01/13/2025

Վարդան Գեւորգյան. «Ամենակարեւորը՝ մենք մեր հողի վրա ենք կանգնած եւ մեր հայրենիքն ենք պաշտպանում»

Վարդան Գեւորգյան. «Ամենակարեւորը՝ մենք մեր հողի վրա ենք կանգնած եւ մեր հայրենիքն ենք պաշտպանում»

Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը գործուն մասնակցություն է ունեցել 1992-94 թվականների Արցախյան պատերազմին: Այժմ քաջարանցի երկրապահների հետ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում է: Մարտական դիրքում հանդիպեցինք քաղաքապետին եւ կարճ զրույց ունեցանք:


- Պարոն Գեւորգյան, փորձում էինք Ձեզ հետ հեռախոսով կապվել, բայց չէր ստացվում, հեռակապի հետ կապված ինչ-որ խնդիրնե՞ր կան:

- Կապը քաղաքացիների համար է դժվար, բայց ներքին կապը գործում է, նաեւ այն համոզմունքն ունեմ, որ մարտական դիրքում միշտ չէ, որ քաղաքացիական բնակչության հետ կապն անխափան պիտի գործի: Կարեւորը ներքին կապն է, որ կա ստորաբաժանումների միջեւ… Բնական է, որ դիրքերում գտնվողների համար անհանգստանում են եւ ծնողները, եւ մտերիմները: Մայրս 93 տարեկան է, այսօր զանգել եմ, զգացի նրա անհանգստությունը, բայց հետո ավելացրեց, որ եթե ես չգնամ, մեզ նմանները չգնան, ո՞վ պիտի երկիրը պաշտպանի: Քաջարանցի իմ մարտական ընկերները դիրքերում են: Ջոկատում նաեւ կան երիտասարդներ, ովքեր պարտադիր զինծառայություն են անցել, բայց չէին պատկերացնում, թե ինչ են մարտական գործողությունները: Նրանց կողքին լինելը պարզապես անհրաժեշտություն էր: Ամենակարեւորն այն է, որ մեր հողի վրա ենք կանգնած, պատմական Հայաստանի տարածքներն ենք պաշտպանում, Սյունիքի եւ Արցախի հողերը…

- Ի՞նչ կփոխանցեիք թերթի ընթերցողներին:

- Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր զինվորներին. մենք համոզվեցինք, որ լրատվամիջոցներով, ինչպես հարկն է, զինվորի կյանքը, նրա սխրանքը չեն ներկայացվում, պետք է արժանին մատուցել զինվորին, նրա հրամանատարական կազմին, նրա ծնողներին: Բարեբախտաբար, կարճ տեւեցին մարտական գործողությունները, բայց մեր զինվորներն արիացել են: Միանգամից զգում ես, որ մի քանի ամսվա ժամկետային ծառայողն իսկական տղամարդ է դարձել, եւ հայրենասիրություն կա մեջը:

- Պարոն Գեւորգյան, սյունեցի կամավորներն Արցախյան պատերազմում հայ-ադրբեջանական հակամարտության հարավարեւելյան հատվածում են մարտնչել: Հե՞շտ էր հարմարվել հյուսիսային թեւի լեռնային տեղանքին:

- Մասնակցել ենք 1992-94թթ. մարտական գործողություններին… Իրողությունն այն է, որ ապրիլյան չորս օրը պաշտպանական մարտեր են եղել, եւ մեր կարիքը զգացվել է: Տեղանքը, իհարկե, կարեւոր է, բայց մենք հասցրինք շատ արագ հարմարվել: Նաեւ համոզվեցինք, որ ճիշտ ենք սերտել ռազմական գործի այբուբենը:

- Այսօր Դուք առաջնագծում եք, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը:

- Մենք գործ ունենք մի հակառակորդի հետ, ով էությամբ եւ գործողություններում մնացել է նույնը՝ նենգ եւ սեփական խոսքը չհարգող: Բայց նաեւ ասեմ, որ թուրքի դեմ ե՛ւ հեշտ է կռվելը, ե՛ւ դժվար: Շատ հեշտ, որովհետեւ նույն թուրքն է, բայց դժվար, քանզի պատերազմի օրենքները նրանք չեն կիրառում…

- Իսկ առաջնագծից տեսանելի՞ են նրանց տեղաշարժերը:

- Նման տեղաշարժեր երեւում են, բայց այլ բան եմ ուզում ասել: Մենք կամավոր ենք եկել այստեղ, իսկ ադրբեջանական կողմում կռվողները, համոզված եմ, ոչ թե հայրենասիրական մղումով են առաջին գիծ եկել, այլ պարզապես քշվել են հակամարտության գոտի: Երբ մենք դողում ենք յուրաքանչյուր զինվորի անվտանգության համար, նրանք իրենց մարդկանց ուղարկում են ստույգ մահվան…

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: