01/13/2025

Ո՞ւր մնացին սասունցիները…

Ո՞ւր մնացին սասունցիները…

Ամեն տարի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ բովանդակալից միջոցառումներ են կազմակերպվում Գորիսի պետական համալսարանում: Այս տարվա գրական-երաժշտական ցերեկույթը, որ կրում էր «Ո՞ւր մնացին սասունցիները…» խորագիրը,  հագեցած էր հայրենի եւ սփյուռքահայ գրականության էջերով եւ հիմնականում նվիրված էր Սասնա աշխարհին:

Համալսարանի հումանիտար եւ հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու եւ գրականություն», «Մանկավարժություն եւ մեթոդիկա», «Պատմություն» բաժինների շուրջ մեկ տասնյակ լավագույն ուսանողներ ներկայացրեցին հայոց մեծ տառապանքի ու կարոտի, ընդվզումի ու հերոսականության էջերն ու դրվագները` ներկաների հոգում արթնացնելով կորուսյալ լեռնաշխարհի պատկերավոր զգացողությունը: Հուզված աչքերում թախիծ ու բողոք կար եւ մանավանդ հայրենի հողի համար հարատեւ պայքարը շարունակելու կամք ու ոգի:

Ուսանողների ելույթներից հետո օրվա խորհուրդն ընդգրկող պատգամներով բանախոսեցին ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությանը, պրոֆեսոր Գեւորգ Ստեփանյանը, պատմական գիտությունների թեկնածու, հրապարակախոս Արմեն Կարապետյանը եւ ուրիշներ:

Ներկաները հեռացան դահլիճից` հոգում տանելով Սասնա հրաշագեղ աշխարհի գույներն ու կարոտը:

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: