01/13/2025

Աշոտ Մինասյան. «Հրադադարի ռեժիմի խախտումներ գրեթե ամեն գիշեր արձանագրվում են»

Աշոտ Մինասյան. «Հրադադարի ռեժիմի խախտումներ գրեթե ամեն գիշեր արձանագրվում են»

Սիսիանի ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին նախորդ անգամ հանդիպել էինք Սիսիանում՝ Արցախյան վերսկսված պատերազմում զոհված սիսիանցի ազատամարտիկների հուղարկավորության ժամանակ: Ապիլի 13-ին հրամանատարին հանդիպեցինք Մատաղիսում եւ, բնականաբար, մեր զրույցն իր ղեկավարած ջոկատի կողմից իրականացրած սահմանների պաշտպանության, հրամանատարին հուզող խնդիրների մասին էր:


- Սահմանամերձում նախ առօրյա մի հարց կարող ենք տալ, ինչպե՞ս եք:

- Մարտական, լավ եմ:

- Եվ ամբողջ ջոկա՞տն էլ այդ տրամադրությունն ունի:

- Ամբողջ ջոկատն էլ է այդ տրամադրությամբ, նաեւ վրեժով լցված, կորցրած ընկերների կիսատ թողած գործը շարունակելու պատրաստակամությամբ:

- Հիմա որտե՞ղ է ջոկատը, ոնց որ մի մասն է այստեղ:

- Քիչ մասն է այստեղ, ջոկատը հիմնականում գտնվում է 6-րդ պաշտպանականի 3-րդ գումարտակի դիրքերում, կանգնած ենք ժամկետային զինվորների հետ, խիզախ, ընտիր տղաներ են, նման հերոս զինվորներ չկան: Այստեղ քիչ մարդ կա, մոտ տասը հոգի, հիվանդներն են, որոնց դիրքերից իջեցրել ենք բուժման համար, որից հետո էլի դիրքեր են բարձրանալու: Եվ բազայի սպասարկումն է, որոնք սնունդ են հասցնում դիրքապահներին: Գործի բերումով եմ այստեղ, միշտ դիրքերում եմ լինում:

- Եվ երկա՞ր տարածք է վստահված ձեր պաշտպանությանը:

- Տարածքի երկարությունը չէ խնդիրը, այլ վտանգավորությունը: Դա պայմանավորված է ռելիեֆով, որովհետեւ մենք տեղավորված ենք հարթության մեջ, փոքրիկ բլուրներին, աշխատում ենք շրջանաձեւ պաշտպանությամբ, որ թշնամին անցում տալու դեպքում կարողանանք նաեւ նոր պաշտպանություն բռնել, որ դիրքը չզիջենք:

- Իսկ կրակը դադարեցնելուց հետո խախտումներ լինո՞ւմ են:

- Այս գիշեր միայն չի եղել, մնացած գիշերներին եղել են, հրադադարի ռեժիմի խախտումներ գրեթե ամեն գիշեր արձանագրվում են:

- Դուք համարժեք պատասխան տալի՞ս եք:

- Չպատասխանելը սխալ կլինի, որովհետեւ թշնամին կմտածի, թե մենք թույլ ենք:

- Որքանով տեղյակ ենք, դուք 6-րդ պաշտպանական գոտում տեղաբաշխված կամավորականների ընդհանուր հրամանատարն եք, կարելի՞ է նման բնութագրում տալ եւ ոչ միայն Սիսիանի ջոկատի հրամանատար:

- Ես կարող եմ այսպես ասել, բոլոր տղաներն ինձ հետ կապի մեջ են, բայց կոորդինացնել բառը չեմ կարող օգտագործել, որովհետեւ հեռակառավարման կապը չի աշխատում, որովհետեւ ամեն գումարտակ առանձին է աշխատում: Ես կապ ունեմ կենտրոնի հետ, ես երկու կապով եմ աշխատում: Բացի դրանից էլ՝ հեռախոսի կապը չի գործում: Դիրքերի հետ մշտապես կապ կա, դիրք կա, որի հետ չենք կարողանում կապ հաստատել, բայց կողքի դիրքերից կարողանում են ինֆորմացիա հաղորդել, թե ինչ է կատարվում: Արագ ինֆորմացիա են տալիս:

- Սիսիանի ջոկատը շատ ցավալի կորուստներ ունեցավ, այդ ողբերգական պատահարից հետո ինչպիսի՞ հոգեվիճակում են ջոկատի տղաները:

- Տխուր են, հոգեպես ընկճված, բայց «կոտրված» չեն, վճռական են տրամադրված: Եվ չենք հեռանալու դիրքերից, մինչեւ համապատասխան հրաման չլինի: Իննսունից ավելի մարդ կա ջոկատում, տասը հոգի ռեզերվային են սպասարկողները, մյուսները դիրքերում են լինում:

- Իսկ տղաների մեջ հոգնածություն կա՞, ամեն դեպքեւմ այստեղ տեսնում ենք նաեւ տարիքն առած մարդկանց:

- Կա, բնական եմ համարում դա: Տարիքն իր խոսքն ասում է: Երիտասարդ տղաներ ունենք, ովքեր անփորձ են, բայց արդեն կարողանում են դիրքի տեր լինել: Դիրքերի հրամանատարներ նշանակել եմ մեր նախկին զինվորականներին՝ կոչումով փոխգնդապետ, մայոր, ովքեր տարիքը լրանալու հետ կապված զորացրվել են բանակից, բայց այսօր կանգնած են դիրքերում: Ամենատարիքավորը Ֆելիքս Գրիգորյանն է, այստեղ է, երեկոյան ինձ հետ կգնա դիրքեր:

- Այս հարցն էլ չենք կարող չտալ, իսկ կենցաղային հարցեր ծագո՞ւմ են:

- Նախ ասեմ, որ շնորհակալ եմ մեր ժողովրդից, իրենց պատրաստակամության, օգնությունների, կազմակերպվածության համար: Մարզպետով սկսած հասարակ գյուղացիով վերջացրած, բոլորին շնորհակալ եմ: Բայց մեր ժողովուրդը չի պատկերացնում, որ այսօր ռազմաճակատ ամեն ինչ պետք չէ ուղարկել: Մի քանի անգամ բացատրել եմ. Սիսիանում, օրինակ, ստեղծվել է կոորդինացիոն խորհուրդ: Բայց  մարդիկ կան, ովքեր կարծում են, թե եթե իրենք իրենց ձեռքով բերեն սնունդը հասցնեն մեզ, մեզ մեծ լավություն են անում: Մեզ պետք չէ դա: Ավելորդ ծախս է. անտեղի սնունդ, այստեղ աղբ է գոյանում, ինչի՞ համար: Ավելի նպատակահարմար է այդ սնունդն իրենց ընտանիքում մնա, մեզ ուղարկեն մի վրան, որ դիրքը պահող զինվորն անձրեւից պաշտպանվի: Այ, դրա կարիքն ունենք: Թե չէ, այդքան մուրաբաներ ինչի՞ն է պետք: Ժողովրդի կամեցողությունն ինձ գոհացնում է: Յուրաքանչյուր գյուղ ցանկանում է իր օգնությունը բերել, ո՞ւմ համար, հանուն ինչի՞: Ժողովո՛ւրդ ջան, ձեր զինվորի համար արեք այն, ինչ որ իրենք են ուզում, այլ ոչ թե այն, ինչ որ դուք եք ուզում: Դրանք տարբեր բաներ են:

- Առհասարակ ձեր դիրքերից տեսանելի՞ են հակառակորդի տեղաշարժերը:

- Մեր դիրքերից տեսանելի են, մենք այդ ամեն ինչը տեսնում ենք, իրենց մոտ ահագին կուտակումներ կան, դիրքերի բարելավում կա, իսկ մենք պատրաստ ենք դրան դիմակայելու: Մենք ունենք հատուկ սարքեր, մեր տղաները տեսնում են, ուսումնասիրում են, հետախուզությունը համապատասխան ինֆորմացիա ունի, համապատասխան քայլեր ձեռնարկվում են:

- Դուք դիրքերում կանգնած եք ժամկետային զինծառայողների հետ, ինչպե՞ս է նրանց տրամադրությունը:

- Շատ բարձր: Հերոսական տղաներ են, երկիրը, ժողովուրդը, ազգը մեր զինվորի վրա են հույս դրել, զինվորը դա գիտակցում է: Առաջին օրը հարվածն իրենց վրա են վերցրել եւ դիմացել: Կեցցեն նրանք, հրաշք տղաներ են:

- Նաեւ տեղյակ ենք, որ դուք այս անգամ եկել եք դիրքեր ձեր որդու հետ:

- Իմ ավագ որդին այս պահին այստեղ է (ապրիլի 13, խմբ.), երկրորդ որդիս կգա փոխարինելու եղբորը:

- Դա ձեր ցանկությո՞ւնն է, թե՞ իրենց:

- Դա իրենց ցանկությունն էր… Ժամանակին իմ ծնողն արգելք չեղավ, որ ես մասնակցեմ կռվին: Դա իրենց պարտքն է, որ պարտավոր են կատարել:

- Ի՞նչ կավելացնեք ասվածին, հավանաբար, կարեւոր բան ունեք ասելու:

- Մի խնդրանք ունեմ Սիսիանի ժողովրդին, Սյունիքի ժողովրդին, ողջ հայ ժողովրդին: Ձեր զանգերով մի՛ ծանրաբեռնեք զինվորին: Երկրորդ՝ ավելորդ խոսակցություններով մի՛ ծանրաբեռնեք այդ հեռախոսները, որոնք լսման տակ են: Դրանով խանգարում եք մեր աշխատանքին: Երրորդ՝ ականջալուր եղեք զինվորի պահանջին եւ ոչ թե ձեր կամեցածին, կոորդինացրեք բոլոր աշխատանքները երկրապահի եւ կոորդինացիոն խորհրդի հետ: Սնունդ մեզ անհրաժեշտ չէ, մեզ պետք են հեռադիտակ, գիշերային դիտարկման սարքեր, էլեմենտներ՝ հեռախոսները լիցքավորելու համար…

- Իսկ կոորդինացիոն խորհուրդը տեղյա՞կ է այդ ամենի մասին:

- Մեր կոորդինացիոն խորհուրդն ամբողջովին տեղյակ է…

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: