01/17/2025

Տղաներին՝ անփորձանք ծառայություն եւ վերադարձ

Սյունիքի մարզի կամավորականների երրորդ հերթափոխը մայիսի 3-ին մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ պաշտպանության բանակի մարտիկների հետ Արցախի սահմանների հուսալի պաշտպանությունն ապահովելու առաքելությամբ:

Կամավորականների առաջին խումբը, ինչպես տեղեկացրել էինք, Լեռնային Ղարաբաղ էր մեկնել ապրիլի 3-ին, երկրորդ խումբը՝ ապրիլի 17-ին:

Եվ ահա հակամարտության գոտի է մեկնում սյունեցի աշխարհազորայինների երրորդ խումբը:

Մինչ այդ Սյունիքի գումարտակը հակամարտության հյուսիսային թեւից տեղափոխվել էր հարավարեւելյան գոտի՝ այնտեղ կատարելու իր մարտական առաջադրանքը:

Մի փոքր այլ ժամանակացույցով եւ երթուղով են գործել Սիսիանի կամավորականները: Երրորդ հերթափոխը, Աշոտ Մինասյանի հրամանատարությամբ, հակամարտության գոտի է մեկնել մայիսի 1-ին: Այդ ջոկատը, ԼՂՀ ՊԲ ղեկավարության համաձայնությամբ, գործում է Մատաղիսի պաշտպանական գոտում:

Եվ, այդուհանդերձ, մայիսի 3-ին սիսիանցի կամավորականների մի փոքրիկ խումբ նույնպես (Սյունիքի գումարտակի կազմում) մեկնեց հակամարտության հարավարեւելյան գոտի, որտեղ գնդապետ Արայիկ Վարդանյանի հրամանատարությամբ գործում է սիսիանցիների մեկ այլ ջոկատ:

Թե ինչու սիսիանցի կամավորականները գործում են երկու ջոկատով եւ հակամարտության տարբեր թեւերում՝ դա խոսակցության այլ նյութ է:

Մայիսի 3-ին ճակատ մեկնող սյունեցիների գումարտակում էին Գորիսի, Քաջարանի, Կապանի, Մեղրու ջոկատները:

Գումարտակի շտաբը կղեկավարի Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, ով էլ կամավորականներին Գորիսից առաջնորդեց նշանակման վայր:

Հակամարտության գոտի մեկնող կամավորականներին ողջերթի խոսք հղեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

Դե ինչ, տղաներին՝ անփորձանք ծառայություն, իսկ երկրորդ հերթափոխի մարտիկներին՝ բարի վերադարձ:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: