01/12/2025

Մարզի երեխաների ամառային հանգիստը

Մարզի երեխաների ամառային հանգիստը

Ամառային հանգիստը կազմակերպելու համար արդեն 10 տարի է՝ մարզի երեխաները հնարավորություն ունեն ՀՀ պետբյուջեի հաշվին հանգստանալու Հանքավանի «Լուսաբաց» եւ «Հասմիկ» ճամբարներում երեք հերթափոխով՝ 20-ական օրով: Հիմնականում ընդգրկվում են զոհված, Արցախյան պատերազմում հաշմանդամ դարձած, ծնողազուրկ, բազմազավակ ու սոցիալապես անապահով ընտանիքների 7-13 տարեկան երեխաները:

Այս տարի առաջին հերթափոխը մեկնարկել է հունիսի 19-ին, որին մասնակցել է 70 երեխա: Երկրորդ հերթափոխը կընդգրկի հուլիսի 8-ից մինչեւ 27-ն ընկած ժամանակահատվածը, որին կմասնակցի 55 երեխա: «Երկրորդ հերթափոխին մարզի երեխաների թիվը 15-ով նվազել է, քանի որ Արցախից նույնպես կմասնակցեն այս հերթափոխին: Անցյալ տարի առաջին հերթափոխին նույնպես նվազել էր, քանի որ սիրիահայեր եւ ջավախահայեր են մասնակցել», - նշեց մարզպետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետ Վովա Այվազյանը:

Երրորդ հերթափոխը կընդգրկի հուլիսի 27-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածը, եւ մարզից կմեկնի 70 երեխա: «Ճամբարային պայմանները լավ են, երեխաները հաճելի ժամանակ են անցկացնում, թեպետ սկզբնական շրջանում դժվարությամբ են հարմարվում: Դժվար հարմարվելու հիմնական պատճառը կարոտն է», - նշեց Վ.Այվազյանը:

Բացի պետբյուջեի հաշվին ճամբարային հանգստից՝ Հայ ավետարանչական ընկերակցությունը Շուշիում կազմակերպում է ճամբար՝ հինգ հերթափոխով՝ յուրաքանչյուրը յոթ օր: Եկեղեցու միջոցներով բակային ճամբարներ են կազմակերպվում Գորիսում, Կապանում, Սիսիանում, որոնց մասնակցում է 60-ական երեխա:

Բակային ճամբար այս տարի նույնպես կկազմակերպվի Քաջարանում երեք հերթափոխով՝ յուրաքանչյուրը՝ 12 օր: Քաջարանի թիվ 1 եւ 2 միջնակարգ դպրոցներում անցկացվող ճամբարների ամեն հերթափոխին մասնակցում է 130-ական երեխա: Կապանում այս տարի բակային ճամբար չի լինի մշակույթի կենտրոնի վերանորոգման աշխատանքի պատճառով:

Թվով 40 երեխայի հանգիստ կկազմակերպի Հայ օգնության ֆոնդը:

«Գանձասար» ճամբարը վաղուց արդեն չի ծառայում որպես ճամբար եւ, թերեւս զարմանալի է այն երեւույթը, որ երեք խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկություն ունեցող մարզում երեխաների հանգիստը կազմակերպելու վայր չկա: Հուսով ենք, այդ հարցը երբեւէ լուծում կստանա:

Ի դեպ, նշենք, որ Հանքավանի «Լուսաբաց» եւ «Հասմիկ» ճամբարները նույնպես մասնավոր սեփականություն են, բայց «ծառայում» են մեր երեխաներին:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ    

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: