01/15/2025

Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը եւ Արաքս գետի վրա կառուցվելիք հէկերի ճակատագիրը

Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը եւ Արաքս գետի վրա կառուցվելիք հէկերի ճակատագիրը

Արաքս գետի հիդրոներուժի օգտագործման հայ-իրանական ծրագիրը մեկնարկել է 2001 թվականին: 2007-ին եւ 2008-ին այդ նպատակով ստորագրվեց միջկառավարական երկու համաձայնագիր, որոնք ժամանակին վավերացվեցին երկու երկրների խորհրդարանների կողմից: Ըստ տեխնիկատնտեսական հիմնավորման՝ Արաքս գետի վրա նախատեսվում է կառուցել երկու հէկ. հայկական կողմում՝ Մեղրու հէկը, Իրանի կողմում՝ Ղարաչիլարի հէկը:

2012թ. նոյեմբերի 7-ին Մեղրու տարածաշրջանի Ալվանք համայնքի տարածքում տեղի ունեցավ Մեղրու հէկի հիմնարկեք, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջուդ Նամջուն:

Նախատեսվում էր հէկի շինարարությունն իրականացնել հինգ տարվա ընթացքում:

Հիմնարկեքի ժամանակ ելույթ ունեցողները խոսեցին նավթամթերատար խողովակաշարի եւ երկաթուղու շինարարության մասին նույնպես:

Երեք տարի է անցել այդ ժամանակվանից, սակայն որեւէ քայլ չի կատարվել Մեղրու հէկի շինարարությունը սկսելու ուղղությամբ:

Հայաստանի եւ Իրանի համապատասխան գերատեսչությունները մինչեւ հիմա պաշտոնական հայտարարություն կամ պարզաբանում չեն տարածել՝ շինարարական աշխատանքների մեկնարկը ձգձգելու պատճառների վերաբերյալ:

Որոշ փորձագետներ կարծում են, որ հէկի շինարարության եւ մյուս ծրագրերի իրագործման ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտ էին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

Եվ ահա ՄԱԿ-ի ԱԽ-ն հուլիսի 20-ին հաստատել է Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ Իրանի եւ միջազգային միջնորդ «վեցյակի» միջեւ համաձայնագիրը, որը ստորագրվեց 2015թ. հուլիսի 14-ին (միջնորդներ՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, Գերմանիա):

Ստեղծված նոր իրավիճակում հայ-իրանական հարաբերությունների մասին դեռեւս պաշտոնական խոսք չի հնչել: Այդուհանդերձ՝ արտաքին քաղաքականության ոլորտի մասնագետները կարծում են, որ պատժամիջոցների չեղարկումից հետո մեծացել է Մեղրու հէկի  շինարարությունը սկսելու եւ հայ-իրանական մյուս ծրագրերին անդրադառնալու հնարավորությունը:

Հայ-իրանական նշված ծրագրերի իրագործումը, անտարակույս, նոր հեռանկարներ կբացի Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին:

Հուսանք, որ գոնե այս անգամ հայ-իրանական պայմանավորվածությունները թղթի վրա չեն մնա:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: