01/11/2025

Վախճանվել է մեր մեծ բարեկամը

Վախճանվել է մեր մեծ բարեկամը

Կյանքից անժամանակ հեռացավ պատմաբան, աղբյուրագետ, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը: Դասախոսական գործունեությունը գիտնականը զուգակցել է ակտիվ գիտական աշխատանքի հետ, հրապարակ հանել 300-ից ավելի ուսումնասիրություն, այդ թվում՝ մի քանի մենագրություն, բազմաթիվ հոդվածներ, գրախոսություններ: Հեղինակել եւ խմբագրել է բուհական դասագրքերի առանձին բաժիններ: Մինչեւ կյանքի ավարտը Պետրոս Հովհաննիսյանի գիտական հետաքրքրությունների կիզակետում եղել եւ մնում էր հայագիտության նշանավոր դեմքերից մեկի՝ մեր հայրենակից Նիկողայոս Ադոնցի պատմական ժառանգության ուսումնասիրությունը, որին էլ նվիրել է տասնյակ հոդվածներ ու մի քանի մենագրություն, հրատարակել ականավոր պատմաբանի երկերի վեց մեծածավալ հատոր:

Պետրոս Հովհաննիսյանը «Սյունյաց երկրի» մեծ բարեկամն էր: 2011 թվականին, երբ լույս տեսավ թերթի հատուկ համարը՝ նվիրված մեծ բյուզանդագետի 140-ամյակին, Պետրոս Հովհաննիսյանը հանդես եկավ Նիկողայոս Ադոնցի կյանքին ու գործին նվիրված «Վիթխարի անհատականություն» հոդվածով: Նույն թվականի դեկտեմբերի 2-ին Սիսիանում տեղի ունեցավ Նիկողայոս Ադոնցի 140-ամյակին նվիրված գիտաժողով, որտեղ պատմաբանը հանդես եկավ «Ճակատագրական երեք ստորագրություն Նիկողայոս Ադոնցի կենսագրությունում» զեկուցմամբ: Նա ներդրում ունեցավ նաեւ Հայոց մեծ Մովսեսին նվիրված բացառիկ համարի նախապատրաստման գործում: Նրա հորդորով տեր Արարատ քահանա Պողոսյանը պատրաստեց «Մովսես Գ Տաթեւացի. մատենագիտական ակնարկ»-ը: Նրա արժեւորմամբ գիտական գնահատական տրվեց նույն համարի խմբագրականին: Իսկ այս օրերին թերթը հերթական հատուկ համար է պատրաստում, ինչի առիթով Պետրոս Հովհաննիսյանը պատրաստակամություն էր հայտնել համագործակցել. մահվանից ընդամենը մեկ օր առաջ էր նա հեռախոսային խոսակցություն ունեցել թերթի խմբագրի հետ եւ հիացական խոսքեր ասել «Սյունյաց երկրի» նոր նախաձեռնության կապակցությամբ: Սակայն, ավաղ, հանկարծահաս մահն անսպասելիորեն դաժան գտնվեց:

«Սյունյաց երկիրը» իր ափսոսանքն է հայտնում պատմաբանի մահվան առիթով եւ ցավակցություն հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: