09/23/2020

Անկատար մնացին հայրենի գյուղի շենացման նրա ծրագրերը

Անկատար մնացին հայրենի գյուղի շենացման նրա ծրագրերը

Եղեռնագործ թշնամին 1915թ. ապրիլի 24-ը ցանկացավ կրկնել նաեւ 2016թ. ապրիլի 1-ին` լայնամասշտաբ հարձակում ծավալելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Հայրենի սահմանները պաշտպանելու շտապեցին նաեւ Սիսիանի երկրապահ կամավորականների միության քաջարի մարտիկները` ԵԿՄ մասնաճյուղի նախագահ Մայիս Միրզոյանի մասնակցությամբ:

Մայիս Միրզոյանը ծնվել է 1956թ. մայիսի 1-ին Սյունիքի մարզի Դարբաս գյուղի Արզումանյանների տոհմի Միրզոյանների ընտանիքում: Տոհմը Դարբաս գյուղում նշանավորվել է ժամանակին իր հեղինակավոր ներկայացուցիչների գործունեությամբ: Ազգակից պապերից Շամիր Արզումանյանը համագյուղացիների կողմից հիշատակվում է որպես անցած դարասկզբի տանուտեր (քյոխվա): Նա Լորագետի ափերին սփռված գյուղերի բնակչությանն արգելում էր պղտորել զուլալ գետը, հայտնի էր նաեւ համայնքներում օրինազանցներին կարգի հրավիրելու իր նշանավոր «շալլախով»: Պապը` Աշոտ Արզումանյանը, գյուղի հաղթանդամ տղամարդկանցից էր, ով անցած դարի կեսերին, շուրջ 15 տարի, աշխատել է Դարբասի գյուղխորհրդի նախագահ:

Պապերի գործը շարունակող Մայիս Միրզոյանն իր մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել հայրենի գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է Դարբասի միջնակարգ դպրոցում` 1963-1973թթ.: 1973-1974թթ. սովորել է Երեւանի թիվ 9 պրոֆտեխուսումնարանում, 1975-1976թթ. ծառայել խորհրդային բանակում:

1977թ. աշխատանքի է անցել Տաթեւհէկի շինարարությունում՝ էլեկտրիկ, իսկ շինարարության ավարտից հետո՝ Շամբհէկում` մեքենավար, այնուհետեւ` գլխավոր վահանակի էլեկտրիկ: 1979թ. Շամբհէկում նշանակվել է հերթափոխի պետ` համատեղելով նաեւ ուսումը Սիսիանի պոլիտեխնիկումում:

1988 թվական. Ղարաբաղյան շարժումը սկսվելու առաջին իսկ օրերից հայ կամավորական խմբերի հետ մասնակցեց հայրենի սահմանների պաշտպանությանը, ինչպես նաեւ Բերդաձորի պաշտպանական գործողություններին: 1992թ. ակտիվ մասնակցություն ունեցավ հայոց ազգային բանակի կազմավորմանը: 1993թ. հունվարի 16-ին ծառայության անցավ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային վաշտում` դասակի հրամանատար` ստանալով ավագ լեյտենանտի կոչում: 1993թ. մարտի 31-ին` Քելբաջարի ազատագրման ժամանակ, Վակունիս գյուղի համար մղվող մարտերի ընթացքում վիրավորվեց: Նույն թվականի հոկտեմբերին՝ ապաքինվելուց անմիջապես հետո, վերադարձավ ծառայության եւ նշանակվեց վաշտի հրամանատար: Մայիս Միրզոյանը մասնակցել է Ղարաբաղյան գոյամարտի բոլոր մարտերին եւ վերադարձել փառքով ու հաղթանակով: 1995-1996թթ. իր մասնակցությամբ ստեղծվեց Սիսիանի տարածաշրջանի երկրապահ կամավորականների միությունը, որի հիմնադիր նախագահն էր:

1996 թվականին, ստանալով կապիտանի կոչում, նշանակվեց N զորամասի մարտական պատրաստության խմբի պետ: 1997թ. նշանակվեց ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի ուսումնական կենտրոնի պետ: 2011թ. անցավ կենսաթոշակի` փոխգնդապետի կոչումով:
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է պետական ու կառավարական մի շարք պարգեւների:

2012թ. սեպտեմբերի 9-ին ընտրվել է Դարբաս համայնքի ղեկավար: 2015թ. համատեղության կարգով նշանակվել է ԵԿՄ Սիսիանի մասնաճյուղի նախագահ: Ամուսնացած էր, ունի 4 զավակ` 3 դուստր եւ 1 որդի:

2016թ. ապրիլի 2-ին Մայիս Միրզոյանը, անտեսելով սրտի բարդ վիրահատությունից դեռեւս չամոքված ցավը, ինչպես նաեւ իրեն վստահված պատասխանատու պաշտոնները, առանց հապաղելու, իր մարտական ընկերների հետ մեկնեց Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի պաշտպանության առաջին գիծ` 90-ականներին կիսատ թողած գործն ավարտին հասցնելու համար, քանի որ քաղաքացիական կյանքում չէր համակերպվում Ղարաբաղյան պատերազմի՝ չակերտավոր զինադադարի ընթացքում թշնամու լկտի պահվածքից շարունակ զոհվող անմեղ զինվորների կորստի հետ: Ապրիլի 4-ին, ցավոք, Ստեփանակերտից Թալիշ մեկնելու ճանապարհին՝ Թալիշի վարչական տարածքում, թշնամու կողմից կիրառած անօդաչու թռչող սարքի ռմբակոծությունից իր զինակիցների հետ զոհվեց նաեւ Մայիս Միրզոյանը` կյանքի 60-րդ գարունը չբոլորած ու իր երազած հաղթանակի, նաեւ՝ խաղաղության բերկրանքը չտեսած:

Անկատար մնացին հայրենի գյուղի շենացման նրա ծրագրերը…   

2016թ. ապրիլի 6-ը դարձավ մի անմոռանալի սգո օր: Սիսիանի կենտրոնական հրապարակը վերածվեց բազմահազար սյունեցիների ողբի ու ցավի հավաքատեղիի, որտեղ հավաքվել էին` հրաժեշտ տալու մեր անմոռաց քաջերին: Այնուհետեւ սգո թափորը շարժվեց Սիսիանի զոհված ազատամարտիկների պանթեոն, եւ հողին հանձնեցին զոհված սիսիանցի կամավորականներին:

Թվում է՝ դեռ պիտի վերադառնա մեր գյուղապետը, քանի որ վերջին անգամ` մարտի 31-ին, գյուղապետարանի գրասենյակում նա մտախոհ ասաց. «Այսօր պիտի գնամ Սիսիանի պանթեոն` հրամանատարիս` Վուրգ Ոսկանյանի շիրմին, քանի որ երբ ես Քելբաջարում վիրավորվեցի, հրամանատարս զոհվեց»:

Այս խոսքերով նա բաժանվեց մեզանից: Էլ չհանդիպեցինք, բայց նա հավերժ կմնա մեզ հետ: Երջանիկ անունով հայրը եւ հոգատար Գոհարիկ մայրն իրենց երեք որդուն` Մայիսին, Մարսելին ու Մարատին, դեռ մանկուց դաստիարակել էին հայրենասիրական ոգով: Մայիսին հրաժեշտ տալիս նրանք ասացին. «Գնաս բարով, որդի՛ս, հայրենիքի համար զոհվեցիր, մենք հպարտ ենք քեզանով»:

Եղբայրը` Մարսել Միրզոյանը, նույնպես քաջարի զինվոր է: Ղարաբաղյան շարժման ժամանակ երկու եղբայրներով կռվում էին թշնամու դեմ: Մարսելը հերոսական «Արաբո» ջոկատի շտաբի պետն էր: Մեծ է նրա ներդրումը հայրենիքի պաշտպանության եւ Ղարաբաղի ազատագրման գործում: Հիմա էլ, վրեժը սրտում, շտապում է պաշտպանել հայրենիքը:

Մայիսի որդին` Հայկ Միրզոյանը, շարունակում է հոր կիսատ թողած գործը: Նա ծառայում է բանակում: Ճիշտ է, շատ ծանր է հոր կորուստը, բայց չի հուսալքվել եւ լի է վճռականությամբ:

Մայիս Միրզոյանը երբեմն շտապում էր տուն, երբ Երեւանից ժամանում էին նրա գեղեցիկ ու կայտառ զույգ թոռնիկները: Այդ օրերին նրա ուրախությանն ու հրճվանքին չափ ու սահման չկար: Նվիրված ու հավատարիմ հայր էր ու նույնպիսի պապիկ: Մեր գյուղապետը ոչ միայն ընտանիքում ու տանը, այլեւ կյանքում ու շրջապատում լավագույն անձնավորություն էր` օժտված մարդկային բարձր արժանիքներով: Անձնուրաց ու պատասխանատու էր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ, զուսպ էր ու անկաշառ՝ մաքրամաքուր սրտով ու հոգով նվիրված ընկերներին ու շրջապատին:

Կյանքը շարունակվում է, մենք էլ շարունակում ենք աշխատել, բայց առանց Մայիս Միրզոյանի: Ամեն օր շտապում ենք աշխատանքի` սպասելով մեր գյուղապետին, սպասում ենք լուռ, յուրաքանչյուրս մտքով զրուցում նրա հետ, բայց պատասխան չի լսվում գրասենյակում…

Մեծ ցավ ապրեց մեր համայնքը` կորցնելով նման մարդու ու ղեկավարի: Ոչ պակաս ցավ ապրեցինք նաեւ՝ կորցնելով մեր համագյուղացի մեկ ուրիշ հայրենասերի՝ Սեդրակ Սերգեյի Ասրյանին:

Համոզված եմ` երբեք չենք մոռանա մեր քաջարի տղաներին եւ մեր գործով ու նվիրումով բարձր կպահենք նրանց հիշատակը:

Թո՛ղ Աստված քիչ չհամարի ու բավարարվի նրանցով, ովքեր դրախտ գնացին եւ դարձան հայոց լինելիության հավերժական ուղեկիցը:

ՍԵՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Դարբաս համայնքի ղեկավարի տեղակալ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: