08/03/2020

Ոստիկաններն ուժ գործադրեցին ցուցարարների նկատմամբ

Ոստիկաններն ուժ գործադրեցին ցուցարարների նկատմամբ

Ոստիկանության նախնական տեղեկություններով, այս պահի դրությամբ` Բաղրամյան պողոտայում նստացույցը ցրելու ընթացքում բաժիններ է տարվել 237 անձ:

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ բաժին տարված անձանցից 7-ը դիմել է բուժօգնության, նրանցից 3-ը հիվանդանոց է տեղափոխվել:

Գործողության ընթացքում տուժել եւ վնասվածքներ է ստացել 11 ոստիկան:

Այսօր վաղ առավոտյան ոստիկանությունը ֆիզիկական ուժի եւ հատուկ տեխնիկայի գործադրմամբ ցրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում:

Երեկ երեկոյան լրացավ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս ելած «Ո՛չ թալանին» նախաձեռնության հայտարարած վերջնաժամկետը, եւ ցուցարարները, չնայած ոստիկանության նախազգուշացումներին, շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր: Ոստիկանները փակեցին փողոցը, եւ ցուցարարները, հանդիպելով նրանց շղթային, որոշեցին նստել հենց փողոցի մեջտեղում: Ժամեր տեւած բանակցություններից հետո, երբ ակտիվիստները հրաժարվեցին բացել Բաղրամյան պողոտան, որտեղ ինքնաբուխ նստացույց էին անցկացնում, ոստիկանությունը նախազգուշացրեց, որ ցույցն անօրինական է, եւ սպառնաց «օրենքով նախատեսված կերպով» ուժ գործադրել, ինչին առավոտյան ժամը 5:30-ին մոտ հետեւեց ցրման գործողությունը՝ հատուկ տեխնիկայի, ջրցան մեքենայի օգտագործմամբ:

Ցուցարարները պահանջում էին չեղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հունիսի 17-ի որոշումը, երբ մի քանի ժամ տեւած քննարկումից հետո ՀԾԿՀ-ն միաձայն կողմ քվեարկեց 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի հունիսի 23-ի թողարկման

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: