01/13/2025

Կապանյան ձմեռ-2016

Կապանյան ձմեռ-2016

Հունվարին տեղացած առատ ձյունը ձմեռային ակտիվ հանգիստը կազմակերպելու բոլոր հնարավորություններն էր ստեղծել: Կապանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունվարի 29-ին Կապան-Քաջարան մայրուղուն մերձ տարածքում անցկացվեց «Կապանյան ձմեռ» համաքաղաքային միջոցառումը, որը նաեւ ավանդույթը վերականգնելու նպատակ էր հետապնդում: Տոնախմբության մասնակիցներին ողջերթի խոսքեր հղեց եւ Տերունական աղոթքը հնչեցրեց Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը, որից հետո սպիտակ գորգի վրա աշխուժությունը մեծացավ:

Մարզկենտրոնի ուսումնական հաստատությունների սովորողները, թիմերի բաժանված, ուժերը չափեցին պարանի ձգում ձեւից: Մեկը մյուսին հետեւում էին խաղերն ու մրցույթները: Առավել համարձակները մասնակցեցին մրցմանը, որի պահանջն էր դաշտի հաստ ձյունաշերտը հաղթահարելով՝ եռագույն դրոշը հասցնել եւ ամրացնել դիմացի բարձունքին: Երեւակայություն ու շնորհք ունեցողները ձեռնամուխ եղան ձնեմարդ պատրաստելուն: Կազմակերպվեց հրաձգություն, ավելի դիպուկ եղածները խրախուսվեցին:

Միջոցառման կազմակերպիչները հոգացել էին տաք ըմպելիքի մասին: Զինվորական շարժական ճաշարանի մոտ կարելի էր թեյ ըմպել, քաղցրավենիք ճաշակել:

- Քանի որ ամեն ամառ կազմակերպում ենք «Ուսանողական ամառ» փառատոնը, ցանկացանք, որ դրան զուգահեռ տեղի ունենա «Կապանյան ձմեռ» միջոցառումը, որ մի պատեհ առիթ է երիտասարդներին մեկտեղելու, հնարավորություն ստեղծելու, իրար ավելի լավ ճանաչելու, մի խոսքով լավ ժամանակ անցկացնելու, ինչու չէ, նաեւ կտրվելու առօրյա հոգսերից, - ասաց Կապանի քաղաքապետի տեղակալ Ռուդոլֆ Սարգսյանը:

Միջոցառման ավարտին մասնակիցները շուրջպար բռնեցին խարույկի շուրջ, այնուհետեւ տոնախմբության կայացմանը նպաստած կազմակերպություններին եւ անձանց, ինչպես նաեւ տարբեր մրցույթներում աչքի ընկածներին հանձնվեցին նվերներ, որ պատրաստել էր «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի Կապանի տարածքային զարգացման ծրագիրը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: