01/16/2025

«Հինավուրց Տանձատափ» եւ «Տոհմանուններ»

Վերջին ժամանակներս գրքեր են տպագրվում տարբեր բնակավայրերի մասին, կարծում ենք՝ մղումը միանգամայն բնական է. մոռացության մշուշից փրկել ծննդավայրին առնչվող դեմքեր, դեպքեր, իրադարձություններ:

Տանձատափցի Սուրեն Վարդանյանը, ով խորհրդային տարիներին կոմերիտական ու կուսակցական ապարատում է աշխատել, իսկ անկախության տարիներին գործունեությունը շարունակել դատախազության համակարգում, իր հայրենի գյուղի պատմությունը սերունդներին հանձնելու նախանձախնդիրն է եւ ընթերցողի սեղանին է դրել «Հինավուրց Տանձատափ» գիրքը: Գրքի առաջին հրատարակությանը հետեւել են ընթերցողի բազմաթիվ արձագանքները՝ մասնավոր հանդիպումների ժամանակ, հեռախոսազանգերով, հրապարակումներով: Այս տարում ընթերցողն ունեցավ գրքի երկրորդ, լրամշակված հրատարակությունը՝ տպագրված «Էդիտ Պրինտ» հրատարակչությունում: Գրքի առաջին հրատարակության մասին խոսք է գրել Գագիկ Հայրումյանը, որը «Տանձատափի անձնագիրը» վերնագրով եւ «Գրախոսականի փոխարեն» խորագրի տակ տպագրվել է մեր թերթի 2014 թվականի հուլիսի 12-ի համարում:

Եվ սա դեռ ամենը չէ: Ս.Վարդանյանի հեղինակությամբ լույս է տեսել «Տոհմանուններ. Գորիսի տարածաշրջան» գրքույկը (Երեւան, «Հեղինակային հրատարակություն», 2015): Այս վերջինը տարբերվում է գյուղական համայնքների մասին մինչ այժմ լույս տեսած գրքերից, քանզի այն բովանդակում է Գորիսի տարածաշրջանի բնակավայրերում պահպանված եւ բանավոր գործածվող տոհմանունները: Գրքույկի առաջին մասին տրվում են տեղեկություններ տոհմ հասկացության եւ Գորիսի տարածաշրջանի տոհմերի մասին: Հեղինակն այն եզրահանգմանն է եկել, որ տոհմերը, միանշանակորեն, գյուղական բնակավայրերում են ձեւավորվում, որ գյուղական տոհմին հատուկ են ներսում համախմբված լինելը, հարազատական, մշտական ջերմությունն անհատների եւ ընտանիքների միջեւ, փոխադարձ վստահությունը, փոխօգնությունը եւ այլն: Հեղինակի համոզմամբ՝ տոհմերը հնարավորություն են տալիս հիշելու, պահպանելու եւ փոխանցելու նախնիների անունները, որոնցով կարելի է պատկերացում կազմել, թե հեռավոր ժամանակներում անվանակոչման ինչպիսի առանձնահատկություններ են եղել եւ որքանով են եղել դրանք հայկական եւ այլն: Ներկայացված ամփոփ տեղեկանքից պարզ է դառնում, որ Գորիսի տարածաշրջանի 25 համայնքում հաշվվում է 972 տոհմ:

Մինչ գյուղի տոհմերը ներկայացնելը հեղինակը հակիրճ, բայց բնութագրական տեղեկություններ է ներկայացնում տվյալ համայնքի մասին, վկայակոչելով հինավուրց փաստեր, ներկայացնում բնակավայրի աշխարհագրական դիրքը, ճարտարապետական հուշարձանները, տալիս ծագումնաբանությունը, երբեմն հղում անում պատմիչներին՝ Ստեփանոս Օրբելյան, Առաքել Դավրիժեցի եւ այլն: Հիշատակվում են տոհմերի երեւելի ներկայացուցիչների անուններ:

Մնում է ավելացնել, որ երկու գիրքն էլ ունի հայրենագիտական արժեք: «Տոհմանունների» ստեղծմանն աջակցել են համայնքների ղեկավարներ, մտավորականներ: Հեղինակը նաեւ երախտագիտություն է հայտնել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանին, գրքույկի խմբագիր Վլադիմիր Զադայանին, Արմիկ Բակունցին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: