08/11/2020

Համլետ Մկրտչյան. «Վահան Շիրխանյանը ոչ միայն ստում է, այլեւ իր աննշանակ անձը կարեւորելու ուշացած փորձեր է անում»

Համլետ Մկրտչյան. «Վահան Շիրխանյանը ոչ միայն ստում է, այլեւ իր աննշանակ անձը կարեւորելու ուշացած փորձեր է անում»

Սեպտեմբերի 30-ին «aravot.am»-ում հրապարակվել է Հռիփսիմե Ջեթեջյան անուն-ազգանունով հեղինակի հոդվածը՝ «Սուրիկ Խաչատրյանն ուզեցել է գումարտակի հրամանատար դառնալ, բայց տասը հոգի չի կարողացել հավաքել» վերտառությամբ:

Հոդվածն արձագանք է գտել Գորիսում, Սիսիանում եւ հատկապես ազատամարտիկների շրջանում:

Արցախյան պատերազմի բազմաթիվ վետերաններ մեզ հետ ունեցած զրույցում իրենց վրդովմունքն են արտահայտել Վահան Շիրխանյանի արտահայտությունների կապակցությամբ, որ տեղ են գտել նշված հրապարակման մեջ…

Չենք ուզում առաջ անցնել եւ կանխավ եզրակացություններ անել, քանի դեռ չենք լսել ազատամարտիկներին: Բոլորի խոսքը, բնականաբար, հնարավոր չէ մեջբերել մեկ հոդվածում, բայց մի քանի արձագանք, այնուամենայնիվ, հարկ ենք համարում ներկայացնել: Եզրակացությունը՝ վերջում:

Համլետ Մկրտչյան, Արցախյան պատերազմի տարիներին Գորիսի պաշտպանության խորհրդի նախագահ

Գորիսի գումարտակի առաջին հրամանատարն ինքս եմ եղել՝ նշանակված Վազգեն Սարգսյանի կողմից, իսկ հիմնադրման գործընթացը սկսվել էր զինվորական կոմիսարիատի, սահմանապահ պարետատան հովանու ներքո: Իմ նշանակման օրը միանգամից 25 ազատամարտիկ անդամագրվեց գումարտակին, որը շարունակություն ունեցավ: Մի քանի օր անց, երբ Սպարապետը եկավ Գորիս, տեսավ ամեն ինչ, գոհություն հայտնեց: Սակայն ես մտադիր չէի շարունակել ձեւավորվող գումարտակի ղեկավարումը եւ խնդրեցի այլ աշխատանքի տեղափոխել ինձ: Վազգեն Սարգսյանը համաձայնեց: Առաջ եկավ նոր հրամանատարի նշանակման հարցը: Պարզվեց, որ ե՛ւ Վազգենը, ե՛ւ ես, ե՛ւ Գորիսի ազատամարտիկները նույն մտադրությունն ունենք՝ գումարտակի հրամանատար կարող է լինել միայն Սուրիկ Խաչատրյանը, որի կազմակերպական ունակությունները հայտնի էին պատերազմի նախորդ փուլից: Նրա հեղինակությունն ընդունում էին բոլոր զինված խմբավորումներն ու տարածաշրջանի ինքնապաշտպանական ջոկատները: Դրան հաջորդեց Վազգեն Սարգսյանի հրամանը: Կարճ ժամանակում Սուրիկ Խաչատրյանը կարողացավ ավարտել գումարտակի ձեւավորումը, ստեղծել մարտունակ եւ կարգապահ զինվորական ստորաբաժանում, որը մասնակցեց բազմաթիվ մարտական գործողությունների:

Ինչ վերաբերում է Վահան Շիրխանյանի արտահայտություններին…

Նա ոչ միայն ստում է, այլեւ իր աննշանակ անձը կարեւորելու ուշացած փորձեր է անում:

Մտովի տեղափոխվենք 1990-94 թվականների Գորիս եւ հայ-ադրբեջանական սահմանի Զանգեզուրի հատված:

Ո՞վ էր Վահանը, ո՞վ էր նրան ճանաչում կամ լուրջ ընդունում:

Ո՞վ էր նա, որ գումարտակ ստեղծեր, գումարտակի հրամանատար նշանակեր կամ չնշանակեր:

Ի՞նչ կապ ուներ այդ մարդն այն ժամանակ Գորիս-Լաչին կամ Գորիս-Կուբաթլի սահմանագծում տեղի ունեցող ռազմական իրադարձությունների հետ:

Գիտե՞ք, թե քանի-քանի նման մարդիկ էին այդ օրերին գալիս Գորիս, թամաշա անում ու հեռանում: Ինքն էլ նրանցից մեկն էր:

Մի դրվագ եմ հիշում միայն նրա հետ կապված. Երեւանում խնդրում էր իմ միջնորդությունը, որ ընդգրկվի ՀՀՇ ղեկավար կազմում:

Հա, մի անգամ էլ, Լաչինի միջանցքն ազատագրելուց հետո Հայաստանից Ղարաբաղ մեկնող բեռնատարների շարասյունն էր ուղեկցում:

Մելիքսեթ Պողոսյան, գնդապետ, Տեղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Արցախյան պատերազմի տարիներին

Ինչպե՞ս կարող էր Վահան Շիրխանյանը 3-րդ գումարտակի մասին նման անստույգ եւ ստահոդ արտահայտություններ թույլ տալ:

Ես այդ գումարտակի վաշտերից մեկի հրամանատարն էի ի սկզբանե, եւ միայն իմ վաշտում, հենց սկզբից, 125 ազատամարտիկ կար, կարող եմ հիմա նրանցից յուրաքանչյուրի անուն-ազգանունը ներկայացնել՝ իրենց ամրացված զենքի համարներով: Կարող եմ թվարկել 3-րդ գումարտակի մասնակցությամբ տեղի ունեցած մարտական գործողություններն օրերով եւ մանրամասն:

Եվ այդ ամենը՝ Սուրիկ Խաչատրյանի հրամանատարությամբ:

Պատերազմի ժամանակ Գորիսի տարածաշրջանից 79 հոգի զոհվեց մարտական գործողությունների ընթացքում, բազմաթիվ վիրավորներ ունեցանք մարտական գործողությունների ժամանակ, որոնցից 93 հոգու կյանքը հետագայում նույնպես հնարավոր չեղավ փրկել: Այդ զոհերի մի մասը 3-րդ գումարտակի մարտիկներ էին, ինչպե՞ս կարելի է դա մոռանալ:

Պատիվ չի բերում Վահան Շիրխանյանին…

Գոնե գումարտակի նահատակներին չուրանանք:

Մենք մեր երեխաներին, գալիք սերնդին միայն ճշմարտությունը պետք է ասենք, այլապես Արցախյան գոյակռվի բարոյական իմաստը կկորցնենք վերջնականապես:

Մուշեղ Խոյլունց, գնդապետ, Գորիսի շրջանի, ապա Սյունիքի տարածաշրջանի ոստիկանության պետ 1991-96թթ.

Պաշտոնի բերումով մասնակցել եմ այդ օրերին Սյունիքում տեղի ունեցող գրեթե բոլոր կարեւոր իրադարձություններին:

Վահանը ճիշտ չի ասում:

Ո՞վ էր ինքը, որ հրաման տար կամ հրաման պատռեր, շենք կամ զենք հատկացներ գումարտակին…

Ճակատագրական այդ օրերի մասին այդկերպ մտածելն ու խոսելն անլրջություն է:

Ինքն ավելի շատ դիվանագետ մարդ էր՝ կողքից հանգիստ նայող եւ միայն վերջում ղեկավարությանը հաճո կարծիք հայտնող:

Որոշողը, ասողը Վազգեն Սարգսյանն էր:

Մասնակցել եմ Սուրիկ Խաչատրյանի նշանակմանը: Բոլորս գտնում էինք, որ դժվարին այդ վիճակում միայն Սուրիկը կարող է բոլոր զինված խմբավորումներին եւ ինքնապաշտպանական ջոկատներին իրար գլխի հավաքել:

Եվ դա նրան հաջողվեց, լավ հրամանատար եղավ:

Աշոտ Մինասյան, «Սիսական» ջոկատի հրամանատար

Մի բան է առավել ինձ անհանգստացնում՝ ի՞նչ բարոյական իրավունքով են մարդիկ հետին թվով դատավորի, պատմաբանի ու ռազմագետի դեր ստանձնում եւ ոտքի վրա, ինչ-որ մեկին խայթելու, ցավ պատճառելու համար պատմություններ ու հիշողություններ մոգոնում: Եվ մինչեւ ե՞րբ: Մինչեւ ե՞րբ պետք է այդպես՝ սիրողական մակարդակով, այստեղից-այնտեղից լսած կցկտուր տեղեկություններով Արցախյան հերոսամարտի տարեգրություն հորինվի ու հրամցվի հանրությանը:

Գորիսի գումարտակի եւ նրա հրամանատար Սուրիկ Խաչատրյանի մասին Վահան Շիրխանյանի արտահայտությունները ոչ միայն սիրողական մակարդակի են, այլեւ ոչ արժանահավատ: Նրա թիկունքային գրասենյակի պատուհանից դժվար թե տեսանելի լիներ սահմանագծի մարտական անցուդարձը…

Եվ եթե այսօր՝ պատերազմի մասնակիցներիս կենդանության օրոք, Արցախյան գոյամարտի պատմությունն այդքան հեշտությամբ են աղավաղում, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ է լինելու մեզանից հետո:

Արկադի Ծատուրյան, Գորիսի պատերազմական շրջանի տարեգիրներից, 3-րդ գումարտակի մարտական ուղու մասին ուսումնասիրության հեղինակ

1992թ. մայիսի 27-ին Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում տեղի է ունենում ժողովրդական մարտիկների հավաք, որին մասնակցում են Գորիս քաղաքի եւ շրջանի գյուղերի աշխարհազորային միավորումների ներկայացուցիչներ, Պաշտպանության խորհրդի անդամներ, իշխանությունների ներկայացուցիչներ, ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ:

Նշանավոր այս հավաքին մասնակցում եւ բացատրություններ է տալիս ՀՀ ՊՆ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Մ.Սարգսյանը, ով ընթերցում է Վազգեն Սարգսյանի հրամանը՝ Սուրեն Խաչատրյանին գումարտակի հրամանատար նշանակելու մասին:

1992թ. գարնան վերջին եւ ամառվա սկզբին Գորիս քաղաքի եւ շրջանի բոլոր գյուղերի ինքնապաշտպանական ջոկատներն ու բոլոր զինյալ խմբերը մտնում են Սուրիկ Խաչատրյանի հրամանատարությամբ գործող գումարտակի մեջ:

***

Զրուցակիցներս Գորիսում, նաեւ ամբողջ Սյունիքում հեղինակություն վայելող անձնավորություններ են (եւ դա միայն մեր կարծիքը չէ), ու նրանց վկայակոչումների հանդեպ թերահավատ լինելու իրավունք չենք վերապահում մեզ:

Եվ, այդուհանդերձ, սույն հրապարակումը պատրաստելուց առաջ վերստին թերթեցի Արցախյան պատերազմին Գորիսի մասնակցությունն արտացոլող եզակի մի սկզբնաղբյուրի՝ «Զանգեզուր» թերթի էջերը, որի այդ օրերի խմբագիրն էի ինքս: Թերթի բազում հրապարակումներ, կարծեք, լրացնում են ազատամարտիկների ասածը կամ վերահաստատում դրանք:

Այնպես որ՝ զրուցակիցներիս դիտարկումներին ու  գնահատություններին գրեթե ամբողջապես համաձայն եմ, մանավանդ որ, որպես թերթի խմբագիր ու լրագրող, մասնակից էի գորիսյան ամբողջ անցուդարձին՝ կապված սահմանների պաշտպանության եւ ռազմական գործողությունների հետ: Եվ ասվածը կրկնելու կարիք պարզապես չկա, ընդամենը՝ մի քանի եզրակացություն:

Վահան Շիրխանյանի արտահայտությունները 1992թ. գորիսյան որոշ իրադարձությունների մասին, իսկապես, ոչ հավաստի են, սիրողական են եւ, կարծեք, ինչ-որ նենգ ու անձնական մղումներով են պայմանավորված:

1992թ. հունիսի 6-ին ինքս եմ Գորիսում հարցազրույց ունեցել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ (հարցազրույցը տպագրվել է «Զանգեզուր» թերթի հունիսի 10-ի համարում): Սպարապետը նշում է, որ այդ ժամանակ նոր ձեւավորվող գումարտակի 300 հաստիքից արդեն իսկ զբաղեցված է 200-ը:

Եվ հետո 1992-ն այնպիսի ժամանակ չէր, որ ՊՆ-ի թեկուզ եւ բարձրաստիճան պաշտոնյան իր հայեցողությամբ գումարտակ ստեղծեր կամ չստեղծեր, զենք տար կամ չտար: Ոչ միայն լուրջ չէ նման խոսակցությունը, այլեւ վիրավորական է բանակաշինության այդ փուլի համար: Այդ օրերին կար հստակ պետական քաղաքականություն: Դեռեւս մարտի 17-ին ԱՊՀ միացյալ ուժերի վերջին բանակայինները հեռացան Գորիսի տարածաշրջանից: Դրանից օրեր առաջ Գորիսում այդ մասին Վազգեն Սարգսյանը պայմանավորվել էր 7-րդ բանակի հրամանատարի տեղակալի հետ:

ԱՊՀ միացյալ ուժերի հեռանալուց հետո հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանությունն իրենց վրա էին վերցրել մեր՝ արդեն կայացած ինքնապաշտպանական ջոկատները: Կար նաեւ բոլոր ուժերը կենտրոնացնելու խնդիր: Այդ մասին դարձյալ խոսում է Վազգեն Սարգսյանը վերոնշյալ հարցազրույցում:

Այնպես որ՝ 3-րդ գումարտակը եւ մյուս նմանատիպ գումարտակները չէին կարող ստեղծվել Վահան Շիրխանյանի կամ նման այլ աստիճանավորների կողմից: 3-րդ գումարտակի ծնունդն այդ օրերին որդեգրված պետական քաղաքականության եւ հայ-ադրբեջանական սահմանագծում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից բխող քայլ էր, որը Վազգեն Սարգսյանը վստահել էր Սուրիկ Խաչատրյանին, ով էլ իր պարտականությունները կատարեց լիովին ու արժանապատվորեն:

Այնուհետեւ՝ զարմանում ենք, որ պաշտպանության նախարարի տեղակալի աթոռն այդ օրերին զբաղեցնող անձնավորությունը տարիներ անց մոռացել է այն ծանր մարտերը, որոնք տեղի էին ունենում Լաչինի միջանցքն ազատագրելուց հետո: Ադրբեջանն ամեն գնով փորձում էր վերադարձնել կորսված դիրքերը, եւ հակառակորդի հարձակումները դիմագրավողների մեջ էր նաեւ Գորիսի 3-րդ գումարտակը:

Ահա թե ինչպես է Վազգեն Սարգսյանը նույն հարցազրույցում բնութագրում Զանգեզուրի տարածաշրջանում ստեղծված վիճակը՝ միջանցքի ազատագրումից հետո. «Զուտ պաշտպանական իմաստով դրությունը որոշ չափով թեթեւացել է՝ Լաչինի վտանգի սպառման հետեւանքով: Փաստորեն մեր մի ձեռքն ազատվեց: Մյուս՝ հարավային ուղղությամբ վտանգն առկա է, եւ մենք կարող ենք հանկարծակիի գալ, եթե այսօր ինտենսիվորեն չպատրաստվենք չնախատեսված հնարավոր հարձակումների դիմակայմանը: Անհրաժեշտ է բոլոր օղակներում բարձրացնել կարգապահության, կազմակերպվածության մակարդակը, որը վերջին օրերին, հայտնի իրադարձություններից հետո, բավականաչափ խարխլվել է»:

Եվ, իսկապես, օրեր անց պատերազմական գործողությունները վերսկսվեցին Շուռնուխի, Ներքին Խնձորեսկի, Տեղի եւ Կորնիձորի ուղղությամբ:

Ավելորդ չենք համարում նշել, որ պատերազմի ժամանակ մի քանի օրով Գորիս էր այցելել Վահան Շիրխանյանը: «Հայգյուղտեխնիկայի» երբեմնի շենքում (հիմա այնտեղ զորամաս է տեղակայված) նա հարցազրույց տվեց «Զանգեզուր» թերթի խմբագրին՝ տողերիս հեղինակին (անպայման կգտնենք այդ հարցազրույցը եւ կներկայացնենք ընթերցողին): Բարեբախտաբար մեր գրառումները պահպանվել են: Պարոն Շիրխանյանը հիացմունքով էր խոսում Գորիսի տարածաշրջանի ինքնապաշտպանական ջոկատների եւ նրանց հրամանատարների, երեւելի կազմակերպիչների, այդ թվում՝ Սուրիկ Խաչատրյանի մասին:

Եվ հիմա՝ 23-24 տարի անց, փորձել վերաշարադրել պատմությունը՝ ինչ-ինչ խնդիրներից կամ իրավիճակից դրդված, ողջամիտ չի կարող համարվել: Իսկ նման վերաշարադրանքների գիտականության ու հավաստիության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող:

Մենք հարգանք ունենք պարոն Շիրխանյանի տարիքի ու անցած ճանապարհի հանդեպ եւ առանց վիրավորելու միտումի մի հարց ենք ուղղում նրան՝ մարդը, ով տեւական ժամանակ զբաղեցրել է Սպարապետի տեղակալի աթոռը, բարոյական իրավունք ունի՞ այդչափ իջնել, ցածրանալ եւ փոքր ու ոչ հավաստի մանրապատումներով աղավաղել Գորիսի պատմության հերոսական դրվագներից մեկը:

Վերջին նկատառումս. պարո՛ն Շիրխանյան, զինադադարից 21 տարի է անցել, եւ այդ ամբողջ ընթացքում, նաեւ այսօր, ազգովի շարունակում ենք բաժանել ու վերաբաժանել եւ կրկին բաժանել ու վերաբաժանել Արցախյան հաղթանակի դափնիները: Եվ, որքան էլ ցավալի է, այդ ճակատում հաճախ ենք Ձեզ տեսնում:

Միգուցե վերջացնե՞նք Արցախյան հաղթանակի դափնիների համար կռիվը եւ, գոնե ուշացումով, հայտարարենք՝ Արցախյան պատերազմը հայ ժողովրդի հերթական հայրենական պատերազմն էր, որին մասնակցեց ամեն մի հայ՝ յուրաքանչյուրն իր կարելիության չափով: Մանավանդ որ թուրքը կրկին մեր դուռը բախում է, եւ մեզ նոր փորձություններ են սպասվում…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: