01/12/2025

Գորիսը՝ «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության անդամ

Գորիսը՝ «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության անդամ

Գորիսը դարձավ «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության անդամ: Երեւանից եւ Էջմիածնից հետո Սյունյաց լեռնաշխարհի գեղատեսիլ քաղաքն իր պատվավոր տեղը գտավ համաշխարհային հայտնի 250 քաղաքների կողքին: Այդ առիթով Գորիսը հյուրեր ուներ, ովքեր եկել էին ոչ միայն շնորհավորելու, այլեւ անդամակցության  հավաստագիրն ու դրոշը հանձնելու քաղաքապետարանին: Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը կարեւորելով այս համագործակցությունը եւ այն համարելով պատմական իրադարձություն, պատրաստակամություն հայտնեց՝ ամեն ինչ անել ձեռք բերվածը պահելու եւ զարգացնելու համար: «Այս անդամակցությունը մեծ ձեռքբերում է եւ պարտավորեցնող: Մենք առաջին հերթին պարտավոր ենք ոչ միայն  ավելի լավ պահպանել մեր պատմական արժեքները, այլեւ զարգացնել եւ փոխանցել մեր սերունդներին: Միաժամանակ այս համագործակցությունը հնարավորություն է ընձեռում շփվելու աշխարհի ամենահայտնի քաղաքների հետ եւ փորձի փոխանակում իրականացնել: Հատկապես շեշտադրություն կարվի զբոսաշրջության զարգացման վրա», - նշեց քաղաքապետը:

Արմատներով գորիսեցի, ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը հպարտությամբ էր այցելել ապուպապերի երկիր: Այցը համարելով մեծ բարեբախտություն՝ պրոֆեսորն աչքալույս տվեց գորիսեցիներին՝  հզոր քաղաքների կողքին այսօր արդեն իր դիրքն ամրապնդած, հայ մշակույթում բացառիկ վաստակ ունեցած, Ա.Բակունց. Ս.Խանզադյան, Ս.Այվազյան, Գուսան Աշոտ  տված  Գորիս քաղաքի  ներկայության առթիվ: Կանադայի Մոնրեալ քաղաքում գործող Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Ազատ Վարդանյանի կարեւորագույն նպատակն է Հայաստանը ներկայացնել աշխարհին, որի արդյունքն այսօր արդեն տեսանելի է: Պրոֆեսորը սուբյեկտիվորեն Գորիսն անվանեց Սյունիքի մայրաքաղաք եւ տեղեկացրեց, որ այն ընտրվել է չքնաղ բնության եւ պատմական մեծ արժեքները պահպանելու շնորհիվ:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մեծագույն ջանքերով իրականացված այս նախաձեռնությունն արդեն գործնական բնույթ ստացավ: Այցի շրջանակներում Գորիսում գտնվող գեղանկարիչ Շմավոն Շմավոնյանը շուտով իր ցուցահանդեսը կբացի Գորիսում, իսկ ԱՄՆ-ում հայտնի գործարար, մեղվաբույծ Վրեժ Սարյանն իր համագործակցությունը կշարունակի գորիսեցի մեղվաբույծների հետ:

Ի դեպ՝ «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության հիմքում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաժողովի՝ համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պահպանման հռչակագիրն է:

ԱՐԵՎԻԿ ԱԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: