01/13/2025

2016 թվականը՝ Աստծո օրհնությամբ

2016 թվականը՝ Աստծո օրհնությամբ

2015թ. դեկտեմբերի 31-ին Տաթեւի վանքը հերթական անգամ դարձել էր Սյունիքի տարածքային իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմիների, ինչպես եւ Հայաստանի զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի ներկայացուցիչների ու Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի բարձրաստիճան հոգեւորականների հավաքատեղի:

Հավաքը, ինչպես մեկ տարի առաջ, կազմակերպել էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը:

Վանքի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում մատուցվեց հանրապետական մաղթանք՝ գլխավորությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի:

Հավաքվածները միասնական աղոթք բարձրացրին առ Աստված՝ խնդրելով, որ Տերը օրհնության բաշխի հայ ժողովրդին, խաղաղություն պարգեւի Հայաստանին եւ Արցախ աշխարհին, որ ավելի զորանա Հայաստանի Հանրապետությունը:

Երկու տարվա սահմանագծում այդկերպ հավաքվելու ավանդույթը նաեւ այլ խորհորդ ունի՝ վերստին արտահայտել հավատը Հայր Աստծո, նրա որդու եւ Սուրբ հոգու հանդեպ, ինքնամաքրվել եւ մեղքերի թողություն խնդրել բարձրյալից, ոգի առնել Սիսական տան բոլոր վանքերի գլուխ եւ շնորհաբաշխության աղբյուր Տաթեւի վանքից, արտահայտել Սյունիքի հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների ու զինական ուժի միասնությունը:

Այնուհետեւ տեղի ունեցավ մատաղի արարողություն, որի ընթացքում ներկաները շնորհավորեցին միմյանց Ամանորի եւ Սուրբ ծննդի առիթներով:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: