08/04/2020

Առաջաձոր. 123 տնից 65-ը փակ դուռ ունի

Առաջաձոր. 123 տնից 65-ը փակ դուռ ունի

Կապանի տարածաշրջանի Առաջաձոր գյուղը Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատության մեջ հիշատակվում է Տաթեւի վանքի հարկացուցակում՝ Բաղք գավառի բնակավայրերի ցանկում Պարքոն գրությամբ, որ Տաթեւի վանքին մուծում էր վեց միավոր հարկ: Առաջաձորի բնակիչների մի մասը բնիկ է, մյուս մասը եկել է տարբեր տեղերից՝ Ղարաբաղի Առաջաձոր գյուղից (1760-1770-ին), Գողթնից (1805-1806-ին), Ղարադաղից (1829-ին):

Հետաքրքիր է, որ Առաջաձորից նաեւ արտագաղթել են. 20-րդ դարի սկզբներին Գորիս-Կապան խճուղու միջնամասից ձախ ստեղծվել է Նոր Առաջաձոր գյուղը, որի բնակիչները եկել էին Կապանի Առաջաձոր գյուղից: 1960-ական թվականների վերջերին Նոր Առաջաձորը գյուղերի խոշորացման հետեւանքով լքվել է:

Ըստ Թադեւոս Հակոբյանի «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»-ի՝ գյուղը 1897թ. ուներ 627 բնակիչ, 1926-ին՝ 561, 1937թ.՝ 575, 1959թ.՝ 351, 1970-ին՝ 316, 1979 թվականին՝ 202 բնակիչ: Առաջաձոր գյուղը նախկինում հայտնի էր այգեգործությամբ, ջուլհակագործությամբ, ինչպես նաեւ առեւտրով: «Առաջաձոր երկիրը պտղաբեր է եւ հավելված պտուղն առաքի ի կողմանի Նախճվանա: Ունի եւ ընտիր ձեռագործ անվանյալ Կապանա կտավ» (Ղեւոնդ Ալիշան, «Սիսական», Վենետիկ, 1893): Խորհրդային տարիներին Առաջաձորի կոլտնտեսությունը միավորվել էր Նորաշենիկի կաթնանասնապահական պետական տնտեսության հետ: 1991-ին որպես առանձին վարչական միավոր ստեղծվել է Առաջաձորի գյուղական խորհուրդը՝ տարանջատվելով Նորաշենիկի գյուղխորհրդից:

2002 թվականից Առաջաձորի համայնքապետը Դավիթ Մովսեսյանն է:


Այցեքարտ

Դավիթ Մովսեսյան. ծնվել է 1959թ. Կապանի Առաջաձոր գյուղում: Ութամյա կրթություն է ստացել գյուղի, միջնակարգ՝ N27 գիշերօթիկ դպրոցում: 1977-79թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1980 թվականին ընդունվել եւ 1984 թվականին ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի մաթեմատիկայի ֆակուլտետը: Գործուղվել է աշխատելու Առաջաձորի միջնակարգ դպրոց, որտեղ մաթեմատիկա է դասավանդել հինգ տարի: 1989 թվականին ընտրվել է Նորաշենիկի միացյալ գյուղխորհրդի նախագահ մինչեւ 1993 թվականը, երբ Առաջաձորի գյուղխորհուրդը տարանջատվեց Նորաշենիկից: 1993-1996թթ. եղել է Առաջաձորի գյուղխորհրդի նախագահ: 1997-2002թթ. աշխատել է Կապանի անշարժ գույքի կադաստրում՝ առաջատար մասնագետ: 2002 թվականին ընտրվել է Առաջաձոր համայնքի ղեկավար եւ պաշտոնավարում է մինչեւ այսօր:


Առաջաձորի երեւելի մարդիկ

Առաջաձորը հայտնի է իր երեւելի մարդկանցով: Նախախորհրդային շրջանում գյուղում կարեւոր դեր էին խաղում Մելիք-Ստեփանյանները: Նրանցից են՝ Անդրիաս (Անտոն) բեկ Մելիք-Ստեփանյանը (նահանգային քարտուղար), նրա եղբայրները՝ Մանուչար բեկ եւ Դավիթ բեկ Մելիք-Ստեփանյաններ, ազգականը՝ Ստեփան բեկ Մելիք-Ստեփանյան: Մելիք-Ստեփանյանների տոհմից Գերմանիայում կրթություն էր ստացել Սմբատ բեկ Մելիք-Ստեփանյանը (լեռնային ինժեներ), ով հետագայում դարձավ ճանաչված մտավորական, հասարակական-քաղաքական գործիչ: Ցավոք, նա էլ զոհ գնաց ստալինյան բռնաճնշումներին: Գյուղում է գտնվում Մելիք-Ստեփանյանների տոհմական դամբարանը: Գյուղի կենտրոնում է Մելիք-Ստեփանյանների կառուցած Սուրբ Ստեփանոս եկեղեցին (1480թ.):

Առաջաձորում են ծնվել նաեւ անասնաբուծական-անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաղինակ Ոսկանյանը, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Հրանտ Ոսկանյանը, ճանաչված ֆուտբոլիստ եւ մարզիչ Գրիգոր Համբարձումյանը, Ռոբերտ Էջանանցին:

Գյուղի կենտրոնում Հայրենական մեծ պատերազմում զոհված առաջաձորցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողն է՝ կառուցված է 1959 թվականին, ըստ Ա.Մկրտչյանի «Կապանցիները Հայրենական մեծ պատերազմում» հուշամատյանի: Նույն այդ աղբյուրի համաձայն՝ Երկրորդ աշխարհամարտին Առաջաձոր գյուղից մասնակցել է 111 հոգի, որից 11-ը՝ աղջիկ: Մեծ հայրենականի ռազմադաշտերից չվերադարձավ 50 մարտիկ, զոհվածներից 28-ը չէր հասցրել ընտանիք կազմել…

Մերօրյա ազատամարտում՝ Արցախյան պատերազմում, գործուն մասնակցություն ունեցան առաջաձորցիները: Մեծ հայրենականի հուշարձան-կոթողի կողքին կա հուշատախտակ, որին դաջված են Արցախյան գոյամարտում ընկած առաջաձորցիների անունները՝ Սոս Բաբայան, Աշոտ Գրիգորյան, Հարություն Հարությունյան:

Վերջին ժամանակներս գյուղի գերեզմանատան մուտքի մոտ եւս մի հուշաքար-հուշաղբյուր է կանգնեցվել՝ եզակի իր տեսակի մեջ: Այն նվիրված է ստալինյան բռնություններին ենթարկվածների հիշատակին: «Անմեղ մեղավորների հիշատակին» գրության տակ կարդում ենք առաջաձորցի բռնադատվածների անունները՝ Մելիք-Ստեփանյան Սմբատ, Ոսկանյան Դավիթ, Ոսկանյան Մուշեղ, Սահակյան Ստեփանոս, Բախշյան Սարգիս, Խաչատրյան Արշակ, Կոստանյան Անտոն, Շահնազարյան Շահեն, Գրիգորյան Արամ: Միանգամայն գովելի է անգերեզման այդ մարդկանց հիշատակի հավերժացումը: Գյուղապետ Դավիթ Մովսեսյանը տեղեկացնում է, որ մեկ կիլոմետր հեռավորությունից ջուր են քաշել, ջրահեռացման հարցը լուծելուց հետո հուշաղբյուրը կհագեցնի գերեզմանատուն այցելողի ծարավը…


Գյուղը գնալով մարում է…

Համայնքի բնակչությունը տխուր վիճակագրական պատկեր է ներկայացնում: 180 բնակիչ է գրանցված գյուղում: 20-րդ դարի առաջին կեսին բնակչության թիվն անցնում էր 500-ից, երկրորդ կեսում գնալով նվազել է:

Ծերացած գյուղ է Առաջաձորը, որի բնակիչների 90 տոկոսը թոշակառու է, 123 տնից 65-ը փակ դուռ ունի, օջախի վերջին տարեց անդամը մահանալուց հետո տան դուռը փակվում է առհավետ: «Հնարավոր է, որ զավակները գան, ամռանը մի երկու շաբաթ հանգստանան, - փոխանցում է մեր զրուցակիցը, - բայց դա խնդրի լուծում չէ»: Առաջաձորում դպրոցահասակ երեխա համարյա չկա: Եղածները հաճախում են Օխտար համայնքի դպրոցը: Համայնքապետն ասում է. «Երբ դուրս եկա դպրոցից, դեռեւս աշակերտներ կային, դպրոցը փակվել է 1990-ականների կեսին: Ունեինք տիպային դպրոցի շենք, որ այժմ քանդված-գնում է», - ափսոսանք կա նախկին մանկավարժի խոսքում: Մինչդեռ գյուղի ութամյա դպրոցը հիմնադրվել է 1898 թվականին: Անցյալ դարի առաջին քառորդում 30-ից ավելի աշակերտ է ունեցել…


Պտղի հարցում գյուղացին մնում է Աստծո բարեհաճության հույսին

80-ականի կեսերին գյուղամիջում տեղ չկար, բոլորը տեղափոխվել էին գյուղ, մի թիզ հողի համար գյուղապետի բնորոշմամբ՝ գլուխ էին ջարդում, այգեգործական տնտեսություններ էին ստեղծվում, մարդիկ հողատարածք էին վերցնում առանձնատուն կառուցելու համար, մի մասը հասցրեց կառուցել, շենքերի մի մասի շինարարությունն անավարտ էլ մնաց: Իրողությունն այն է, որ այսօր գյուղն ունի 90 հեկտար վարելահող, որը վեր է ածվում խոտհարքի, բնականաբար, խոսք չի կարող լինել գարնանացանի կամ աշնանացանի մասին: Համայնքում տնամերձերի հողերն են մշակվում՝ մոտ 10 հեկտար: Գյուղաբնակն իր մեկ-երկու գլուխ անասունի ձմռան խոտի պաշարը դրսից է ձեռք բերում (սա եւս խոսուն փաստ է գյուղի ծերացման մասին):

Գյուղացու եկամտի մյուս «աղբյուրը» այգեգործությունն է. տնամերձերում տնկված ծառերը, տարի չկա, որ չտուժեն ցրտահարությունից, կարկտից, երաշտից: «Մենք ծառ չենք կարողանում խնամել, մշակել, դա մեր թերությունն է, - եզրակացնում է Դ.Մովսեսյանը, - չգիտենք ծառի լեզուն: Ծառերը չենք սրսկում՝ վնասատուների դեմն առնելու համար, ժամանակին չենք ոռոգում: Մնում ենք Աստծո բարեհաճության հույսին: Ինչ վերաբերում է բանջարաբոստանային մշակաբույսերին, յուրաքանչյուրն իր ընտանիքի պահանջարկի չափով ցանում եւ փոքրիշատե բերքն էլ ստանում է: Հարկ եղած դեպքում բաժին են հանում քաղաքաբնակ իրենց զավակներին: Այսօր քաղաքաբնակի համեմատ գյուղաբնակ թոշակառուն ավելի ապահովված է իր տնամերձի հաշվին»:

Գյուղի անասնագլխաքանակը հետեւյալ պատկերն է ներկայացնում՝ 28 խոշոր եղջերավոր, մեղվաընտանիք՝ մոտ 300, մոտ 200 թեւ ընտանի թռչուն, խոզ եւ մանր եղջերավոր անասուն չեն պահում: Այս ամենը թվարկելուց հետո ավելացնում են, թե գյուղում երեք ձի է մնացել, հինգ ավանակ: Ահա այս է առաջաձորցու ողջ տնտեսությունը:

Այս ամենի ֆոնին հուսադրողն այն է, որ համայնքը խմելու եւ ոռոգման ջրի խնդիր չունի, ներքին ցանցն էլ լրիվ նորոգվել է: 13 կիլոմետր հեռավորությունից (Չանախչիից) ոռոգման ջուր է հասցվել Առաջաձոր, եւ թեպետ այսօր վթարները հաճախադեպ են, բայց կարողանում են ժամանակին նորոգել ջրագիծը: Խմելու ջուրը գյուղ է հասնում յոթ կիլոմետր հեռավորությունից, մի անգամ խմելու ջրագիծը ներառվեց նորոգման ծրագրի մեջ, եւ հիմա ջրի կորուստներ չեն ունենում: Վերջին ժամանակներս մասնակի նորոգվել է գյուղի մշակույթի տունը, դրա տանիքը, կենցաղի տունն է հիմնանորոգվել, մայրուղուց դեպի գյուղ տանող ճանապարհը համեմատաբար բարվոք վիճակում է, յուրաքանչյուր տարի 200-250 քառակուսի մետր փոսային նորոգում են անում: Գյուղամիջի եկեղեցին ձեռնարկել են նորոգել, բայց գործը տակավին ավարտին չի հասցված… Գյուղը գազիֆիկացված չէ, ավելին՝ հայտնի չէ, թե երբ առաջաձորցին կօգտվի կապույտ վառելիքից: Ավանդական վառելիքը՝ անտառից հայթայթած ցախն է մնում այս կողմերի մարդկանց օջախում բարեհարմարություն ստեղծելու միակ միջոցը:


Ո՞րն է իրավիճակից դուրս գալու ելքը

Գյուղը դատարկման եզրին է, ավելի վատ վիճակ դժվար է պատկերացնել: Ո՞րն է դրանից դուրս գալու ելքը: «Եթե դու լինեիր պետության նախագահը կամ ունենայիր հզոր իշխանություն, ի՞նչ կանեիր», - հարցն ուղղում ենք համայնքապետին: Մի քանի բան է ասում նա՝ փոքր արտադրություն ստեղծել գյուղում, գյուղաբնակին ժամանակավորապես ազատել հարկերից, գյուղացուն վարկերն ավելի ցածր տոկոսով հատկացնել: Երկու-երեք երիտասարդ ընտանիք գյուղ տեղափոխվելով վիճակը չի շտկվի, իրավիճակը չի փոխվի. հակադարձում է մեր զրուցակիցը: Ի դեպ, գյուղատնտեսական վարկի առումով նա իր նկատառումներն ուներ: Ըստ նրա՝ արտոնյալ կոչվող գյուղատնտեսական վարկը (16 տոկոսանոց) հասանելի չի գյուղացուն, քանզի նրա գյուղական տունը կամ տնամերձը բանկը գրավ չի վերցնում: «Այսօր քաղաքացիներն են առավելապես օգտվում գյուղատնտեսական կոչված վարկերից: Իսկ 20 կամ 24 տոկոսանոց վարկ վերցնելիս յուրաքանչյուր ամիս պիտի տոկոս փակես: Ենթադրենք վարկի տրամադրած միջոցներով գյուղացին կով է ձեռք բերել, պիտի ահռելի կովը ծնի, կաթը մշակի կամ վաճառի, կովը մորթելու դեպքում՝ միսն իրացնի, որ կարողանա վարկը փակել: Մեր գյուղերում վարկ կարող է վերցնել միայն նա, ով մեծ թվով անասուններ է պահում: Այլ դեպքում վարկ վերցնելը մեծ ռիսկի հետ է կապված», - համոզված է Դավիթ Մովսեսյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ


Խմբագրության կողմից

Զարմանալի բան է կատարվում մեզանում. լեռնային գյուղերը եւ հատկապես Կապանի տարածաշրջանի գյուղերն արագընթաց տեմպով մահանում են: Իսկ մենք… համայնքի ղեկավարին ենք հարցնում՝ «Ո՞րն է իրավիճակից դուրս գալու ելքը»: Գյուղապետերն էլ պատասխանում են այնքանով, որքանով…

Իրականում, մինչդեռ, Հայաստանի համար ռազմավարական նշանակության այդ հարցը վերաբերում է նախեւառաջ հանրապետության ղեկավարներին, կառավարությանը:

Եվ հարցը մեկ պատասխան ունի՝ լեռնային ամեն մի գյուղի համար փրկության ծրագիր մշակել եւ իրագործել, եթե, իհարկե, անկեղծորեն ուզում ենք փրկել լեռնային գյուղերը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: