01/11/2025

Քաջարանում նշվեց «Անդոկ Սյունի» կազմակերպության 2-րդ տարեդարձը

Քաջարանում նշվեց «Անդոկ Սյունի» կազմակերպության 2-րդ տարեդարձը

Երկու տարի առաջ Քաջարանում հիմնադրվեց «Անդոկ Սյունի» հասարակական կազմակերպությունը, որն ի սկզբանե նպատակ էր դրել համախմբել քաղաքի երիտասարդությանը, կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ, պատանիներին եւ աղջիկներին միավորել մի գաղափարի շուրջ: Փետրվարի 1-ին հասարակական կազմակերպության կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված երեկո տեղի ունեցավ Քաջարանում: Նախ՝ մեծադիր էկրանին մեկը մյուսին փոխարինեցին լուսանկարները, որոնք պատմում էին կազմակերպության երկամյա գործունեության մասին: «Անդոկ Սյունի» հկ-ի տարեդարձի առթիվ նրա համահիմնադիր Արտակ Աբրահամյանին եւ կազմակերպության անդամներին բարեմաղթանքի խոսքեր հղեցին Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, կազմակերպության համահիմնադիր, քաղաքապետ Վարդան Գեւորգյանը, Քաջարանի հոգեւոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը, քաղաքի թիվ 1 եւ 2 դպրոցների տնօրեններ Անահիտ Գեւորգյանը եւ Սպարտակ Ստեփանյանը, ազատամարտիկ, Քաջարանի ջոկատի հրամանատար Հովիվ Մարգարյանը, արհեստագործական ուսումնարանի ուսուցչուհի Մարինե Նարինյանը, ուրիշներ: Ելույթներն ու շնորհավորանքներն ընդմիջվում էին երգերի կատարմամբ ու ասմունքով, որ հնչեցնում էին հասարակական կազմակերպության շնորհալի անդամները: Մի խումբ պատանիներ ու աղջիկներ խրախուսվեցին պատվոգրերով ու հուշանվերներով:

Միջոցառման ավարտին «Անդոկ Սյունի» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Աբրահամյանը երախտագիտություն հայտնեց կազմակերպության գործունեությանը նպաստած կազմակերպություններին՝ քաղաքապետարանին (համայնքի ղեկավար՝ Վարդան Գեւորգյան), «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը, քաղաքի ուսումնական հաստատությունների տնօրեններին, մշակույթի պալատի տնօրինությանը, հոգեւոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանին, ով կազմավորման օրվանից եղել է կազմակերպության կողքին:

Այնուհետեւ երեկոն շարունակվեց տոնական սեղանի շուրջ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: