01/11/2025

Մեղրիում աստիճանաբար լուծվում են առկա խնդիրները

Մեղրիում աստիճանաբար լուծվում են առկա խնդիրները

Մեղրի կատարած հերթական այցելության ժամանակ արձանագրեցինք այն փաստը, որ համայնքի ներքին ջրատար ցանցի հիմնանորոգման աշխատանքներն իրենց «բացասական» հետեւանքը չեն թողել քաղաքի վրա, ինչպես մարզկենտրոնում: Խոսքը, իհարկե, չի վերաբերում ջրի որակին, օգտագործված խողովակաշարին եւ այլն, որոնց որակը, բնականաբար, ժամանակը ցույց կտա: Խոսքն այստեղ ճանապարհների մասին է:

Մեղրիում Ասիական բանկի ֆինանսավորմամբ (պատվիրատու՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ) իրականացվող ներքին ջրատար ցանցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում: Դրանք իրականացնում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն (տնօրեն՝ Ազատ Գասպարյան), որի կատարածի որակին բազմիցս ենք անդրադարձել: Ըստ նախնական պայմանավորվածության՝ շինարարական աշխատանքները կատարելուց հետո պետք է ասֆալտապատվեին միայն փողոցների քանդված հատվածները:

Բայց ընկերությունն ասֆալտապատել է ոչ միայն քանդված շերտերը, այլեւ փողոցի որոշ հատվածները, որտեղ կատարվել են աշխատանքները: «Աշխատանքներն ամբողջովին ավարտելուց հետո մեղրեցիներին պիտի տեղեկացնենք այդ մասին», - նշեց քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը եւ հավելեց, որ բարձր մակարդակի գործ է կատարվել: «Յուրաքանչյուր հիմնարկ-ձեռնարկության հետ բարիդրացիական հարաբերություններից նախեւառաջ շահում են Մեղրին եւ  մեղրեցին», - նշեց քաղաքապետը:

Վերանորոգման աշխատանքներ են կատարվում նաեւ օրվա կարգավորիչ ջրամբարներում եւ մաքրման կայաններում, որտեղից տարիներ շարունակ ջրի աղտոտված զանգված էր հասնում բնակիչներին: «Հնարավոր չէ միայն մեկ ջրամբարում կամ մաքրման կայանում աշխատանք կատարել, մյուսներում՝ ոչ: Դա կլինի անիմաստ աշխատանք, քանի որ մյուսներից եկող կեղտոտ ջուրը կխառնվի: Ընդհանուր ջրատար համակարգին խողովակները դեռեւս կցված չեն, որ նախատեսվում է կատարել հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբներին», - տեղեկացրեց Ա.Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ վարձակալության իրավունքով եւ 15 տարի ժամկետով ցանցը տրամադրվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին:

«Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» հկ-ի նախաձեռնությամբ դպրոց-մանկապարտեզ-արվեստի դպրոց տանող ճանապարհի անցումը վերածվել է հեքիաթային աշխարհի: «Քաղաքապետ ընտրվելուց հետո ինձ մտահոգող հարցերից մեկն էլ այդ անցման աղբը վերացնելն էր: Անընդհատ կատարում էինք մաքրման աշխատանքներ, բայց երկար չէր տեւում: Հկ-ի նախաձեռնությամբ կատարված աշխատանքը վերջնականապես լուծեց այդ հարցը: Այլեւս անհնար է այդ հատվածում աղբ նետել», - ոգեւորությամբ պատմում է քաղաքապետը:

Հեքիաթային հերոսներով նկարազարդված անցումը հատկապես փոքրիկների համար սիրելի անկյուն է դարձել:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպում է անգլերենի անվճար դասընթացներ Մեղրիում, որ կտեւի 2015թ. սեպտեմբերից մինչեւ 2016թ. մայիս: Դասընթացներն անց են կացվում երկու տարիքային խմբով՝ 14-17 տարեկան դպրոցականների, ինչպես նաեւ 18-45 տարեկան քաղաքացիների համար:

Հունիսին Մեղրիում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով տուժածները (հիմնականում՝ 7 ընտանիք) դեռեւս ժամանակավոր ապաստան են գտել հյուրանոցում, որի ծախսերը հոգում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: «Հոկտեմբերից հավանաբար կսկսվեն հրդեհված շենքի վերանորոգման աշխատանքները՝ Զանգեզուրի ՊՄԿ-ի հովանավորությամբ:  Նշեմ, որ թե՛ Սյունիքի մարզպետը, թե՛ պատկան մարմինները, թե՛ կոմբինատը եւ թե՛ առանձին անհատներ անմիջապես արձագանքեցին՝ ցուցաբերելով անհրաժեշտ օգնություն», - նշեց քաղաքապետը:

ՀՀ բնապահպանության նախարարության կայքում տեղադրված ծանուցման համաձայն՝ 2015թ. օգոստոսի 14-ին Լիճքի գյուղապետարանում տեղի ունեցավ «Թաթսթոուն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Լիճքի պղնձի հանքավայրի նախագծի նախնական գնահատման հայտի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկում, որին մասնակցում էր նաեւ Մեղրու քաղաքապետը: «Ես գյուղացիներին ասացի, որ դժգոհելու պատճառ չունեն: Եթե բողոքող էին, պիտի ի սկզբանե անեին դա, ոչ թե գումար վերցնեին, թույլ տային իրենց այգում պեղումներ անել, հետո դժգոհեին: Այդ հարցը թող համայնքը որոշի, բայց որոշելիս էլ յուրաքանչյուրի պահվածքը պատշաճ լինի: Փող չվերցնեին, ես էլ իրենց կողքին կանգնած կլինեի», - նշեց քաղաքապետը:

Քաղաքապետից տեղեկացանք նաեւ Մեղրու նախկին հիվանդանոցի շենքի ճակատագրի վերաբերյալ: Վերջինս նշեց, որ կարգավիճակում փոփոխություն չկա դեռեւս, սպասում են վարչապետի որոշմանը, բայց նախապես համաձայնեցում կա, որ այն պիտի լինի համայնքային սեփականություն: Ինչպես նախորդ հրապարակումներից մեկում էինք նշել, նախատեսվում է այն դարձնել բնակելի շենք:

Ինչպես հայտնի է, արդեն իրականացվում է Մեղրու ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը, որ նախատեսում է Արաքս գետից ջուր մղող 16 պոմպակայանը փոխարինել Մեղրի գետից ինքնահոս ոռոգմամբ: Մեղրու քաղաքապետը մշտապես դեմ է եղել այս ծրագրին, հիմա էլ դեմ է. «Մանավանդ ամռան սեզոնին, երբ Մեղրի գետից, որ հատկապես երաշտային տարիներին նույնիսկ առու չէ, ինչպե՞ս պիտի ջուր տանեն: Այլ հարց է, եթե Լիճք-Զվարի հատվածում ջրամբար կառուցեն, որի գաղափարը դեռեւս խորհրդային տարիներին էր շրջանառվում: Ջրամբարներ չկառուցելու դեպքում նրանց կատարած աշխատանքը, իմ կարծիքով, անարդյունավետ է լինելու»:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: