01/11/2025

Ախտանիշը՝ անձեռնհասություն եւ անտարբերություն

Ախտանիշը՝ անձեռնհասություն եւ անտարբերություն

Մի՞թե Կապանի քաղաքապետարանում չգտնվեց իրավասու գոնե մեկը, որ տոնական օրերին կազմակերպեր համայնքի փողոցների ու մայթերի քիչումիչ մաքրումը տեղացած առատ ձյունից:

Ոչինչ, որ մարդիկ ու մեքենաները դժվարությամբ էին երթեւեկում այդ օրերին: Մի կերպ կարելի էր հաղթահարել ստեղծված վիճակն ու յոլա գնալ: Կարելի էր նույնիսկ դրություն մտնել եւ հասկանալ, որ քաղաքապետն ու յուր փնտրված, գտնված ու երկու ապահով ծածկոցի տակ հանգրվանած քենակալն ի վիճակի չեն կառավարել քաղաքի կոմունալ տնտեսությունը մի փոքր անսովոր իրավիճակում:

Բայց… Փուչիկներն էին ափսոս, գույնզգույն, դժվարությամբ ձեռք բերված փուչիկները, որ այդքան հեշտությամբ մեկ-երկու օրում պայթեցին՝ «Լավագույն քաղաքային համայնք», «Տարվա քաղաքապետ»:

Բա ի՞նչ ենք անելու առանց այդ փուչիկների:

Բա ինչպե՞ս ենք ծածկելու պեծին-պեծին տվող մեր ճակատն առանց դափնու ճյուղերի:

Մյուս կողմից՝ բնությունն էլ, կարծեք, անհավասարակշիռ ու տարօրինակ է դարձել. կարող էր չէ՞ հաշվի առնել Կապանին ու նրա քաղաքապետին տրված վերջին գնահատանքները, հաշվի առնել, որ քաղաքապետը հանգստանում է ու շրջանցեր՝ ձյան տեղումներն ուղղելով այլ համայնքների վրա, բայց…

Հետո, մարդիկ էլ մի տեսակ անհանդուրժող են դարձել. տեղումներից օրեր անց ձնահավաք մեքենան դուրս է եկել փողոցները մաքրելու, բայց դժգոհ ենք դարձյալ: Կարող էր չէ՞ մեքենավարն ընդհանրապես դուրս չգալ եւ նույնիսկ արժանանալ քաղաքապետարանի մեդալի կամ Կապանի պատվավոր քաղաքացու կոչման: Բայց մեծահոգաբար դուրս է եկել, իսկ մենք չենք գնահատում այդ վեհանձնությունը:

Այ, օրինակ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներից գրեթե ոչ մեկը չի փորձել գոնե սեփական ուժերով մաքրել իր ոտատեղն ու աշխատավայրի բակը, եւ նրանց ոչ ոք չի անհանգստացնում:

Ինչեւէ, հուսանք, որ տոնական եւ ոչ աշխատանքային օրերին, ինչպես եւ քաղաքապետի հանգստանալու օրերին ու ժամերին այլեւս ու երբեք Կապանում ձյուն չի տեղա…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: