01/11/2025

Քաջարանի հանքագործները կարեւորում են սահմանադրական բարեփոխումը եւ իրենց պատասխանատու համարում երկրի ներկայի ու ապագայի համար

Քաջարանի հանքագործները կարեւորում են սահմանադրական բարեփոխումը եւ իրենց պատասխանատու համարում երկրի ներկայի ու ապագայի համար

Հանրապետության սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախօրեին պարզորոշ է դարձել հայաստանյան հանքարդյունաբերության հսկայի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության՝ մոտ 3500 հոգուց բաղկացած կոլեկտիվի վերաբերմունքը համապետական այդ միջոցառման հանդեպ:

Կոլեկտիվը ոչ միայն ամենամեծն է Սյունիքի մարզում, ոչ միայն երկրի խոշորագույն հարկատուների առաջին հորիզոնականները զբաղեցնողներից մեկն է, այլեւ սյունիքյան միջավայրում եւ մասնավորապես Կապանի տարածաշրջանում ունի հանրային աջակցության մեծ ռեսուրս, վստահության լուրջ քվե: Ընդ որում՝ այդ վստահությունը վերջին մեկ-մեկուկես տարում ձեռք է բերվել հանքագործների ու նրանց ընտանիքների հանդեպ տածած ուշադրության, ձեռնարկության աշխատանքների արդյունավետության բարձրացման, տարածաշրջանի հիմնախնդիրների հանդեպ մտահոգության գործնական դրսեւորման, սոցիալական բազմաթիվ ծրագրերի իրականացման շնորհիվ: Ծրագրերից ուշագրավ են հատկապես մարզկենտրոնի հրապարակի վերակառուցումը, Վաչագան գետի՝ Կապան քաղաքի տարածքով անցնող հունի մաքրումը…

Քաջարանցի հանքագործների հետ հանդիպումների արդյունքում եկանք եզրակացության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կոլեկտիվը սահմանադրության ներկա փոփոխությունները համարում է կարեւոր քայլ հայոց պետականության ամրապնդման ճանապարհին եւ պատրաստ է «այո» ասելու առաջարկվող նախագծին:

Ամենակարեւորը՝ «այո»-ն հանքագործների մեծ մասի գիտակցական դիրքորոշումն է:

Ինչո՞ւ են հանքագործները կողմ սահմանադրության փոփոխությունների առաջարկվող նախագծին:

Նախ՝ կոլեկտիվում հստակ գիտակցում են, որ առաջարկվող փոփոխությունները շատ կարեւոր են երկրի առաջընթացի, հայոց պետականության կայացման գործում:

Գիտակցում են նաեւ, որ հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ ամեն մի հանքագործ, պատասխանատու է երկրի ներկայի ու ապագայի համար:

Կա նաեւ հիմնավոր վստահություն ընկերության ղեկավարության հանդեպ:

Ընկերության ներկայացուցիչներից մի քանիսի դիրքորոշումը՝ ստորեւ:

Աշոտ Մարգարյան, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն. «Ինձ առավել շատ հետաքրքրեց հատկապես փոփոխությունների նախագծի տնտեսական բլոկը: Եվ դա՝ ոչ միայն աշխատանքիս բերումով: Առանց տնտեսական կայուն հիմքի, առանց տնտեսության համաչափ զարգացման երկրի առաջընթացի մասին անգամ չարժե մտածել: Իսկ նախագծում, փաստորեն, ճանաչվում եւ հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձեւերը: Հոդված 11-ով երկրի տնտեսական կարգի հիմքը հռչակվում են սոցիալական շուկայական տնտեսությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը եւ բնակչության տնտեսական բարեկեցությունն ու սոցիալական արդարությունը: Ըստ փոփոխությունների նախագծի. «Պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով եւ հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների առջեւ»: Այդ հարցերը հետաքրքրում են հանքարդյունաբերության մեջ ընդգրկված յուրաքանչյուր մարդու, իսկ հռչակված դրույթները մեզ սրտամոտ են»:

Վահե Հակոբյան, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ վարչական տնօրեն. «Յուրաքանչյուր պետության զարգացման համար առանցքային նշանակություն ունի կայունությունը: Իմ կարծիքով սույն փոփոխությունները, նախեւառաջ, երկրի կայուն զարգացումը երաշխավորելու միտում ունեն: Մյուս կողմից՝ որակապես նոր մակարդակի են բարձրացվում մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումն ու պաշտպանությունը: Այնուհետեւ՝ ամբողջ նախագծում կարմիր թելի պես անցնում է պետական կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելու, իշխանության պատասխանատվությունը մեծացնելու միտումը: Չի կարելի չտեսնել երկրի քաղաքական իշխանության գերկենտրոնացվածությունը հաղթահարելու եւ ժողովրդավարական քաղաքական համակարգ ձեւավորելու շունչը»:

Կարեն Մկրտչյան, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ շինարարության գծով տնօրենի տեղակալ. «Գունավոր մետաղների միջազգային շուկայում ստեղծված ծանր վիճակում, գների նման անկման պայմաններում կոմբինատը կարողացավ ապահովել եւ ապահովում է ձեռնարկության համաչափ աշխատանքը, չի կասեցնում նախկինում ստանձնած սոցիալական պարտավորությունների եւ նախկինում սկսած սոցիալական ծրագրերի կատարումը: Ընդհակառակը՝ լրացուցիչ պարտավորություններ է ստանձնում Սյունիքի մարզում եւ առանձնապես Կապանի տարածաշրջանում: Նաեւ այդ ամենի շնորհիվ է, որ ընկերության ներկայիս ղեկավարությունը հարգանք ու վստահություն է վայելում ոչ միայն հանքագործների շրջանում, այլեւ տարածաշրջանի բնակչության մեջ»:

Ահա այսպես՝ մեկ ընտանիքին, մեկ թիմին բնորոշ միասնությամբ ու համախմբվածությամբ է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կոլեկտիվն արձագանքում առաջիկա հանրաքվեին:

Քաջարանցի հանքագործների մեկտեղված ջանքերն ու հստակ դիրքորոշումը, հանրապետությունում ծավալված քարոզչության համապատկերի վրա, միգուցե եւ առաջին հայացքից ընկալվեն իբրեւ վարչական ռեսուրսի արտահայտման յուրօրինակ ձեւ: Սակայն… Նախորդ մի քանի ընտրությունները, նաեւ ՀՀ նախագահի վերջին ընտրությունը ցույց են տվել, որ հանքագործների միջավայրում «վարչական ռեսուրս» ասվածն այնքան էլ կենսունակ հասկացություն կամ երեւույթ չէ: Քաջարանը նաեւ այդ հարցում իր ավանդույթներն ունի: Այնտեղ մեկ ճանապարհ կա՝ գիտակցված «այո», ազատ կամարտահայտություն, թափանցիկ ընտրություն… Այդ ճանապարհով էլ, որքանով հասկանում ենք, դեկտեմբերի 6-ի հանրաքվեին ընդառաջ է գնում Քաջարանը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: