08/14/2020

Իսկ լեռան կատարին օրը չի մթնում

Իսկ լեռան կատարին օրը չի մթնում

Մի քանի օր առաջ էր՝ ապրիլի 3-ին, երբ Սյունիքի մարզի կամավորականները մարզպետ Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ մեկնեցին Արցախ: Ստեփանակերտ մայրաքաղաքում նրանց դիմավորեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Դրանից հետո նույն գիշերը ջոկատները ճանապարհվեցին մարտական դիրքեր. Սիսիանի եւ Կապանի ջոկատները՝ Թալիշ, Գորիսի, Մեղրու, Քաջարանի ջոկատները՝ Եղնիկներ: Ավելի ուշ, ութ կյանք խլած հայտնի ողբերգական պատահարից հետո, Սիսիանի եւ Կապանի ջոկատները տեղափոխվեցին ղարաբաղա-ադրբեջանական շփման մեկ այլ գիծ՝ Մատաղիս: Եվ ահա տասը օր է՝ Սյունիքի կամավորական ջոկատները հակամարտության գոտու առաջնամասում են՝ ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ միասին հսկելով Արցախի սահմանների անձեռնմխելիությունը…

Ապրիլի 13-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը (Սամվել Ալեքսանյան, Վահրամ Օրբելյան, Համլետ Գեւորգյան, Ռաֆիկ Հարությունյան) հակամարտության հյուսիսային թեւում էր, նպատակն առաջնագծի վիճակին եւ Սյունիքի կամավորական ջոկատների գործունեությանը ծանոթանալն էր:

Մատաղիսում էինք, երբ հերթական անգամ այնտեղ եկավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ ուղեկցությամբ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի եւ ԵԿՄ Գորիսի տարածքային կառույցի ղեկավար Սուրիկ Բաղդասարյանի՝ ճակատայինների համար առաջին անհրաժեշտության պարագաներ բարձած բեռնատար մեքենայով հանդերձ: Այդ պահին այնտեղ էին Կապանի ջոկատը (Մանվել Օհանյանի հրամանատարությամբ) եւ Սիսիանի ջոկատի մի մասը (Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ). սիսիանցի մյուս կամավորականներն առաջնագծում մարտական հերթապահության էին:

Զորակայանում, որտեղ այդ պահին հանգստի ժամ էր, իսկական աշխուժություն սկիզբ առավ: Նախ բոլորը հավաքվեցին ու ողջունեցին մարզպետին, ապա տեղի ունեցան իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակում, մարդկանց հետաքրքրող հարցերի շուրջ զրույցներ ու քննարկումներ: Այնուհետեւ մարզպետի ու Սիսիանի, Կապանի ջոկատների հրամանատարների միջեւ տեղի ունեցան առանձնազրույցներ՝ դիրքերում օպերատիվ իրավիճակին, կամավորականների կացությանն ու հատկապես բժշկական ծառայությանն ու առաջիկա հերթափոխին առնչվող…

Օրվա վերջին, երբ արդեն մութն ընկել էր, մենք կրկին Մատաղիսի զորակայանում էինք. հրամանատար Աշոտ Մինասյանն արդեն մեկնել էր մի քանի կմ հեռավորության վրա գտնվող մարտական դիրքեր, իսկ այդ ընթացքում զորակայան էր այցելել Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը՝ կամավորականների համար բերելով առաջին անհրաժեշտության պարագաներ. այդ մասին մեզ տեղեկացրեց ազատամարտի սիսիանցի վետերան Համլետ Ծատրյանը, ով դիրքերից վերադարձել եւ զորակայանում էր:

Մինչ այդ մեր ստեղծագործական խումբը միացել էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին եւ մեկնել առաջնագծի մեկ այլ հատված՝ Եղնիկներ, որտեղ Գորիսի, Մեղրու, Քաջարանի ջոկատներն էին դիրքավորված:

Մարտակերտից մոտ 18կմ հյուսիս-արեւմուտք գտնվող Մատաղիսը Թարթառ գետի ափին է՝ երեք կողմից շրջապատող լեռների միջեւ: Գյուղի անունը ծագում է Վաչագան թագավորի դստեր անունից, որի պատվին էլ ժամանակին կառուցվել է գյուղը: Այդ տարածքում է Եղիշե առաքյալի վանքը, մերձակայքում բազմաթիվ գյուղատեղիներ են:

Առաջին անգամ էի շփման գծի այդ հատվածում…

Այն, որ ամենուրեք ռազմական բնույթի նախապատրաստական աշխատանքներ էին տարվում, այլեւս չէր զարմացնում: Իսկ ԼՂՀ ՊԲ մարտական հզոր դիրքերը միայն հպարտություն էին ներշնչում մեզ:

Ապշեցնող էր հատկապես տեղանքի ռելիեֆը՝ թավ անտառներով ծածկված:

Առավել ապշեցնող էր դժվարամատչելի այդ վայրերում հայկական ռազմական ստորաբաժանումների արհեստավարժ ու վստահ պահվածքը:

Ես, անշուշտ, հեռու եմ փորձագիտական բնույթի եզրակացություններ անելու հավակնությունից, բայց չեմ կարող չասել՝ աշխարհի ոչ բոլոր բանակները կարող են նման տեղանքում վստահ ու արդյունավետ գործել: Սա, հիրավի, աշխարհի այն հատվածներից է, որտեղ, որքան էլ տեխնիկան առաջադիմություն ապրի, որոշիչը լինելու է զինվորը՝ իր մարտական ոգով ու ֆիզիկական կոփվածությամբ:

Եղնիկներ բարձրանալու ճանապարհին անցանք Տոնաշեն գյուղի մերձակայքով: Այդ գյուղի հիմնադրման մասին ավանդույթը եւս Վաչագան թագավորի անունն է հիշում: Նրա տոհմակից Տոնին (Դոնին) է հիմնադրել գյուղը, որտեղ էլ ժամանակին կառուցվել է Սուրբ Գեւորգ եկեղեցին:

Իշխող լեռան գագաթին Գորիսի, Մեղրու, Քաջարանի կամավորական ջոկատներն էին՝ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների հետ հաստատուն կանգնած:

Այդ ջոկատի մարտիկները նույնպես ոգեւորությամբ ընդունեցին Սուրեն Խաչատրյանին: Տպավորությունն այն էր, որ Սուրեն Խաչատրյանը նրանց համար սոսկ մարզպետ չէ, այլ հրամանատար. անձամբ ճանաչում է յուրաքանչյուրին, իսկ նրանք՝ մարզպետին: Ճանաչելն էլ մի կողմ, իրար վստահում են, միմյանց հավատում…

Կամավորականների մասին այս օրերին շատ բան կարելի է լսել, նաեւ հակասական, բայց նրանք մեծ մասամբ արժանապատիվ տղաներ են, պինդ, համարձակ, ամենադժվար պայմաններում անգամ երկրին ծառայելու պատրաստ: Միաժամանակ, անկեղծ լինենք, այնքան էլ դյուրին չէ նրանց կառավարելը: Սակայն վերստին համոզվեցինք՝ Սուրեն Խաչատրյանի հրամանատար լինելը հաճո է նրանց, ինչպես եւ Մելիքսեթ Պողոսյանի, Աշոտ Մինասյանի, Մանվել Օհանյանի, Սուրիկ Բաղդասարյանի հրամանատար լինելը…

Իսկապես, կամավորական ջոկատում հրամանատար չի նշանակվում, նրանք ծնվում են ժամանակի մեջ եւ բոլորի կամքով…

Լեռնագագաթին եւս մարզպետի հետ քննարկումներ էին, մտքերի փոխանակում, անհապաղ լուծում պահանջող հարցերի վերհանում, այնուհետեւ՝ շրջայց հարյուրավոր մետրերով ձգվող խրամատներում…

1990-ականների պատերազմի ժամանակ Սյունիքի ինքապաշտպանական ջոկատները կռվում էին կրակագծի հարավային թեւում, եւ ամեն քարն ու ապառաժը նրանց ծանոթ էր:

Հյուսիսային թեւը նոր միջավայր է տղաների համար: Եվ պետք էր ոչ միայն տեղանքին ծանոթանալ,  այլեւ դիրքերն ուժեղացնել, նոր խնդիրներին համապատասխանեցնել, ու, փառք Աստծո, այդ խնդիրները լուծվում են կամ գրեթե լուծվել են: Մելիքսեթ Պողոսյանի հրամանատարությամբ որոշ չափով բարելավվել են մեր խրամատները, պաշտպանական նշանակության մյուս կառույցները: Հաճելի էր այդտեղ տեսնել Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանին, ով հրամանատարն է Քաջարանի կամավորական ջոկատի: Առաջնագիծ գնալուց հետո հնարավոր չէր հեռախոսով կապ հաստատել նրա հետ, այնպիսի տեղանքում է դիրքավորված ջոկատը, որ միայն ներքին կապով կարելի է խոսել: Զինվորական հանդերձանքով ու հրազենով քաղաքապետի տրամադրությունը բարձր էր, հոգնածություն չկար նրա դեմքին:

Այնտեղ էին Մեղրու հրամանատարները՝ քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանն ու փոխգնդապետ Սամվել Հայրապետյանը: Վերջինս էլ Արցախյան ազատամարտի վետերան է եւ խրոխտ պահվածքով ու հարուստ փորձով ժամկետային զինծառայողների կողքին է:

Առաջնագծում եղանք մի դիրքում, որի պահպանությունը վստահված էր կորնիձորցիների ջոկատին: Այնտեղ էր Լարիսա Գալստյանը, ով ապրիլի 3-ին սյունեցի կամավորականների շարքում մեկնել էր սահման (այդ մասին՝ «Սյունյաց երկրի» 2016թ. ապրիլի 8-ի համարում):

Ի՞նչն էր նաեւ ուշագրավ՝ ՊԲ ժամկետային ծառայողները եւ կամավորականները, որ կողք կողքի նույն խնդիրն էին լուծում, այնքան էին մտերմացել, որ, կարծեք, տարիների մարտական ընկերներ լինեն: Դա էլ բնական է, թեեւ տարբեր կարգավիճակով, բայց նույն առաքելությամբ են խրամատում հայտնվել…

Իրիկնամուտ էր, երբ Եղնիկներից հետդարձի ճանապարհը բռնեցինք: Խրամատներից պարզորոշ երեւացող հրաշք Գյուլիստանը՝ մերօրյա Շահումյանի տարածքը՝ բռնազավթված Ադրբեջանի կողմից, մնաց հետեւում:

Մենք չտեսանք, սակայն, Մռավի գագաթը: Համոզված ենք՝ թախծոտ չէր, այլ հպարտ էր, ինչպես դարեր շարունակ. պարզապես օրն էր ամպամած: Ի վերջո, չէր էլ կարող այդ լեռ-խորհրդանիշը հպարտ չլինել, քանզի նման զավակներ ունի:

Դրանում համոզվեցինք նաեւ Մարտակերտում, որտեղ կյանքը բնականոն հուն էր վերադառնում: Իսկ մարտակերտցիների տրամադրությունը բնութագրելու համար վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ռադիկ Առուշանյանը վերջին օրերին տարածված մի խոսակցություն պատմեց մեզ:

Մարտակերտի շրջանի ռմբակոծությունից հետո շրջան էին ժամանել նաեւ արտասահմանցի լրագրողներ: Թալիշում նրանցից մեկն արցախցի լրագրողի ուղեկցությամբ այցելում է գյուղի 101-ամյա տատիկին՝ հարցնելու նրա որպիսությունը, իմանալու գյուղացիների տրամադրությունը (հինգ թալիշցիներից մեկն էր, ով ադրբեջանական ներխուժման ժամանակ դուրս չէր եկել գյուղից):

Տեսնելով արցախցի լրագրողին՝ մեծ մամեն նրան է դիմում.

- Ա՛ խոխա, դեմքդ է ինձ ծանոթ ա:

- Արցախի հեռուստատեսությունից եմ, երեւի հեռուստաեթերից եք ինձ ճնանչում:

- Հա՜, բալա՛, հիշեցե, հիշեցե, - ասաց մամիկն ու շարունակեց, - բա էն մինը հուվա՞:

- Էն մինն ալ Բրյուսելից ա, լրագրող ա:

- Վա՜յ քուռանամ ես, ընդեղ դրությունը փիս ա, ասի մղայիտ կենա, մուք պընդ եք, թող մեզ հետա մտածե վեչ…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
14.04.2016թ. 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: