01/13/2025

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հայտարարությունը

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հայտարարությունը

(27/04/16 08:40) Իրադրությունն առաջնագծում

Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաեւ այս գիշեր: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետներից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի եւ խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ եւ այլ խաղաղ բնակավայրեր:

Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետեւանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների եւ թիրախային հարվածներ հասցնելով՝ թշնամուն պատճառել կենդանի ուժի եւ տեխնիկայի զգալի կորուստներ:

Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է:
 
(27/04/16 09:10) Հայտարարություն

Ս.թ. ապրիլի 5-ին հակամարտ կողմերի միջեւ ձեռքբերված կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որդեգրած մարտավարությունն ակնհայտ կերպով ցույց է տալիս, որ պաշտոնական Բաքուն մի կողմից իր սադրիչ գործողություններով իրավիճակը տանում է դեպի կանխամտածված սրացման, իսկ մյուս կողմից շտապում առաջնային գծում տեղի ունեցող զարգացումները ներկայացնել որպես հայկական կողմի նախահարձակ գործողությունների հետեւանք:

Հատկանշական է, որ հակառակորդն իր այս գործելաոճը կյանքի կոչելու համար դիմում է սեփական զինանոցում եղած ամենաստոր ու հրեշավոր միջոցների կիրառմանը: Ասվածի անհերքելի ապացույցներից է առաջնային գծին մերձակա բնակավայրերում ադրբեջանական հրետանու եւ զրահատանկային ուժերի համար կրակային հենակետերի ծավալման փաստը, որտեղից հակառակորդը, հիմնականում գիշերային ժամերին, հրետակոծության եւ արկակոծության է ենթարկում հայկական դիրքերն ու խաղաղ բնակավայրերը:

Թաքնվելով խաղաղ բնակիչների թիկունքում եւ արդյունքում նույն այդ քաղաքացիներին դարձնելով կենդանի վահան, ադրբեջանական հրամանատարությունն արդեն օրեր շարունակ կատարում է իր սեւ գործը:

Ելնելով ստեղծված իրավիճակից` ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հակառակորդ կողմին խորհուրդ է տալիս հարգել իրենց իսկ խնդրանքով կրակի դադարեցման վերաբերյալ կողմերի միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունը ու նաեւ զգուշացնում` խաղաղ բնակավայրերը չվերածել կրակային հենակետերի` դրանք դարձնելով խոցման թիրախ: Հակառակ դեպքում հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

nkrmil.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: