08/04/2020

Փառատոնը դառնում է ավանդական

Փառատոնը դառնում է ավանդական

Հուլիսի 4-ին Գորիսում անցկացվեց «Սյունիքի բարիքներ (թութ)» փառատոնը՝ «Արենի փառատոն» հիմնադրամի աջակցությամբ եւ Գորիսի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Մասնակցում էին մարզկենտրոն Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ, Սիսիան քաղաքները, Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Շինուհայր, Վերիշեն, Ակներ, Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ համայնքներն իրենց տաղավարներով: Փառատոնի ծրագրով պիտի մասնակցեր Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը, բայց նրան հատկացված տաղավարը դատարկ էր, թափուր էր եւս մի քանի տաղավար: Ինչեւէ, մասնակցում էին նաեւ անհատ ստեղծագործողներ: Միրումյան Միհրանն իր փայտափորագրական, քիչ այն կողմ՝ Վարդիկ Պողոսյանը կավից պատրաստած խեցեգործական աշխատանքներն էր ներկայացնում: Մեղրու մշակույթի կենտրոնի աշխատակից Աննա Համբարձումյանը փոխանցում է, որ Մեղրին փառատոնին մասնակցում է իր քաղցրահամ մրգերով, գինիներով, մուրաբաներով: Կապան քաղաքի տաղավարում ցուցադրված էին տարածաշրջանի բարիքները, նաեւ «Սլադկոֆֆ» ֆիրմայի խմորեղենը: Իրադարձություններից առաջ ընկնելով ասենք, որ վերջում կապանցիներն արժանացան («Ազգային խմորեղեն) մրցանակի:

«Սիսիանի ռեսուրս կենտրոնը» փառատոնին ներկայացրել էր հայկական զարդանախշերով կարպետներ: Կենտրոնում քսան կին աշխատում է գործարքային հիմունքներով, եւս քսան կին յուրացնում է կարպետ գործելու արվեստը: Սովորում են Մարաշի ասեղնագործությունը: «Մեր նպատակը ոչ միայն աշխատատեղեր ստեղծելն է, այլեւ ազգային-ավանդականը պահպանելը: Մարաշի ասեղնագործությունը սփյուռքահայերն են բերել Հայաստան: Մենք սովորել ենք ստեղծագործել եւ ուսուցանում ենք ուրիշներին, որ հարատեւի այդ արվեստը», - ասում է «Սիսիանի ռեսուրս կենտրոն»-ի տնօրեն Սրբուհի Գրիգորյանը, - շուտով կարպետագործությանը զուգահեռ կսկսենք զբաղվել գորգագործությամբ, այդպիսով կանանց համար զբաղվածության հարց կլուծենք: Ներկումից, մանումից, գործելուց մինչեւ դիզայնը մենք ենք անում»:

Աշխույժ մթնոլորտ էր Վերիշեն համայնքի տաղավարի մոտ, որտեղ այցելուները համտեսում էին համայնքի բարիքները: «Այսօր գյուղացին արտադրում է՝ ակնկալիք ունենալով, որ վաճառելու է իր արտադրանքը: Փառատոնը նպաստում է, որ մարդիկ էկոլոգիապես մաքուր սնունդ վայելեն, գյուղացին էլ իր արտադրանքի իրացման շուկա ձեռք բերի, - ասում է Վերիշեն համայնքի ղեկավար Արարատ Օրդյանը եւ հավելում, - եթե գյուղացին իմանա, որ իր արտադրանքը վաճառվելու է, դրա ծավալները կրկնապատկելու, եռապատկելու, քառապատկելու են: Փառատոնի կազմակերպումը շնորհակալ գործ է: Առաջիկայում կազմակերպվող նման փառատոների ավելի հարուստ տեսականիով պիտի մասնակցենք»:

Փառատոնի հյուրերը գորիսեցի Սեյրան Պետրոսյանի տնամերձում ականատես եղան թութ թափելուց մինչեւ օղու թորման գործընթացին եւ տեղում վայելեցին այդ ինքնատիպ խմիչքը: Այնուհետեւ Գորիսի կենտրոնական զբոսայգու մարզահրապարակում տեղի ունեցավ փառատոնի բացման արարողությունը: Փառատոնի հյուրերին, մասնակիցներին օրհնանքի եւ բարեմաղթանքի խոսքեր հղեցին Գորիսի հոգեւոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը եւ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը: Համայնքի ղեկավարը ներկաներին հիշեցրեց, որ անդրանիկ փառատոնը տեղի էր ունեցել անցած տարի՝ օգոստոսի 23-ին, երբ թութն արդեն վերջացել էր: Եվ հայտնեց, որ այսուհետ հուլիսի առաջին շաբաթ օրը միշտ տոնվելու է թթի փառատոնը: Նա հընթացս տեղեկացրեց, որ մի քանի ժամ առաջ է վերադարձել Բելառուսից՝ Գորիսի քույր քաղաք Նեսվիժից, որտեղ տոնվում էր այդ քաղաքի օրը: Նաեւ հայտնեց, որ բելառուս բարեկամները եւ հյուրերը համտեսել են Գորիսի թթի օղին եւ կարծիք հայտնել, որ շատ քիչ է զիջում մեծահամբավ հայկական կոնյակին:

Մինչ փառատոնի մասնակիցները վայելում էին սյունյաց բարիքները, ճեպազրույց ունեցանք փառատոնի մասնակից հյուրերի հետ:

Գագիկ Գինոսյան («Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ)

Կարծում եմ՝ յուրաքանչյուր փառատոն պիտի խրախուսվի, առավել եւս այն փառատոները, որոնք մայրաքաղաքից ավելի հեռու են տեղի ունենում, եւ առավել եւս՝ ինձ համար հարազատ մարզերից մեկում՝ Սյունիքում: 1987 թվականից Գարեգին Նժդեհի գործերն եմ կարդում, ուսումնասիրում, եկել եմ Կապան, բարձրացել Խուստուփ, եւ այն, ինչ վերապրել եմ Խուստուփի գագաթին, աննկարագրելի է: Իմ ինտերնետային կայքէջում երկու իմ լուսանկարը կա. մեկը՝ Արարատի, մյուսը՝ Խուստուփի գագաթին: Ինձ համար Սյունիքը հայի լինելությունը վերահաստատած մի աշխարհ է, եւ պատահական չէ, որ Նժդեհն այստեղ է իր հերոսամարտը տվել: Վստահ եմ՝ այնպիսի հերոսամարտ, որպիսին եղել է Սյունիքում, դժվար է պատկերացնել, եւ Արցախյան պատերազմն ընդամենը շարունակությունն է Սյունյաց հերոսամարտի: Վստահ եմ, որ այստեղ դեռ թեւածում է նժդեհյան ոգին: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ մարդ պիտի սատարի մարզերի հզորանալուն, քանզի մեր երկրի սահմանները մարզերն են պահում: Երեւանում ազատ եւ ինքնավստահ ենք ապրում, բայց ասեմ, որ այդ ինքնավստահության ակունքն այստեղ է: Մենք պիտի արժեքն իմանանք մեր երկրի այն հատվածների, որ ամեն վայրկյան թշնամու ոտնձգությանը կարող է ենթարկվել: Յուրաքանչյուր հայ մարդ, ով պատասխանատվություն է զգում Հայաստանի ճակատագրի համար, պետք է ամուր կապվի հեռավոր մարզերի, առավել եւս Սյունյաց աշխարհի հետ:

Կամո Արզումանյան (Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն)

Հյուրախաղերով Արցախում էինք, վերադարձի ճանապարհին հայտնվեցի այս փառատոնում: Հաջողությամբ անցան Կապանի պետթատրոնի հյուրախաղերը, բարեգործական ակցիա կատարեցինք Արցախի պաշտպանության բանակի զորամասերի համար, չէինք մոռացել նաեւ բանակի սպաների ընտանիքները, նրանց երեխաների համար բեմադրեցինք Թումանյանի հեքիաթները: Սա թատրոնի կոլեկտիվի երկրորդ այցն է Լեռնային Ղարաբաղ, որն իրականացվեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի նախաձեռնությամբ: Նաեւ հանդիպեցինք Արցախի բանակի նորանշանակ հրամանատար Լեւոն Մնացականյանի հետ, ով խրախուսեց Կապանի թատրոնի առաքելությունը:

Մեխակ Ապրեսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ)

Մենք մի շարք կարեւորագույն խնդիրներ ունենք լուծելու, որոնք պետական մարմինների, մասնավոր հատվածի, բնակչության լայն շերտերի շահերից է բխում: Դա այն է, որ պիտի զարգացնենք, ամրապնդենք մեր ավանդույթները, զբոսաշրջությունն ապակենտրոնացնենք դեպի հանրապետության մարզեր, նպաստենք տնտեսության համաչափ զարգացմանը, որ դրանք ավելի գրավիչ ու մրցունակ լինեն միջազգային շուկայում: Այս փառատոնը թվարկածս բոլոր խնդիրներին առնչվում է, համախմբում է բոլորին, հնարավորություն է տալիս հյուրընկալող քաղաքի շրջակա համայնքներին ներկայացնել իրենց ներուժը, մանավանդ որ կազմակերպվում է նման հրաշալի քաղաքում, նման հյուրընկալ ժողովրդի հետ, որտեղ կա ավանդույթ, պատմություն, մշակույթ: Մնում է եղածը շատ լավ ներկայացնել, ավանդույթը պահպանել: Տարիներ հետո կտեսնեք, որ այն մեծ նշանակություն ունեցող փառատոն կդառնա, ինչին մենք միահամուռ ուժերով պիտի հասնենք: Խնդիրը բնավ այն չէ, որ ուրախանանք այս օրը, այլ ողջ տարվա համար ներկայացնենք մեր հնարավորությունները, զբոսաշրջային ներուժը: Սա շատ կարեւոր է:

Փառատոնի երաժշտական-գեղարվեստական ծրագիրը եւս հագեցած էր, պարային ելույթներով հանդես եկավ հայկական ժողովրդական երգի-պարի «Կարին» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Գագիկ Գինոսյան): Գորիսի գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գուսանի անունը կրող ժողգործիքների անսամբլը (մեներգիչներ՝ Անուշ Ներսիսյան, Արթուր Դադալյան, Սուսաննա Ղումաշյան, Մերի Նուրիջանյան, Մարուսյա Նուրիջանյան, խմբի ղեկավար՝ Սաշիկ Սարգսյան) փառատոնի մասնակիցներին ներկայացրին ժողովրդական երգերի ընտրանի: Ցուցադրական ելույթով հանդես եկավ լարախաղաց-աճպարար Վլադիմիր Հակոբյանը: Փառատոնի փակումից առաջ տարբեր անվանակարգերով («Լավագույն ձեւավորված տաղավար», «Լավագույն ավանդական ուտեստ», «Լավագույն տարազ», «Լավագույն կերակրատեսակ», «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ», «Պստիկ, ճստիկ մասնակից», «Ամենահայկական տաղավար», «Լավագույն թթի օղի» եւ այլն) մրցանակներ հանձնվեցին: Ի դեպ, հաղթողներին հանձնվող պատվոգրերում նշված էր՝ «Սյունյաց ավանդույթներ» փառատոն: Կարծում ենք, որ սա ակնարկ է այն մասին, որ փառատոնն ավանդական դառնալու արդեն լուրջ հայտ է ներկայացրել:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: