01/16/2025

Հյուր էին մայր թատրոնի դերասանները

Մարզի քաղաքներում (Սիսիան, Գորիս, Քաջարան, Կապան) հյուրախաղերով հանդես եկավ Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: Հուլիսի 24-ին Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետթատրոնի բեմահարթակում հանդիսատեսի դատին հանձնվեց արձակագիր Խորեն Արամունու «Անվերադարձ ապագա» լիրիկական կատակերգությունը (բեմադրությունը՝ Ժան Նշանյանի, գլխավոր դերերում՝ ՀՀ վաստակավոր դերասաններ Արմեն Մարության, Ալլա Վարդանյան): Բեմադրության մեջ արծարածվում են Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններ՝ ԱՄՆ-ում բնակվող ընտանիքի համապատկերի վրա:

Նախօրեին Քաջարանում կայացած բեմադրությունից առաջ սունդուկյանցիները Քաջարանի քաղաքապետարանի նախաձեռությամբ այցելեցին Ագարակի գնդի Լիճքի գումարտակ: Արմեն Մարությանը զավեշտական դրվագներ ներկայացրեց հայ թատրոնի մեծերի՝ Ավետ Ավետիսյան, Դավիթ Մալյան, Թաթուլ Դիլաքյան, Ֆրունզե Մկրտչյան կյանքից: Դերասանհուհի Ջուլիետա Բաբայանը հանդես եկավ ասմունքով (Պարույր Սեւակ, Հովհաննես Շիրազ, Գեւորգ Էմին, Համո Սահյան): Թատրոնի տնօրեն, արձակագիր, դրամատուրգ Նելլի Շահնազարյանը հուշեր ներկայացրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքից, նաեւ գումարտակին նվիրեց իր «Տաք շնչառություն» գիրքը: Զինվորներն ու սպաները երախտապարտ էին սունդուկյանցիների այցելության համար:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: