01/15/2025

Հայաստանի պետական սահմանը պաշտպանելիս զոհվել է Արման Եփրեմյանը

Հունիսի 29-ին հայրենի Անգեղակոթ գյուղում հողին հանձնվեց հակառակորդի գնդակից հունիսի 26-ին զոհված Արման Մայիսի Եփրեմյանը:

Նախօրյակին՝ հունիսի 28-ին, Արման Եփրեմյանի հոգեհանգստյան արարողությանը, որ վարում էր Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը, մասնակցում էին նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ՀՀ ԶՈւ 1-ին եւ 4-րդ բանակային կորպուսների հրամանատարներ Տիգրան Փարվանյանը, Անդրանիկ Մակարյանը, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ԵԿՄ Սիսիանի կառույցի ղեկավար Աշոտ Մինասյանը:

Հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում հակառակորդը Հայաստան-Նախիջեւան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաեւ մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում զոհվել է նաեւ ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրեմյանը՝ ծնված 1987թ.:

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցել է զոհված հայորդու հարազատներին ու ծառայակիցներին եւ նշել, որ հակառակորդի ոտնձգություններն անպատասխան չեն մնում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին հրամանագիր է ստորագրել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արման Եփրեմյանին՝ Հայրենիքի սահմանները պաշտպանելիս, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության եւ անձնազոհության համար հետմահու Արիության մեդալով պարգեւատրելու մասին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: