01/12/2025

Վերջին դասը` կյանքի նոր շրջափուլ թեւակոխելու սկիզբ

Վերջին դասը` կյանքի նոր շրջափուլ թեւակոխելու սկիզբ

Մայիսի 22-ին հանրապետության 1400 դպրոցի շուրջ 25000 շրջանավարտի համար                   հնչեց վերջին զանգը: Ապագայի մեծ հույսերով, վստահ քայլերով կյանքի նոր շրջափուլ թեւակոխելու միտումով շրջանավարտները հրաժեշտ տվեցին դպրոցին:

Վաղ առավոտից ամենուրեք միայն հնչում են բարեմաղթանքներ, երախտիքի խոսքեր ուսուցիչներին, ծնողներին:

Մեր օրերում փոխվել են բարքերը, ուսուցիչներին ողջունելու ձեւերը, նախապատրաստական աշխատանքները դարձել են ազգուտակի քննարկման առարկա: Բայց այդ ամենն էլ իր գեղեցկությունն ու հմայքն ունի, եթե չափի մեջ է լինում, համեստության սահմաններում: Նոր հագուստ, կոշիկ, սանրվածք, բացիկներ, ծաղիկներ, դասարանի ձեւավորում եւ մի շարք նախատեսված եւ չնախատեսված ծախսեր: Դե, բնական է, որ ծնողներն ամեն հնարավորն անում են իրենց երեխայի համար այդ օրը տոն դարձնելու՝ շատ հաճախ, ինչպես ժողովուրդն է ասում, «կաշվից դուրս գալով»: Ինչեւէ, այդ ամենն արդեն կարծես անցյալում է, եւ շրջանավարտների ուրախ տրամադրությամբ համակվել էին բոլորը` յուրաքանչյուրը մտովի վերհիշելով իր վերջին զանգը:

Անկախ դպրոցների աշակերտների թվից` վերջին դաս կազմակերպվել էր բոլոր դպրոցներում: Վերջին դասի խորհուրդն էր դպրոցական առաջին քայլերից մինչեւ վերջին զանգի ղողանջը վերհիշելը, անցած ճանապարհն արժեւորելը:

«Վստահ եմ, որ դուք միշտ բարձր եք պահելու սյունեցու պատիվը, եւ մենք ձեր նվաճումներով հպարտանալու դեռ շատ առիթներ ենք ունենալու: Սյունեցին անպարտելի է ոչ միայն զենքով, այլեւ գրչով ու մտքի ուժով, ոգու ամրությամբ», - մասնավորապես նշվել էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ուղերձում:

Համայնքապետների, զինվորականների, ուսուցիչների ցանկությունը շրջանավարտներին առողջ, հաջողակ ու երջանիկ տեսնելն է, ուսումնառության տարիներին ձեռք բերած գիտելիքները մեր երկրի բարօրությանն ու արժանապատվությանը ծառայեցնելը:

Երկինք բաց թողնված կանթեղները շրջանավարտների երազանքների լուռ վկաներն են. մաղթենք նրանց հաջող քննաշրջան…

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: