01/13/2025

Նամակներ ռազմաճակատայիններին

Նամակներ ռազմաճակատայիններին

Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմաններից մինչեւ առաջնագիծ մի քանի տասնյակ, որոշ տեղերում՝ երկու-երեք հարյուր կիլոմետր է: Բայց բաժանարար գիծ, որքանով հասկանում ենք, թիկունքի եւ ճակատի միջեւ չկա: Յուրաքանչյուր հայ մարդ իր հնարավորությունների սահմաններում ձգտում է ներդրում ունենալ ադրբեջանաթուրքական սանձարձակությանը դիմակայելու գործում:

Այդ առումով բացառություն չեն նաեւ հանրապետության դպրոցականները. դրա վառ դրսեւորումներից են ճակատայիններին ուղղված նամակները: Գրեթե ամենուր մեզ ցույց տվեցին դպրոցականների նամակներ. դրանք, ինչպես ասացին հրամանատարները, յուրահատուկ կերպով են ոգեշնչում զինվորներին:

Մեզ տրամադրված նամակներից երկուսը՝ ստորեւ:

Առաջինի հեղինակն Արշավիր Մկրտչյանն է (Երեւան քաղաքի դպրոցական):

Ահա՝ «Մեր սիրելի հայ զինվորներ, բարեւ ձեզ: Մենք շնորհակալ ենք, որ մեր ապահովությունը դուք հսկում եք եւ արի առյուծի ու խիզախ արծվի պես պահում-պահպանում եք հայոց հողը, իսկ մենք կարողանում ենք գլուխներս հանգիստ դնել բարձին: Սպասում ենք ձեր վերադարձին՝ ողջ եւ առողջ... Ձեզ մաղթում ենք նաեւ առողջություն ու երկար տարիների կյանք»:

Նամակներից երկրորդի հեղինակը Երեւանի Թելմանի անվան N13 հիմնական դպրոցի 5-րդ դասարանցիներն են եւ դասղեկ Խուդոյանը:

Ահա՝ «Մեր խիզախ, արի ու քաջ հայ զինվորներ, ձեր սխրանքը մարդկային սովորական բառերով հնարավոր չէ բնութագրել:

Երեւի աշխարհում չկա մի ազգություն, որ ունենա ձեզ նման որդիներ:

Ձեր՝ քաջերիդ բազուկը միայն հաղթանակներ է բերել, օգնել մեզ, որ արժանապատվորեն ապրենք պաշտպանված մեր հողում:

Երկրի տերերը դուք եք:

Դուք անմռունչ կրում եք ձեր խաչը:

Առյուծածին մայրերի օրհնանքը՝ ձեզ:

Հայ ժողովուրդն իր զինվորի ճակատը համբուրում է այնպես, ինչպես կհամբուրեր խաչքարը:

Համոզված ենք, դուք հաղթելու եք այս կռիվը եւս, իսկ պատերազմ չի լինելու, որովհետեւ դուք ուժեղ եք: Դեռ սահմանին չհասած՝ թշնամին պարտվեց: Հասկացավ, որ հայ զինվորի հետ հնարավոր չէ կռվել:

Աստված ձեզ պահապան»:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: