01/12/2025

Վանաձորի պոզիայի թատրոնը՝ Գորիսի դրամատիկական թատրոնի բեմում

Վանաձորի պոզիայի թատրոնը՝ Գորիսի դրամատիկական թատրոնի բեմում

Մեր օրերում դեռ հիշում են Մամփրեի մասին, որն Արեւմտյան Հայաստանում ապրելու տարիներին սովորել էր վարժապետ Հարությունի դպրոցում եւ  հիշում է, որ վարժապետը կարմիր տառեր էր ասեղնագործում սպիտակ պաստառի վրա: Տառերը կարմիր էին, որովհետեւ Մաշտոցը տառերն իր սրտից է հանել, դրանք թրծվել են արեւով ու մասնակցել են սրբազան կռիվների: Մամփրեն, սակայն, պատերազմի ու գաղթի  պատճառով տառերը գրել սովորել չի հասցրել եւ ահա օր ծերության, կրկին որոշում է գրել սովորել: Մամփրեն տառերն անվանում էր հայոց զինվորներ:

Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում Վանաձորի պոեզիայի թատրոնը ելույթ է ունեցել «Մամփրե արքա»-ն ներկայացմամբ:

«Մամփրե արքա»-ն Մուշեղ Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» պատմվածքների ժողովածուի ամենահայտնի ստեղծագործություներից է: Վանաձորի պոեզիայի թատրոնի դերանասանական կազմը /7 հոգի/, թատրոնի ղեկավար եւ գլխավոր  դերակատար Ջիվան Սարգսյանի գլխավորությամբ, պոեզիայի լեզվով հանդիսատեսին պատմել է Մամփրեի մասին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Վանաձորի պոեզիայի թատրոնը՝ Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում «Մամփրե արքա»-ն ներկայացմամբ հանդես է եկել  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի եւ «Միասնական հայրենիք» հկ  նախաձեռնությամբ: Սա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սյունիքի մարզում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի իրականացրած 3-րդ միջոցառումն է:

Վանաձորի պոեզիայի թատրոնի ղեկավար եւ գլխավոր  դերակատար Ջ.Սարգսյանի խոսքով՝ հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել իրենց, եւ դա  ամենամեծ գնահատականն է: ՊՈԱԿ-ի տնօրենի` մասնաճյուղերի գործունեության համակարգման եւ տնտեսական աշխատանքների գծով տեղակալ Սեյրան Առաքելյանն իր խոսքում կարեւորելով մշակույթի, կրթության զարգացումն ու պահպանումը, նշել է, որ գրագետ ու հայրենասեր սերնդի դաստիարակությունը, ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեսքստում, առավել քան արդիական ու պարտավորեցնող է, եւ Մ.Գալշոյանը դրան անդրադարձել էր շուրջ կես դար առաջ:

Ներկայացման ավարտին Գորիսի քաղաքապետ Վ.Ադունցի անունից շնորհակալագրեր են հանձնվել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, Վանաձորի պոեզիայի թատրոնի ղեկավար Ջ.Սարգսյանին ու ստեղծագործական խմբին` Գորիսի մշակութային կյանքի զարգացմանը նպաստելու համար:

ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ս.Առաքելյանը շնորհակալություն հայտնելով Սյունիքի մարզպետարանին, քաղաքապետարանին ու Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնին՝ սերտ գործակցության համար, նշել է, որ պատրաստ են  այսուհետ  եւս շարունակել գործակցությունը մշակութային տարբեր նախաձեռնություններում: ՊՈԱԿ-ի տնօրենությունն այս անգամ էլ  ձեռնունայն չէր եկել` վերոնշյալ կառույցներին նվիրել է ՊՈԱԿ-ի կողմից հրատարակված Հովհաննես Նեզրեթյանի աֆորիզմների գիրքը:

ԱՐԵՎԻԿ ԱԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: