08/04/2020

Կարեն Լազարյանը երկրորդ անգամ ընտրվեց Գորիսի պետական քոլեջի տնօրեն

Կարեն Լազարյանը երկրորդ անգամ ընտրվեց Գորիսի պետական քոլեջի տնօրեն

Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրություն: ՊՈԱԿ-ի՝ այդ նպատակով  հրավիրված խորհրդի  11 անդամից ներկայացել էր 10-ը (խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների առնվազն երկու երրորդը): Մրցույթին (առանց քվեարկության իրավունքի) մասնակցում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետ Կարեն Մանուկյանը:

Մրցույթը սկսելուց առաջ նշվեց, որ մրցույթի նախապատրաստական աշխատանքները կազմակերպվել են ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն: Այնուհետեւ խորհրդի անդամները ծանոթացան ՀՀ-ում նախնական մասնագիտական  (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենների ընտրության կարգին եւ դրան առնչվող նորմատիվ փաստաթղթերին:

Քոլեջի տնօրենի միակ հավակնորդ Կարեն Լազարյանը ներկայացրեց «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի 2015-20թթ. զարգացման ծրագիրը:

Խորհուրդը հավանություն տվեց ծրագրին, անցկացրեց հարցազրույց՝ ներկայացված ծրագրի շրջանակում:

Այնուհետեւ տեղի ունեցավ փակ քվեարկություն, որի արդյունքները հրապարակեց խորհրդի նախագահ Արարատ Լալաբեկյանը:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց Կարեն Լազարյանը, ում օգտին քվեարկեցին քվեարկության բոլոր մասնակիցները:

Մրցույթի ամբողջ ընթացքը ձայնագրվում էր:

Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո հեռախոսազրույց ունեցանք խորհրդի նախագահ Արարատ Լալաբեկյանի հետ: Նա մասնավորապես նշեց. «Մրցույթն անցավ շատ կազմակերպված եւ խորհրդի անդամների ակտիվության մթնոլորտում: Տնօրենի հավակնորդի ծրագիրն արդիական է, ուղիներ են մատնանշվում միջին մասնագիտական եւ արհեստագործական կրթության ոլորտում առաջ եկած խնդիրների լուծման վերաբերյալ, հաշվի էին առնվել տեղական առանձնահատկություններն ու ժամանակի մարտահրավերները: Պարոն Լազարյանը, քանի որ այդ պաշտոնը վարել էր նախորդ վեց եւ կես տարում նույնպես, համառոտ ներկայացրեց նախընթաց զարգացման եւ ուսումնառության արդյունքները»:

Կարեն Լազարյանը Գորիսի պետական քոլեջի տնօրեն է ընտրվում երկրորդ անգամ: Առաջին անգամ ընտրվել է 2009թ. ապրիլի 14-ին:Ծնվել է 1979թ., անկուսակցական է, ամուսնացած է եւ երեք զավակի հայր: Երկու պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտելուց հետո ներկայումս աշխատանքին զուգահեռ սովորում է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրայի հայոց լեզու եւ հայ գրականություն բաժնում:

2014թ. աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով: 2015թ. Սյունյաց թեմի առաջնորդի առաջարկով ընտրվել է Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչի քավոր:

Հիշեցնենք նաեւ, որ Գորիսի պետական քոլեջը, նախկինում Գորիսի մանկավարժական տեխնիկում, հիմնադրվել է 1928թ. եւ տարածաշրջանի հնագույն կրթօջախներից մեկն է: Գորիսի մանկավարժական ուսումնարանն ի սկզբանե եղել է Սյունիք-Զանգեզուր տարածաշրջանի լավագույն կրթօջախներից մեկը, որն իր գործունեության ընթացքում պատրաստել է մանկավարժական կադրեր Սյունիքի ու Վայոց ձորի շրջանների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի կրթական հաստատությունների համար եւ բավարարել այդ շրջանների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի կրթական համակարգի (եւ ոչ միայն) կադրերի պահանջարկը: Կրթօջախի շրջանավարտներից մոտ 50 հոգի դարձել են անվանի գրողներ, ակադեմիկոսներ, մանկավարժներ, փիլիսոփաներ:

Մոտ 90-ամյա կրթօջախը, չնայած ժամանակի վայրիվերումներին, պահել է իր ինքնատիպությունը՝ արժանի եւ մնայուն տեղ զբաղեցնելով հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շարքում:

Գորիսի պետական քոլեջն այսօր էլ արժանապատվորեն շարունակում է իր ազգանպաստ առաքելությունը եւ հարստացնում տասնամյակներով ձեւավորված ավանդույթները՝ ժամանակ առ ժամանակ համալրելով արդիական մասնագիտությունների ցանկը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: