նպատակն է՝ նպաստել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում անասնապահության ոլորտում ներգրավված ֆերմերների եկամուտների աճին եւ տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը: Ներկայումս ծրագիրը ներառում է մոտ հարյուր գյուղական համայնք՝ 60 հազար բնակչությամբ կամ 14 հազար տնային տնտեսություն (որոնց 75 տոկոսը զբաղված է անասնապահությամբ):

Ծրագրի գործընկերն են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզպետարանները:

Անասնաշուկայի բացման արարողությանը ելույթ ունեցան ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

Այնուհետեւ Սյունիքի անասնաշուկայի բացման պատիվը տրվեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերին եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին:

Կարմիր ժապավենը կտրելուց հետո ներկաները շրջեցին անասնաշուկայում: Իսկ այն իրենից ներկայացնում է մի համալիր, որը կտրամադրի կենդանիների առեւտրի ծառայություններ՝ կենդանիների բեռնաթափում, անասնաբուժական զննում, պահպանում եւ ցուցադրում: Կան նաեւ տարածքներ կերակրման ու կթի համար, բացօթյա եւ փակ անասնագոմեր` կենդանիների գիշերակացի համար: Անասնաշուկայում կան ցուցասրահներ` ագրովաճառակետ, ուր կան գյուղատնտեսական մեքենա-սարքավորումներ, գյուղգործիքներ, ինչպես եւ հողագործության համար նախատեսված նյութեր` սերմեր, պարարտանյութ եւ այլն: Անասնաբուժական դեղանյութերի վաճառակետից էլ կարելի է ձեռք բերել անասնաբուժական դեղանյութեր, գործիքներ, սարքավորումներ: Անասնաշուկան ունի գործարար աջակցության բաժին, որտեղ կկազմակերպվեն դասընթացներ, համաժողովներ, մրցույթներ` «Լավագույն ֆերմեր», «Լավագույն կենդանու սեփականատեր» եւ այլ անվանակարգերով:

Սյունիքի աշխատաշուկայի բացումն իր կատարումներով համեմեց Տաթեւի վանքի երգչախումբը:
Այնուհետեւ ներկաները վայելեցին սյունեցուն հարիր հյուրասիրությունը:

Հայրենիքը սկսվում է յուրաքանչյուր համայնքից: Եթե հարուստ է համայնքը, ապա հարուստ է նաեւ երկիրը: Հարուստ երկիրն արդեն հզորություն է, որի հետ հաշվի են նստում բոլորը: Այս անասնաշուկան կդառնա հենք` համայնքների տնտեսական հզորացման համար: Իսկ եթե ապահով է ապրում համայնքի բնակիչը,ուրեմն ապահով է եւ ամբողջ Հայաստանը:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: