01/13/2025

Հանրային քննարկում Կապանում

Հանրային քննարկում Կապանում

Փետրվարի 23-ին Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հրաչյա Վարդանյան» ՍՊ ընկերության կողմից նախագծված ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (նախկինում՝ սանէպիդկայան) Կապան քաղաքի լաբորատորիայի նախագծերի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանն արդեն տվել է տվյալ լաբորատորիայի նախկին շենքի քանդման աշխատանքների թույլտվություն, իսկ նոր շենքի նախագիծ մշակելու համար՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք: 

Նախագծի փաթեթը ներկայացրեց «Հրաչյա Վարդանյան» ՍՊԸ գլխավոր ճարտարապետ Հրաչյա Վարդանյանը, որը ցույց տվեց շենքի մանրակերտը, ինչպես նաեւ խոսեց շինարարության ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության մասին: Կառուցվելիք շենքը կունենա երկու հարկ ու վերնահարկ, այն նախատեսվում է ավարտել 2017թ. ապրիլին: Ճարտարապետը հավաստիացրեց, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը լինելու է շինարարական նյութերի արտանետումների տեսքով եւ հասցվելու է նվազագույնի:

Կապանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանի՝ շինարարության ընթացքում թունավոր արտանետումների, շենքի կանոնավոր ջրահեռացման, էներգախնայողության, սողանքային գոտում գտնվելու եւ մի շարք այլ հարցերի Հ.Վարդանյանը տվեց սպառիչ պատասխան:

Նորակառույց լաբորատորիան մարզային կառույց կլինի եւ հագեցած նորագույն սարքավորումներով: Մինչ շինարարության ավարտը լաբորատորիան տեղակայված է Կապանի բժշկական կենտրոնի մասնաշենքերից մեկում:

Քաղաքապետը նշեց, որ համայնքը շահագրգռված է այս կառույցի շինարարության՝ նախատեսված ժամկետում ավարտելու մեջ:

Քննարկման մասնակիցները բարձր գնահատեցին նախագիծը՝ ցանկություն հայտնելով օր առաջ ավարտված տեսնել շենքի կառուցումը:

Ի դեպ, շինարարական աշխատանքներն իրականացնում է «CH2M HILL» ամերիկյան ինժեներական ընկերությունը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ     

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: