01/11/2025

Տիգրան Փարվանյան. «Պատրաստ ենք մարտական գործողությունների. վստահ եղեք՝ ջարդելու ենք հակառակորդի դունչը եւ հետ շպրտենք»

Տիգրան Փարվանյան. «Պատրաստ ենք մարտական գործողությունների. վստահ եղեք՝ ջարդելու ենք հակառակորդի դունչը եւ հետ շպրտենք»

Ապրիլի 9-10-ին, գտնվելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարավարեւելյան հատվածում, «Սյունյաց երկիր» թերթի ստեղծագործական խումբն առաջինն այցելեց ՀՀ զինված ուժերի 1-ին զորամիավորման հրամանատարական կետ եւ հարցազրույց ունեցավ զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանի հետ:

Զորամիավորման հրամանատարը, բնականաբար, բազմազբաղ էր: Հրամանատարական կետում կյանքը եռում էր, իսկ եռուզեռի կենտրոնում ինքն էր՝ գնդապետը:

Տիգրան Փարվանյանն ինքը սկսեց զրույցը՝ չսպասելով մեր հարցին՝ «Ցավում եմ մեր զորքերում մահացած զինվորների, կամավորականների համար: Յուրաքանչյուրի կորուստն անդառնալի է, օջախ է մարում… Ափսոսանքս եմ հայտնում եւ ցավակցում բոլորի հարազատներին, մերձավորներին, մարտական ընկերներին: Ուխտադրուժ սելջուկը հերթական անգամ փորձեց ներխուժել մեր սրբազան հողը, բայց չկարողացավ, քանզի մեր զինվորներն իրենց կյանքի գնով, մինչեւ վերջին փամփուշտը կրակելով, կարողացան պահել վստահված դիրքերը: Եթե պետք լինի, նորից հայ զինվորը կպաշտպանի մեր սահմանների անձեռնմխելիությունը»:

- Պարոն գնդապետ, Դուք հրամանատարն եք այն զորամիավորման, որի զորամասերն ու ստորաբաժանումներն ամենամոտն են առաջնագծին: Ինչպե՞ս եք գնահատում օպերատիվ իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավարեւելյան հատվածում:

- Կայուն, լարված…

- Բայց չէ՞ որ հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերվեց կողմերի միջեւ:

- Մի՞թե հնարավոր է վստահել մի ազգի, մի պետության, որտեղ ամեն ինչ կառուցված է ստի ու կեղծիքի վրա: Այդ ե՞րբ են նրանք հավատարիմ մնացել պայմանավորվածություններին:

Պատրաստ ենք մարտական գործողությունների. վստահ եղեք՝ ջարդելու ենք հակառակորդի դունչը եւ հետ շպրտենք:

- Ինչո՞վ է հիմա զբաղված զորամիավորումը:

- Առաջին բանակային զորամիավորումն ունի իր հստակ խնդիրները եւ կատարում է դրանք:

- Ապրիլի 2-ից մարտական գործողությունների գլխավոր ու արժանապատիվ կրողը հայոց զինվորականությունն է: Ինչպե՞ս է տղաների տրամադրությունը չորսօրյա ռազմական գործողություններից հետո:

- Զինվորների մարտական ոգին շատ բարձր է, պատրաստ են պատժելու հակառակորդին, կասեցնելու ամեն մի ոտնձգություն:

- Ձեր հրամանատարության ներքո, որքանով տեսնում ենք, կան նաեւ կամավորական ջոկատներ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ իրողությանը եւ որքանո՞վ են նրանք աջակցում Ձեզ մարտական խնդիրները կատարելու գործում:

- Ապրիլի 2-ից սկսած տեղի ունեցավ այն, ինչ սովորաբար տեղի է ունեցել հայ ժողովրդի ճակատագրական պահերին… Մեկ-երկու օրվա ընթացքում մեր ամբողջ ազգը միավորվեց ու մի բռունցք դարձավ: Հազարավոր կամավորականներ՝ ջոկատներ կազմած, հայտնվեցին կանոնավոր զորամասերի կողքին: Եթե անհրաժեշտություն լինի եւ թույլ տրվի, ապա ամբողջ հայ ժողովուրդը կդառնա կամավորական: Մենք ենք խնդրում, որ կանգ առնեն, չգան, սպասեն… Իսկ մեր տրամադրության տակ եղած ջոկատները պատրաստ են կատարելու հրամանատարության առաջադրանքը:

- Այս օրերին շատ խոսվեց հակառակորդի ժամանակակից ռազմական տեխնիկայի մասին, մի՞թե հենց դա է վճռելու հակամարտության ելքը:

- Անշուշտ, զենքը մնում է զենք, եւ արդիական զենքերն օգնում են առաջադրված մարտական խնդիրների կատարմանը: Սակայն Արցախյան պատերազմի այս փուլում, որին մասնակից ու ականատես ենք, իրենց նպատակին չծառայեցին դրանք: Ի վերջո միայն զենքով չէ, որ պատերազմ է մղվում, հաղթանակ կերտվում: Պատերազմների ժամանակ ամենաուժեղ մարտական զենքը, համոզված եղեք, կռվող զինվորի ոգին է, ինչն առկա է հայոց բանակի ամեն մի մարտիկի մեջ: Այդ ոգու շնորհիվ է, որ շեշտակիորեն նվազեցվեց հակառակորդի զինտեխնիկայի նշանակությունը:

- Տեսնում ենք, թե ինչ եռուզեռ է հրամանատարական այս կետում…

- Այստեղ բոլորը զինվոր են՝ անկախ պաշտոնից, դիրքից: Բոլորը կատարում են մեր հրամանները եւ կատարում են բարձր պատասխանատվությամբ: Այլ կերպ չի էլ կարող լինել, քանի որ նոր իրավիճակում ենք:

Թիկունքի շունչն էլ այստեղ զգում ենք, թիկունք ասվածն էլ հարաբերական է, այն մարտական դիրքերի ու զինվորական կյանքի ուղիղ շարունակությունն է, չէ՞ որ յուրաքանչյուր հայ մարդ այս օրերին կանգնած է զինվորի կողքին…

- Եվ Ձեր խոսքը զինվորների ծնողներին ու մերձավորներին, թիկունքում գտնվողներին:

- Մաղթում եմ ուժ, կորով, համբերություն եւ հարատեւություն այն ոգու, այն միասնության ու համախմբվածության, որին ականտես ենք հատկապես ապրիլի 2-ից հետո:

Նաեւ իմ շնորհակալությունն ու երախտագիտությունը բոլոր զինվորների ծնողներին՝ նման արժանապատիվ ու հայրենապաշտ սերունդ դաստիարակելու համար:

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: