01/13/2025

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման տարբերակները

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման տարբերակները

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքները տեղափոխվում են Սյունիքի մարզ: Փետրվարի 23-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում, որին մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը, «Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի մասնագետները, մարզի քաղաքային եւ գյուղական համայնքների ներկայացուցիչներ, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» կազմակերպության «Տրանշ-4» թիմի ղեկավար Աթիլիո Սիվիերոն: Նախագծային թիմի ներկայացուցիչները վստահեցրին, որ նախագծի իրականացման ընթացքում հաշվի է առնվելու յուրաքանչյուրի կարծիքը:

Շահագրգիռ համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկեցին Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի համար առաջարկվող երեք տարբերակը: Իտալական խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Աթիլիո Սիվիերոն, ով զբաղվում է Հյուսիս-հարավ ճանապարհի Արտաշատ-Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ, Սիսիան-Քաջարան հատվածի նախագծմամբ, ներկայացրեց առաջարկվող տարբերակները, այնուհետեւ տարբերակների վերաբերյալ իրենց նկատառումները հայտնեցին Կապանի, Դարբասի, Շենաթաղի, Վերին Խոտանանի, Լեռնաձորի համայնքների ներկայացուցիչները:

«Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տեղամասային ճարտարագետ Արթուր Սանոյանի փոխանցմամբ՝ արդեն ավարտվել է Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, պատրաստվում են մրցութային փաստաթղթերը՝ Ագարակ-Վարդանիձոր 20 կիլոմետրանոց ճանապարհահատվածի նախագծման եւ շինարարության միցույթի համար:

Նոր ճանապարհը, կախված ընտրվելիք ծրագրից, 50-80 կիլոմետրով կարճ է լինելու ներկա մայրուղու համեմատ, դա տեղի կունենա թունելների, կամուրջների, ճանապարհային հանգույցների ավելացման հաշվին:

ՊՈԱԿ-ի սոցիալական նախագծման եւ վերաբնակեցման մասնագետ Սոնա Պողոսյանը տեղեկացրեց, որ հողերի փոխհատուցման գործընթացը կատարվելու է պետբյուջեի եւ ոչ թե վարկային միջոցների հաշվին: «Շատ արդյունավետ մեխանիզմներ են մշակվել հողօտարման եւ փոխհատուցման առումով, Հյուսիս-հարավ ճանապարհի հյուսիսային հատվածում բավականին լուրջ հողօտարացումներ են իրականացվել, հնարավորինս փոխհատուցվել են բոլոր ազդեցությունները, որ մարդիկ կրել են՝ սկսած անշարժ գույքից մինչեւ խոցելի խմբերին որոշակի նպաստներ առաջարկելը, - ներկաներին իրազեկեց Ս.Պողոսյանը, - ազդեցությունների ողջ շրջանակը ներառում ենք եւ ձգտում ենք հնարավորինս փոխհատուցել, վերականգնել մարդկանց կենսամակարդակը մինչեւ ծրագրի ավարտը»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: