01/13/2025

Սիսիանը հրաժեշտ տվեց իր նահատակ որդիներին

Սիսիանը հրաժեշտ տվեց իր նահատակ որդիներին

Արցախյան գոյամարտում զոհված սիսիանցիների պանթեոնում 2016թ. ապրիլի 6-ին հողին հանձնվեցին երեք օր առաջ նահատակված սիսիանցի ազատամարտիկների աճյունները՝ Սեդրակ Ասրյան, Սերգեյ Դանղյան, Մայիս Միրզոյան, Արմեն Բեգլարյան, Եղիշ Նիկալյան:

Ապրիլի 5-ին քաղաքի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում տեղի էր ունեցել նրանց, ինչպես եւ Դավիթ Սարգսյանի հոգեհանգիստը (վերջինս հողին հանձնվեց ապրիլի 7-ին Շաղատ գյուղում):

Հոգեհանգստյան կարգը կատարվել էր Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի գլխավորությամբ:

Հոգեհանգստյան արարողությանը մասնակցում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ազատամարտիկների աճյունները գերեզման իջեցվեցին հայոց բանակի զինվորների հրազենային համազարկերի եւ Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո՝ Տեր Մակար վարդապետ Հակոբյանի գլխավորությամբ կատարված թաղման կարգից հետո:

Հուղարկավորությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ՀՀ ԶՈՒ բանակային 4-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, Սյունիքի նախկին մարզպետ, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:

Դամբանախոսի՝ Վարոս Սիմոնյանի խոսքը ստուգապես բխում էր ազատամարտիկներին հրաժեշտ տալու համար հավաքված հազարավոր սիսիանցիների, մարզի տարբեր համայնքներից ժամանած հյուրերի սրտերից՝ «Քաջաց քաջերի այս հանգստարանում նրանք կլինեն հայոց հավերժության ուղեկիցը»:

Նույն այդ վայրում մեկ օր անց՝ ապրիլի 7-ին, հողին հանձնվեց վերսկսված պատերազմի եւս մեկ զոհ՝ Էդուարդ Ալեքսանյանը, ում ռազմաճակատից տեղափոխել էին Երեւան՝ կյանքը փրկելու հույսով, բայց…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: