01/13/2025

Հայրենիքը սկսվում է առաջնագծից

Հայրենիքը սկսվում է առաջնագծից

Այս լուսանկարում Նարեկ Մալխասյանն է (աջից)՝ մարտական ընկերոջ՝ Արայիկ Գրիգորյանի հետ:

Նրանց հանդիպեցինք ԼՂՀ ՊԲ հոսպիտալներից մեկում. երկուսն էլ բեկորային վնասվածք էին ստացել եւ բուժում էին ստանում:

Ժամկետային այդ զինծառայողներին, կարելի է ասել, այսօր շատերն են ճանաչում Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում:

Նարեկ Մալխասյանը (ծնված 1996թ., Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից է, զորակոչվել է բանակ 2014թ. հունիսի 24-ին) այն մարտիկն է, ով խոցել է թշնամու ուղղաթիռը:

Ահա թե ինչպես է ներկայացնում կատարվածը խիզախ զինվորը՝ «Ապրիլի 2-ի վաղ առավոտյան արդեն սպասում էինք թշնամու հարձակմանը, նախապես հրահանգավորում էինք ստացել եւ պատրաստ էինք ոչ միայն դիմադրության, այլ հակահարձակման: Ցերեկվա ժամը 12-ի սահմաններում էր, դիրքերում հերթապահություն էր կատարվում, իսկ իմ հանգստանալու ժամն էր: Հանկարծ լսեցինք ուղղաթիռի ձայն, միանգամից նռնականետ վերցրինք եւ երեք հոգով դուրս եկանք:

…Խրամատի ուղղությամբ մոտենում էր ադրբեջանական ռազմական ուղղաթիռը: Վախենալու, մտածելու ժամանակ այլեւս չկար, պիտի գործեինք արագ եւ ճշգրիտ: Իմ արձակած առաջին նռնակը կպավ… Ուղղաթիռը պայթեց եւ ընկավ մեզանից մոտ 50 մետր հեռավորության վրա:

Ուղղաթիռի անձնակազմից երկու հոգի (երեքից) ողջ էր մնացել, փորձում էին փախուստի դիմել»:

Արայիկ Գրիգորյանը Նարեկ Մալխասյանի հետ էր (Արայիկը ծնվել է 1996թ., Արմավիրից է, զորակոչվել է բանակ 2014թ. հունիսի 25-ին): Նա տեսավ, որ տապալված ուղղաթիռի անձնակազմից երկուսը դուրս են եկել:

- Մեկը կրակում էր մեր ուղղությամբ, մյուսը փախչում էր՝ փորձելով նաեւ հանգցնել իր վառվող շորերը, -պատմում է Արայիկ Գրիգորյանը: - Թույլ չտվեցի ոչ մեկին եւ ոչ մյուսին փախչել կամ մարել կրակը. իմ արձակած գնդակից երկուսն էլ ընկան, որից հետո նռնակ շպրտեցի…

…Մենք ուշադիր ունկնդրում էինք քաջարի զինվորներին եւ հիանում նրանց համեստությամբ, նրանց գիտակցված ու իմաստավորված վարքով: Եվ այդ պարկեշտությունն ավելի պերճախոս էր դարձնում արվածը, քանզի հերոսությունը միայն պարկեշտությամբ է արժեք դառնում եւ ընդօրինակման արժանի:

Բաժանվեցինք զինվորներից՝ նրանց ցանկանալով շուտափույթ ապաքինում, մանավանդ որ տղաները կարոտել էին իրենց մարտական ընկերներին եւ ցանկանում էին ժամ առաջ վերադառնալ զորամաս:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: