01/12/2025

Երթ` ընդդեմ հոսանքի թանկացման

Երթ` ընդդեմ հոսանքի թանկացման

«Ոչ թալանին», «Ձեռքներդ հեռու մեր գրպաններից», «Չենք վճարելու ուրիշի փոխարեն». այսպիսի բովանդակությամբ պաստառներով եւ վանկարկումներով Սիսիանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ մայիսի 27-ին կազմակերպված երթի մասնակիցները «Որոտան» կինոթատրոնի հրապարակից ոտքով հասան մինչեւ Սիսակ Նահապետի անվան հրապարակ: Մի քանի հարյուրի հասնող բնակիչների ստորագրությամբ հոսանքի անհիմն թանկացման դեմ նամակ փոխանցեցին տեղական իշխանություններին: Նամակում նշված էր. «Փորձ է արվում ժողովրդին պարտադրել էլեկտրաէնեգիայի նոր սակագին` 40 %-ով ավելի: Ներկա սակագինն էլ չհիմնավորված է. այն չունի տնտեսական հիմնավորում եւ պայմանավորված է բացառապես ՀԷՑ-ում տիրող ամենաթողությամբ, լայնածավալ կոռուպցիայով, որը տեղի է ունենում ՀՀ կառավարության գիտությամբ: Հատկապես մարզերի բնակչության համար, ովքեր ապրում են առավել ծանր սոցիալական պայմաններում, որտեղ գործազրկությունն ավելի մեծ ծավալների է հասնում, նման թանկացումը կունենա ծանր հետեւանքներ եւ էլ ավելի մեծ թվով քաղաքացիների կստիպի լքել իրենց հայրենիքն ու բռնել արտագաղթի ճամփան` այլեւս հետ չվերադառնալու տրամադրությամբ: ՀՀ իշխանություններից պահանջում ենք դադարեցնել էլեկտրաէներգիայի թանկացմանն ուղղված բոլոր միջոցառումները, հետաքննություն սկսել ՀԷՑ-ում տիրող ֆինանսական վիճակի, հնարավոր կոռուպցիոն գործարքների եւ ֆինանսական մեքենայությունների վերաբերյալ: Քաղաքապետից պահանջում ենք Սիսիան քաղաքի բնակչության տեսակետն այս հարցում հասցնել իշխանության պատկան մարմիններին եւ նրանց փոխանցել վերը նշված պահանջները»:

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ սիսիանցի երիտասարդները վստահեցնում են` չեն նահանջելու եւ հոսանքի թանկացման դեպքում դիմելու են ծայրահեղ քայլերի:

ԱՐՄԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: