01/11/2025

Արա Հովսեփյան. «Կուզենայինք, որ բնակչությունն էլ՝ ոչ միայն Սյունիքում, այլեւ ամբողջ Հայաստանում, ըստ պատշաճի եւ որպես դրական երեւույթ ընկալեր մեր ընկերության մուտքը»

Արա Հովսեփյան. «Կուզենայինք, որ բնակչությունն էլ՝ ոչ միայն Սյունիքում, այլեւ ամբողջ Հայաստանում, ըստ պատշաճի եւ որպես դրական երեւույթ ընկալեր մեր ընկերության մուտքը»

ՀՀ կառավարությունում 2015թ. հունիսի 8-ին ստորագրվել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված եւ լրամշակված պայմանագիր` Հայաստանի Հանրապետության, «Որոտան հիդրոէլէկտրակայանների համալիր», «Քոնթուր Գլոբալ հիդրոկասկադ», «Քոնթուր Գլոբալ տերրա հոլդինգս» եւ «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների միջեւ:

Ստորեւ ներկայացնում ենք մեր զրույցը Քոնթուր Գլոբալ ընկերության Հայաստանում գլխավոր ներկայացուցիչ Արա Հովսեփյանի հետ (լուսանկարում՝ ձախից):


Այցեքարտ

Արա Հովսեփյան. ծնվել է 1974 թվականին, ավարտել է Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, այնուհետեւ ամերիկյան համալսարանը՝ քաղաքագիտության մագիստրոսի աստիճանով: Ապա ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում՝ Օքսֆորդի համալսարանի Էքսեթեր քոլեջում՝ դիվանագիտություն մասնագիտությամբ: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, այնուհետեւ տեղափոխվել է Մեծ Բրիտանիայի դեսպանատուն՝ որպես միջազգային զարգացման ծրագրերի ղեկավար, որից հետո եղել է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի գլխավոր գործադիր տնօրեն: Ծրագիրն ավարտվելուց հետո տեղափոխվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագիր՝ նույնպես որպես գործադիր տնօրեն: 2013 թվականի սեպտեմբերից Քոնթուր Գլոբալ ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում, վերջին երկու տարում հիմնականում զբաղվել է գործարքի բանակցային հարցերով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:


- Պարոն Հովսեփյան, նախ մեր ընթերցողներին հետաքրքրում է, թե ովքե՞ր են «Որոտանի հէկերի համակարգի» նոր սեփականատերերը:

- Սեփականատերն ամերիկյան Քոնթուր Գլոբալ ընկերությունն է, դինամիկ զարգացող մի կազմակերպություն, որի հիմնադրման օրվանից (2003 թվական) հետաքրքրության ոլորտն էներգետիկան է եւ այդ թվականից սկսած աշխարհի զարգացող ու զարգացած տարբեր երկրներում ներդրումներ է կատարում, հիմնականում գնում, կառուցում, վերազինում եւ շահագործում է էներգիա արտադրող օբյեկտներ, ջերմային էլեկտրակայաններ, հիդրոէլեկտրակայաններ, արեւային եւ հողմային էներգիա արտադրող կայաններ` այսինքն համարյա ամեն տեսակի, բացի ատոմակայաններից:

- Արդյո՞ք Որոտանի հէկերի համակարգի ամբողջ գույքը հանձնվեց նոր սեփականատիրոջը: Որքանով տեղյակ ենք, Հերհերի հէկը մնացել է նախկին կարգավիճակում. նաեւ ձեզ չեն փոխանցվել դեբիտորական ու կրեդիտորական պարտքերը, ինչպես նաեւ պարտավորությունները:

- Ճիշտ է, Հերհերի հէկը մեր սեփականությունը չէ, չի անցել մեր տնօրինությանը, բայց մնացած ամբողջ սեփականությունը մենք ենք տնօրինում, այսինքն` երեք հիդրոէլեկտրակայան` Սպանդարյանի, Շամբի, Տաթեւի, չորս ջրամբար` կառուցապատման իրավունքով, եւ Խոտ գյուղի վարչական շրջանում գտնվող Տաթեւհէկի օրվա կարգավորման ջրամբարը, բոլոր թունելները` բաց եւ ճնշումային: Հիդրոտեխնիկական կառույցները մեր սեփականությունն են 99 տարով՝ կառուցապատման իրավունքով, ինչպես եւ նախատեսված է օրենսդրությամբ: Մնացած շենքերը նույնպես` դրանցում տեղակայված մեքենասարքավորումներով եւ մյուս գույքով, Քոնթուր Գլոբալի սեփականությունն են` առանց որեւէ ժամկետային սահմանափակման:

- Եվ պարտքերը` դեբիտորական, կրեդիտորական, ինչպես նաեւ պարտավորությունները ձեզ չե՞ն փոխանցվել:

- Մենք գնել ենք գույքը, այլ ոչ թե բաժնետոմսեր, որով կարող են դեբիտորական կամ կրեդիտորական պարտքերը կարգավորվել: Գույքը գնել ենք համաձայն գույքագրման արդյունքների, այսինքն այնտեղ դրվել է այն ամենը, ինչ որ եղել է «Որոտանի հէկերի համալիր» ՓԲ ընկերությունում:

- Եվ, այդուհանդերձ, կարելի՞ է ասել, որ Որոտանի հէկերի համակարգը զուգահեռաբար շարունակելու է գործել:

- Շարունակում է: Որոտանի հէկերի համակարգը վաճառողն էր, Քոնթուր Գլոբալը` գնորդը: «Որոտանը» վաճառել է իր գույքի մեծ մասը, բայց մնացած մասով ինքը գործում է, մասնավորապես, Հերհերհէկով, եւ համաձայն մեր միջեւ պայմանագրի դեռ առնվազն 3 տարի պետք է շարունակի գործել որպես իրավաբանական անձ:

- Մոտավորապես ե՞րբ անցաք ձեր պարտականություններին:

- Հունիսի 8-ին ստորագրվել է «Որոտան հէկերի համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված եւ լրամշակված պայմանագիրը, հուլիսի 30-ին գործարքը փակեցինք, այսինքն` այդ ժամանակահատվածում պայմանագրով նախատեսված բոլոր նախապայմանները ե՛ւ կառավարությունը, ե՛ւ մենք կատարեցինք ու պարտավորված գումարը վճարեցինք: Ավելի ստույգ` վճարվեց վաճառքի գումարի կեսը, մյուս կեսը` 12 ամիս հետո, այն է` նախատեսված 180 միլիոնի կեսը վճարված է, մյուս մասը մինչեւ 2016 թվականի հուլիսի 30-ը կվճարենք:

- Ինչպիսի՞ տեխնիկական վիճակում են Քոնթուր Գլոբալին փոխանցվել հէկերը, ջրամբարները, թունելները, մյուս կառույցները:

- Նորմալ, աշխատող վիճակում ենք ստացել: Ի դեպ, դա պայմանագրով էլ է նախատեսված, որ կառավարությունը` որպես «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության 100 տոկոս բաժնետեր, եւ «Որոտան հէկերի համալիրը» պարտավորվում են գույքը մեզ հանձնել աշխատող, նորմալ վիճակում: Մինչ այսօր դեռեւս խնդիր չի ծագել:

- Պարոն Հովսեփյան, կառավարման նախկին կառուցվածքը պահպանվո՞ւմ է, թե՞ այդ ուղղությամբ եւս փոփոխություներ են արվում: Դուք, օրինակ, Քոնթուր Գլոբալ ընկերության գլխավոր ներկայացուցիչ եք, մի՞թե նոր կառույցը գլխավոր տնօրեն չի ունենալու:

- Երեւի տեղյակ եք, որ ընկերության առքուվաճառքի գործարքը երկար տեւեց:

Նման մեծ գործարքները, սովորաբար, մանրակրկիտ, մանրամասն ուսումնասիրվում են եւ ամրագրվում առքուվաճառքի պայմանագրով, հարակից փաստաթղթերով, որպեսզի հետագայում խնդիրներ չծագեն: Քննարկվող խնդիրներից մեկն ընկերության կառուցվածքն էր, աշխատակազմը, մարդկային ռեսուրսների հետ կապված հանգամանքները: Մենք համաձայնեցինք ընկերությունն ընդունել իր մարդկային ռեսուրսներով: Մեզ աջակցող մարդկային ռեսուրսներ կառավարող ընկերության հետ` Կասկադ Քոնսալթանտս, ձեռնարկեցինք մի թեթեւ գործընթաց մարդկանց հետ զրուցելու` պարզելու` արդյո՞ք նրանք ուզում են շարունակել իրենց գործունեությունն ընկերությունում, այնուհետեւ համարյա բոլորին ընդունեցինք աշխատանքի: Այս պահին ունենք 199 աշխատակից, այսինքն այն մարդիկ, ովքեր ստացել եւ ընդունել են առաջարկը, եւ նրանց հետ պայմանագիր է ստորագրվել: Նախկին ընկերության համարյա ամբողջ անձնակազմը մնացել եւ աշխատում է: Կառուցվածքի առումով դեռ ոչ մի փոփոխություն չի կատարվել: Իհարկե, եղածին ավելացել է ընկերության երեւանյան գրասենյակը: Ճիշտ է, նախկինում էլ է եղել երեւանյան գրասենյակ, բայց այն լիովին տարբերվում է իր գործառույթներով եւ նշանակությամբ այն ներկայացուցչությունից, որը կունենանք այժմ: Մեր նոր գրասենյակը Երեւանում հիմնականում կատարելու է ֆինանսական բնույթի ծառայություններ, նաեւ ներկայացուցչական խնդիրներ լուծելու նպատակ է ունենալու, օրինակ, կառավարության հետ, կարգավորող հանձնաժողովի, ընդհանրապես էներգետիկայի ոլորտում եղած այլ գործընկերների հետ ավելի սերտ աշխատանք, եւ այլն: Այդ առումով ինքս, որպես ընկերության գլխավոր ներկայացուցիչ, երեւանյան գրասենյակի ղեկավարն եմ, այս պահին ընկերության ներկայացուցիչն եմ բոլոր մակարդակներում, բացի արտադրությունից: Արտադրության գծով Գորիսում տնօրեն կա, նախկինում այդ բնագավառում աշխատած փորձառու անձնավորություն է, ով տարբեր տեղերում եղել է նման եւ ավելի խոշոր ընկերության ղեկավար: Ունենք նաեւ գլխավոր ֆինանսական տնօրեն, որը շուտով կժամանի Հայաստան: Որպես ամերիկյան ժամանակակից ընկերություն` բոլոր այդ գործառույթներն իրարից անկախ են գործում, սակայն դրանց կոորդինացման բավականին խիստ եւ էֆեկտիվ համակարգ կա, ի տարբերություն նախկինում եղած բավականին հիերարխիկ, կենտրոնացված համակարգի:

- Հավանաբար հասցրել եք ծանոթանալ ինժեներատեխնիկական կազմին, մասնագետներին առհասարակ: Կարո՞ղ եք գնահատական տալ կադրային ներուժին:

- Ճիշտն ասած, ես նոր մարդ եմ այս ոլորտում եւ, բնականաբար, չեմ կարող առանձին բնութագրում տալ, բայց իմ կարծիքով ընկերության կադրերը փորձառու են, այսօրվա դրությամբ ընկերությունը մեզ հանձնվել է, այսպես ասած` աշխատող վիճակում, ինչը նաեւ վկայում է կադրային ներուժի մասին:

- Անկեղծ ասած` մարդկանց մեջ մտահոգություն կա, որ կարող են մեկ տարի հետո աշխատուժի կրճատումներ լինել: Առայժմ, որքանով տեղյակ ենք, երկու հոգի է կրճատվել:

- Կոնկրետ չեմ ուզում կենտրոնանալ աշխատողներին աշխատանքից ազատելու կամ չազատելու հարցի վրա: Այս պահին նման խնդիր դրված չէ: Բայց գաղտնիք չէ, եւ պիտի կրկնենք միգուցե, որ ընկերությունը, ինչպես ընդունված է իր մյուս նման ծրագրերում, պիտի իրականացնի վերակառուցում, ավելի պարզեցնի աշխատանքի կազմակերպման սխեման, նաեւ վերանայի համակարգի կառուցվածքը եւ կադրերը` ինչպես են գործելու, ով ինչի համար է պատասխանատու լինելու: Դա մենք չենք թաքցնում, եւ դրանից պետք չէ վախենալ: Լավ մասնագետը միշտ իր տեղը գտնելու է, պարզապես պիտի ձգտել մեր ընկերությունում ընդունված բարձր չափանիշներով աշխատել: Դա վերաբերում է ոչ միայն կադրային ներուժի վերադասավորմանը, այլ նաեւ առանձին մասնագետների զարգացմանը: Հատուկ ուզում եմ նշել, որ մտադիր ենք ընկերության արտադրության մեջ, առաջիկա տարիների ընթացքում, երիտասարդ կադրեր ներգրավել: Որովհետեւ ընկերությունը, ըստ պայմանագրի, այսօրվա դրությամբ ունի 25 տարվա համաձայնեցված սակագնային պլան, եւ մենք պատրաստվում ենք երկարաժամկետ գործունեության: Ընդհանրապես, Քոնթուր Գլոբալը հայտնի է նրանով, որ ինքը հետեւողականորեն ընդլայնում է իր գործունեության շրջանակը, մինչեւ այսօր գրեթե ոչ մի կառույց չի վաճառել: Ուստի ցանկանում ենք երիտասարդ կադրեր ընդգրկել ընկերության աշխատանքներում, ովքեր նաեւ կզարգանան եւ կուսուցանվեն մեր կողմից աշխատանքի ընթացքում: Լավ կլինի, որ նոր կադրերը պարտադիր տիրապետեն օտար լեզուների, ասենք, անգլերենին, այլ երկրների իրենց գործընկերների հետ հաղորդակցվելու ավելի լայն հնարավորություն ունենալու նպատակով:

- Առքուվաճառքի պայմանագրի առիթով լրատվական բոլոր թողարկումներում խոսք է եղել ներդրումների, առկա հիդրոսարքավորումների, միջոցների արդիականացման վերաբերյալ: Արդյո՞ք դա նշանակում է, որ հիդրոսարքավորումները, կայաններն արդիականացման խնդրի առաջ են կանգնած:

- Մեր պայմանավորվածություններից մեկն է` առաջիկա վեց տարում իրականացնել տեխնիկական վերազինման ծրագիր, որն այս պահին թարմացման կարիք ունի: Բայց դա հենվելու է այն ծրագրի վրա, որ կառավարությունում ժամանակին գերմանական KfW հիմնադրամի միջոցով պատրաստվել է: Պարզապես, կրկնում եմ, վերազինման այդ ծրագիրը թարմացման կարիք ունի:

- Արդյո՞ք դա նշանակում է, որ ներդրումներ անելուն զուգընթաց կբարձրանա ընկերության կողմից արտադրվող էլէներգիայի գինը, արդյո՞ք կփոխվի ինքնարժեքը:

- Արտադրության արդյունավետությունը կբարձրանա, մեքենասարքավորումների կյանքը կերկարի, կայանն ավելի անվտանգ, հուսալի վիճակում կլինի: Ինչ վերաբերում է էլէներգիայի գնին, ապա դա կարգավորվում է եւ շարունակելու է կարգավորվել ընդհանուր օրենքների դաշտում:

- Իսկ էլէներգիայի արտադրության ծավալները կպահպանվե՞ն, թե՞ կմեծանան:

- Հնարավոր է, որ մեծանան, մի քիչ վաղ է խոսել այդ մասին:

- Եվ դա հանրապետությունում արտադրվող էլէներգիայի (կամ հիդրոէներգիայի) ո՞ր մասն է կազմում:

- Որոտանի հէկերի համակարգը կազմված է երեք էլեկտրակայանից (Սպանդարյանի, Շամբի եւ Տաթեւի) եւ դրանց հզորությունը կազմում է հանրապետությունում գեներացվող հզորության մոտ 15 տոկոսը:

- Եվս մի կարեւոր հարց. Որոտանի հէկերի համակարգը Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանների ամենախոշոր գործատուն է, բացի այդ` սոցիակալան ծրագրեր է իրականացրել տարիներ շարունակ: Մարդկանց հետաքրքրում է` որպես խոշոր ընկերություն, տնտեսվարող սուբյեկտ` Գորիսում, նաեւ Սիսիանում կիրականացնե՞ք սոցիալական ծրագրեր:

- Անշուշտ: Քոնթուր Գլոբալ ընկերությունն աշխարհի բոլոր երկրներում, եւ Հայաստանը բացառություն չէ, հանդես է գալիս «լավ քաղաքացու» իմիջով: Դա նշանակում է, որ այնտեղ, որտեղ աշխատում ենք, ամեն ինչ պիտի լինի անվտանգ, հուսալի, մարդիկ պիտի գոհ լինեն, եւ ոչ միայն ընկերությունում աշխատող մարդիկ: Ամեն տեղ Քոնթուր Գլոբալը հետամուտ է լինում իրականացնել այդ տարածաշրջանին պատշաճող սոցիալական զարգացման ծրագրեր: Երկու կարծիք չի կարող լինել, որ նման ծրագրեր իրականացնելու ենք:

- Հասցրե՞լ եք ծանոթանալ տեղական իշխանությունների պատասխանատուների հետ, համագործակցության ուղիներ ուրվագծել:

- Դեռ նոր ենք սկսում գործել, իհարկե, հասցրել ենք, հանդիպել ենք ե՛ւ Սյունիքի մարզպետի, ե՛ւ Գորիսի քաղաքապետի հետ, տարածաշրջանում որոշ հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ: Բայց դեռ ժամանակ ունենք, մինչեւ տարեվերջ ուզում ենք մոտիկից ծանոթանալ, որ հստակ իմանանք, թե կոնկրետ ինչ ենք ուզում անել եւ որ ոլորտում պիտի ներդրում անենք սոցիալական ծրագրերի առումով:

- Ինչպիսի՞ քաղաքականություն եք ենթադրում իրականացնել հանրության հետ կապերի հարցում, հրապարակայնության, աշխատանքի թափանցիկության առումով:

- Գործելու ենք բացարձակ թափանցիկ, պատրաստ ենք պատասխանել յուրաքանչյուր հարցի, ոչ մի բան չունենք թաքցնելու, այսինքն` պատրաստվում ենք «դիրքավորվել» որպես բարձրակարգ ամերիկյան ներդրող, որ ոչ միայն իր հետ բերում է իր ներուժը, ինտելեկտը, ներդրումը, այլեւ ուզում է օրինակ ծառայել մյուս ներդրողներին, նմանատիպ ազդանշաններ տալ մյուսներին:

- Եվ վերջին հարցը. կուզենայի՞ք ինչ-որ ընդհանրական խոսք ուղղել համակարգի աշխատակիցներին:

- Ողջունում եմ բոլորին, կուզենայի եւս մեկ անգամ ասել, որ Քոնթուր Գլոբալ ընկերությունը լրջորեն է մոտենում այս ներդրմանը, պատրաստվում է ոչ միայն տեխնիկական ներդրումներ կատարել, այլեւ «ներդրում» կատարել մարդկանց մեջ, նրանց կատարելագործման, մասնագիտական որակները բարելավելու նպատակով, ինչպես նաեւ համայնքի զարգացման մեջ: Կուզենայինք, որ բնակչությունն էլ` ոչ միայն Սյունիքում, այլեւ ամբողջ Հայաստանում, ըստ պատշաճի եւ որպես դրական երեւույթ ընկալեր մեր ընկերության մուտքը:

Հարցազրույցը` ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: