01/12/2025

Բեմահարթակին արվեստի դպրոցի սաներն էին

Բեմահարթակին արվեստի դպրոցի սաներն էին

Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետթատրոնի բեմահարթակը հունիսի 2-ին տրամադրվել էր Կապանի մանկական արվեստի դպրոցի սաներին: Նրանք հանդիսականին ներկայացրին Ռոբերտ Պետրոսյանի «Մկնիկ հարսնացուն» երաժշտական թատերախաղը (գեղարվեստական ղեկավար՝ Մարինա Նահապետյան): Բեմադրության կայացմանը նպաստել են արվեստի դպրոցի վոկալի դասատու Լարիսա Առուստամյանը, պարուսույց Թամարա Ստեփանյանը: Բեմադրական աշխատանքներում օգնել են Կապանի պետթատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը, դերասան Արամ Հայրապետյանը: Դեռեւս ապրիլի կեսին Կապանի արվեստի դպրոցն այս թատերախաղով Գյումրիում մասնակցել էր Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին եւ «Երաժշտական թատրոն» անվանակարգում առաջին մրցանակային տեղ գրավել եւ դիպլոմի արժանացել:

Մինչեւ թատերախաղի սկսվելը փառատոն-մրցույթի շնորհակալագիրը հանձնվեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին, մրցույթ-փառատոնի դիպլոմներ հանձնվեցին մանկական արվեստի դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանին, դպրոցի սաներ Էրիկ Հարությունյանին, Բորիս Մովսիսյանին: Օգտվելով պատեհ առիթից՝ Մարինա Նահապետյանը շնորհավորեց բոլոր մանուկներին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ եւ հայտնեց, որ թատերախաղը նվիրվում է այդ օրվան: Թատերախաղ ուրախ պահեր պարգեւեց մանուկ եւ տարեց հանդիսականին: Երաժշտական ներկայացման մեջ ընդգրկված էր արվեստի դպրոցի տասնմեկ սան: Որպես դափնեկիր, Կապանի արվեստի դպրոցի սաները հունիսի վերջին հրավիրվել են Բաթումի՝ թատերախաղը ներկայացնելու վրաց հանդիսականին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: