01/17/2025

Կարեն Լազարյան. «Ուսանելու եկեք Գորիսի պետական քոլեջ եւ կստանաք հիմնավոր գիտելիքներ ու պահանջված կլինեք աշխատաշուկայում»

Միջին մասնագիտական եւ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը, որ Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի կարեւոր բաղադրիչն է, եղել եւ մնում է հանրության ուշադրության կենտրոնում: Հատկապես հանրակրթական դպրոցների շրջանավարտներին ու նրանց ծնողներին, գործատուներին հետաքրքրում են այդ ոլորտում տեղի ունեցող վերափոխումները:

Սյունիքի մարզի համանման ուսումնական հաստատությունների շարքում իր ծանրակշիռ տեղն ունի Գորիսի պետական քոլեջը, որը ծնունդ է առել 1928 թվականին եւ գործել նախ` Գորիսի մանկավարժական տեխնիկում, 1966 թվականից` Գորիսի մանկավարժական ուսումնարան, 1998 թվականից` Գորիսի պետական մանկավարժական քոլեջ, 2008 թվականից` Գորիսի պետական քոլեջ անվանումներով:

Ուսումնարանն ի սկզբանե եղել է Սյունիք-Զանգեզուր տարածաշրջանի լավագույն կրթօջախներից մեկը, որն իր գործունեության ընթացքում պատրաստել է մանկավարժական կադրեր եւ բավարարել Սյունիքի ու Վայոց ձորի, ինչպես եւ Լեռնային Ղարաբաղի կրթական հաստատությունների (եւ ոչ միայն) կադրերի պահանջարկը: Կրթօջախի շրջանավարտների մի մասն էլ շարունակել ու շարունակում է ուսումը հանրապետության տարբեր բուհերում: Նրանցից մոտ 50 հոգի դարձել են անվանի գրողներ, ակադեմիկոսներ, մանկավարժներ, բժիշկներ, փիլիսոփաներ, ովքեր եղել եւ մնում են կրթօջախի փառքը:

Մոտ 90-ամյա կրթօջախը, չնայած ժամանակի վայրիվերումներին, պահել է իր ինքնատիպությունը` արժանի եւ մնայուն տեղ զբաղեցնելով հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շարքում:

Գորիսի պետական քոլեջն այսօր էլ հաստատուն քայլերով շարունակում է իր ազգանպաստ առաքելությունը եւ հարստացնում տասնամյակներով ձեւավորված ավանդույթները. 255 ուսանող այնտեղ ստանում է միջին մասնագիտական եւ արհեստագործական կրթություն:

Քոլեջի ներկա ընթացքի, ծրագրերի ու անելիքների, ինչպես եւ առկա խնդիրների մասին է զրույցը «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Լազարյանի հետ:


- Պարոն Լազարյան, վերջին անգամ մեր թերթին հարցազրույց տվեցիք չորս տարի առաջ («Սյունյաց երկիր», N17, 20 հուլիսի 2012թ.): Ինչպե՞ս կբնութագրեք հաջորդող ժամանակաշրջանը Գորիսի պետական քոլեջի համար:

- Ընդհանուր առմամբ քոլեջում բարելավվեց մասնագիտական կրթության որակը, հզորացան աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի պատրաստման կարողությունները:

Կատարված աշխատանքները հնարավորություն տվեցին լուծել կրթօջախի առջեւ ծառացած խնդիրների մի մասը, ապահովեցին քոլեջի գործունեության կայուն ընթացք եւ նախադրյալներ ստեղծեցին հետագա զարգացման համար:

Որոշակիորեն արդիականացվեցին ուսումնամեթոդական նյութերը, հարստացավ նյութատեխնիկական բազան:

Տարեկան միջին հաշվով 130 դիմորդ եւ նույնքան շրջանավարտ...

- Մեր զրույցը տեղի է ունենում 2016-17 ուսումնական տարվա նախապատրաստության, ավելի ճիշտ` նոր ընդունելության նախապատրաստման ամենաբուռն շրջանում: Եվ, բնականաբար, կուզեինք գլխավորապես դրան առնչվող հարցեր քննարկել:

Նախ` միջին մասնագիտական կրթական ծրագրերով ի՞նչ մասնագիտություններով ընդունելություն կկատարվի նոր ուսումնական տարվա համար:

- Միջին մասնագիտական կրթական ծրագրերով` Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, Նախադպրոցական կրթություն, Դեղագործություն, Քույրական գործ, Մանկաբարձական գործ եւ Դիզայն:

- Իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերո՞վ:

- Համակարգիչների շահագործում, Վարսավիրական արվեստ եւ զարդային դիմահարդարում, Ատաղձագործական, մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ, Խոհարարական գործ, Գեղանկարչություն եւ քանդակագործություն, Կարի արտադրության տեխնոլոգիա:

- Թվարկված մասնագիտությունների մեջ ո՞րն է նորն առաջիկա ուսումնական տարվա կրթական ծրագրերում:

- Նորություն ունենք նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերում` Գեղանկարչություն եւ քանդակագործություն մասնագիտությունը, որակավորումը` փորագրող` քարե գեղարվեստական իրերի:

- Ինչպես տեսնում ենք` ի սկզբանե մանկավարժական կոչվող ուսումնարանում այլեւս մանկավարժական կադրեր չեք պատրաստում:

- Տասնամյակներ շարունակ քոլեջում ուսուցանվող մասնագիտությունների գերակշռող մասը, իրոք, ունեցել է մանկավարժական ուղղվածություն: Վերջին տարիներին, սակայն, կրթական բարեփոխումների եւ օպտիմալացման քաղաքականության հետեւանքով, ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, նվազել է միջին մասնագիտական կրթությամբ կադրերի պահանջարկն անգամ հեռավոր, լեռնային, սահմանամերձ համայնքներում: Այդ երեւույթը շարունակվելու միտում ունի: Դա է պատճառը, որ արդեն մի քանի տարի է` վերցրել ենք մանկավարժական մասնագիտությունների ուսուցումից հրաժարվելու կուրս: Օրենքի պահանջ էլ կա` հանրակրթական դպրոցում ուսուցչական գործն այլեւս վերապահվում է բարձրագույն կրթությամբ մասնագետին: Այդ դրույթը բխում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ օրենքից (6 հոկտեմբերի 2011թ.): Ըստ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետի` «Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն… »: Նույն օրենքի համաձայն` ուսուցչին ներկայացվող այդ պահանջներն ուժի մեջ կմտնեն 2018թ. օգոստոսի 20-ից:

- Մենք մասնակցում էինք Սյունիքի մարզի կրթության աշխատողների 2015թ. օգոստոսյան համաժողովին: Դուք ելույթ ունեցաք եւ մի քանի խնդիր բարձրացրիք: Դրանցից մեկը տպավորվել է մեր հիշողության մեջ, ահա թե ինչ էիք ասում. «Տարիներ շարունակ... Գորիսի պետական քոլեջը պատրաստել է կադրեր «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ» մասնագիտություններով»: Հիմա նման մասնագիտությամբ կրթություն ստանալու համար մեր տարածաշրջանի շրջանավարտները պետք է մեկնեն Երեւան կամ այլ քաղաքներ: Եվ դա այն դեպքում, երբ Գորիսի պետական քոլեջն իր ուսումնական բազայով, դասախոսական անձնակազմով, արտադրական պրակտիկայի հնարավորություններով չի զիջում հանրապետության որեւէ բժշկական ուսումնարանի: Մեր խնդրանքն է` վերանայել այդ մոտեցումը, մանավանդ որ Գորիսի պետական քոլեջն ունի համապատասխան արտոնագրեր, մանավանդ որ շատ-շատ ընտանիքների սոցիալական վիճակը թույլ չի տալիս, որ իրենց երեխան միջին մասնագիտական կրթություն ստանա Գորիսից դուրսե: Ի՞նչ ընթացք ստացավ այդ խնդիրը:

- Նախ` այսօր էլ այդ խնդիրը կա, եւ հրատապ եմ համարում: Երկրորդ, խնդիրը բարձրացվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետարանի առջեւ` քննարկելու եւ լուծում տալու ակնկալիքով: Ողջամիտ որեւէ խոչընդոտ չեմ տեսնում եւ հույս ունեմ, որ 2016-17 ուսումնական տարվա համար նշված մասնագիտությունների գծով կկատարվի ընդունելություն:

- Ձեր ասածից հետեւում է, որ մեր ժամանակներում առանցքային նշանակություն ունի ուսուցանվող մասնագիտությունների հիմնավոր ընտրությունը:

- Ճիշտ եք բնութագրում` այդ հարցն առանցքային նշանակություն ունի յուրաքանչյուր բուհի, միջին մասնագիտական եւ արհեստագործական ուսումնական հաստատության համար:

Հարցն ուղղակիորեն փոխկապակցված է աշխատաշուկայի, Սյունիքի մարզի եւ հատկապես Գորիսի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային զարգացման հետ: Բայց երկարաժամկետ ծրագրեր այդ առումով չենք կարող մշակել` նկատի ունենալով աշխատաշուկայի պահանջարկի հնարավոր փոփոխությունները, տնտեսության դիվերսիֆիկացիան: Փոխարենը հստակ նախանշել ենք առաջիկա մեկ-երկու տարում ներդրվելիք մասնագիտությունների ցանկը:

Մի կարեւոր հանգամանք էլ կա. նոր մասնագիտությունների ներդրումն ամենեւին էլ մեխանիկական գործընթաց չէ: Ամեն մի նոր մասնագիտություն ներդնելու համար անհրաժեշտ են կադրերի պատրաստում, վերապատրաստում, համապատասխան ուսումնանյութական բազայի ստեղծում եւ այլն: Մի խոսքով` դա լուրջ ջանքեր եւ միջոցներ է պահանջում:

- Իսկ ի՞նչ կասեք լրացուցիչ կրթության (ուսուցման) եւ ոչ ֆորմալ կրթության (ուսուցման) իրականացման վերաբերյալ, արդյո՞ք քոլեջի հնարավորությունները ռացիոնալ են օգտագործվում այդ նպատակով:

- Լրացուցիչ կրթության (ուսուցման) եւ ոչ ֆորմալ կրթության (ուսուցման) իրականացման հնարավորություններն ու պահանջարկը Գորիսի տարածաշրջանում առայժմ ուսումնասիրված են ոչ բավարար:

Կարճաժամկետ ուսումնական ծրագրերի իրականացման համար որոշակի հնարավորություններ ունեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության տարածքային կենտրոնները: Նկատի ունենք մասնավորապես թափուր եւ նոր աշխատատեղերի համար մասնագետների վերապատրաստումն ու ուսուցումը:

Երկու-երեք ամիս տեւողությամբ կրթական այդ ծրագրերը, որքան էլ զարմանալի է, Գորիսի տարածաշրջանում տարիներ շարունակ իրագործում էին ինչ-որ հկ-ներ կամ ՍՊԸ-ներ: Եվ եթե մինչեւ վերջերս այդ հարցը կարգավորված չէր, ապա 2015թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում «Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման եւ իրականացման կարգի մասին», որի համաձայն միջին մասնագիտական եւ արհեստագործական ուսումնական հաստատություններն ավելի շատ հնարավորություն ունեն ընդգրկվելու զբաղվածության կենտրոնների ծրագրերի իրականացման գործում: Այնպես որ` անելիքներ ունենք այդ ուղղությամբ:

- Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն ունեն մի արտոնություն, որի մասին քչերն են տեղյակ, խոսքը շարունակական կրթության հնարավորության մասին է:

- Իրոք, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներն իրավունք ունեն կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում` համապատասխան մասնագիտության երկրորդ կուրսում` հեռակա ուսուցմամբ: Խնդիրը հստակեցվել է ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 8-ի N752-Ն որոշմամբ: Խնդրեմ, կարող եք ծանոթանալ այդ որոշման հավելվածին` «Կարգ` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու»: Վերջին տարիներին այդ հնարավորությունից օգտվել է քոլեջի 21 շրջանավարտ: Եվ հինգ հոգի, ովքեր քոլեջը կավարտեն այս տարի, պատրաստվում են նույն կերպ ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում:

- Գորիսի պետական քոլեջում, փաստորեն, միջին մասնագիտական կրթական ծրագրերի հետ մեկտեղ իրականացվում են նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր:

- Քիչ առաջ ասացի, թե արհեստագործական կրթական ծրագրերով ինչ մասնագիտություններ են ուսուցանվում մեզ մոտ:

Արհեստագործական կրթական ծրագրերի ներդրումը, հավատացեք, իրադարձություն էր Գորիսի տարածաշրջանում:

1990-ականներին փակվել էր Գորիսի պրոֆտեխուսումնարանը, եւ արհեստների քաղաքի համբավ ունեցող Գորիսում ոչ մի տեղ արհեստավոր չէին պատրաստում:

Մենք համարձակորեն գնացինք այդ խնդիրը լուծելու ճանապարհով: 2012 թվականից ներդրվեցին կրթական այդպիսի ծրագրեր, որը, ինչպես եւ ակնկալվում էր, պատշաճ արձագանք ունեցավ: Չորս տարում (2012-2015թթ.) ունեցանք 248 դիմորդ արհեստագործական մասնագիտությունների գծով:

Ուզում եմ նաեւ տեղյակ լինեք` նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագրերի զգալի մասն իրականացվում է պետական պատվերով: Ավելի պարզ արտահայտվեմ` ուսանողի համար արհեստագործական բաժնում սովորելը մեծամասամբ անվճար է, իսկ անվճար սովորողները նաեւ պետական կրթաթոշակ են ստանում:

Արհեստագործական բաժնի ստեղծումով նաեւ մոտ տասը դրույքի չափով աշխատատեղ է ավելացել մեզ մոտ, այսինքն` աշխատող դասախոսների բեռնվածությունն է ինչ-որ չափով կարգավորվել:

- Կրթական ծրագրերի հետ կապված մի հարց եւս, որ չենք կարող շրջանցել. որքանո՞վ են քոլեջում իրականացվում հանրակրթական ծրագրեր: Մեր հարցի ենթատեքստը, կարծում ենք, պարզ է. երեխան ավարտել է 9-րդ դասարանը (հիմնական դպրոցը) եւ ուզում է միաժամանակ ե՛ւ մասնագիտություն սովորել, ե՛ւ հանրակրթական միջնակարգ դպրոցի շրջանավարտի կարգավիճակ ունենալ:

- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում 2015թ. ապրիլի 8-ին կատարված փոփոխությամբ 2017թ. հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում պարտադիր է միջնակարգ կրթությունը:

Գործող օրենսդրությամբ` հանրակրթական հիմնական ծրագրերը, հանրակրթական ուսումնական հաստատություններից բացի, իրականացվում են նաեւ մասնագիտական ուսումնական հաստատություններում:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպման հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է` դրանից բխող անելիքներով:

Հիմնական դպրոցն ավարտողների մի մասն իր կրթությունը գերադասում է շարունակել նախնական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով` ստանալով մասնագիտություն եւ ընդհանուր միջնակարգ կրթությունը շարունակելու հնարավորություն:

Ասվածից բխում է Ձեր հարցի պատասխանը` այո, հիմնական դպրոցի շրջանավարտը կարող է գալ քոլեջ ու միաժամանակ ստանալ ե՛ւ միջնակարգ կրթություն, ե՛ւ որեւէ մասնագիտություն:

- Հիմա մեր հանրապետության կրթության ոլորտում, այդ թվում` միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, համընդհանուր աշխատանք է կատարվում Եվրոպական կրթական տարածքին ինտեգրվելու ուղղությամբ: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Հանրապետության նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվում են բարեփոխումներ` միտված Եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը, որն ուղղորդվում է Թուրինի գործընթացով:

Գործընթացի պահանջներին համապատասխան հանրապետությունում մշակվել են արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչներ, որոնց հիման վրա վերանայվել են ուսումնական ծրագրերը նաեւ Գորիսի պետական քոլեջում:

Այդ առումով, սակայն, անելիքներն ավելի շատ են, քան կատարվածը: Այսինքն` կրթության գլոբալ համակարգերին ինտեգրվելը մեր գործունեության կարեւոր ուղղություններից է:

ՄԿՈւ-ի ոլորտի բարեփոխումների գլխավոր ուղղությունը (ըստ Եվրամիության աջակցության ծրագրի) 12 տարածաշրջանային բազմագործառութային քոլեջները համարելով` ինչ-որ չափով տուժում են (կամ ուշադրությունից դուրս են մնում) մյուս քոլեջները: Իրականության հետ գրեթե առնչություն չի կարող ունենալ դրույթը, որ տարածաշրջանային քոլեջները կստանձնեն (կամ արդեն ստանձնած պիտի լինեն) բարեփոխումների առաջնորդի եւ տարածողի առաքելությունը: Համենայնդեպս նախորդ տարիների փորձը դա է վկայում:

Միաժամանակ` ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համապատասխան կառույցների օգնությամբ կմշակենք հայեցակարգ` Գորիսի պետական քոլեջը եվրոպական կրթական տարածքին աստիճանաբար ինտեգրելու վերաբերյալ` նկատի ունենալով «ՀՀ 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը»:

- Իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք կարո՞ղ են Գորիսի պետական քոլեջում սովորել:

- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2.1 մասի համաձայն` ,Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիքե:

Ըստ 2014թ. դեկտեմբերի 1-ին ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի լրացումների եւ փոփոխությունների` ուսումական հաստատություններում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցողների ծանրակշիռ մեծամասնությունը մինչեւ 2025թ. իրականացվելիք համընդհանուր ներառման պետական քաղաքականության արդյունքում իր կրթական իրավունքը կիրականացնի ընդհանուր կամ մասնագիտացված հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում:

Օրենքի այդ պահանջները մենք կատարում ենք եւ ունենք հետագա անելիքների հստակ ծրագրեր: Եվ այսօր արդեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք նույնպես կարող են ուսանելու գալ Գորիսի պետական քոլեջ:

- Կրթական ծրագրերի որակյալ իրականացումը, անշուշտ, պահանջում է ե՛ւ կադրերի վերապատրաստում, ե՛ւ ուսումնական պլանների արդիականացում, ե՛ւ մասնագիտությունների չափորոշիչների նորացում:

Կարողանո՞ւմ եք հասնել ժամանակի հետեւից:

- Ուսուցանվող բոլոր մասնագիտությունների համար մշակվել եւ ներդրվել են նոր չափորոշիչներ:
Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) կողմից մշակվել եւ ներդրվել են չափորոշիչներից բխող ուսումնական պլաններ:

Դասավանդվող առարկաներից 104-ի համար մշակվել եւ ներդրվել են մոդուլային ուսումնական ծրագրեր:

Անձնակազմի եւ հատկապես մանկավարժական կադրերի վերապատրաստումը եղել է ուշադրության կենտրոնում: ԿԳ նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի եւ ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից կազմակերպվել է վերապատրաստման ութ դասընթաց: Բավականին արդյունավետ կազմակերպված այդ դասընթացներին պարբերաբար եւ պարտադիր կարգով մասնակցել են տնօրենն ու փոխտնօրենները, դասախոսներն ու վարպետները:

Սրանք աշխատանքներ են, որոնք չեն կարող շարունակական չլինել...

- Ուսուցման արդիական համակարգը ե՛ւ բուհում ու դպրոցում, ե՛ւ միջին մասնագիտական ու նախնական մասնագիտական կրթական հաստատություններում ենթադրում է ուսումնամեթոդական համապատասխան բազա: Կարո՞ղ եք ներկայացնել քոլեջում գործող կաբինետները, լաբորատորիաները եւ արհեստանոցները:

- Ունենք կահավորված երեք կաբինետ (համակարգչային, կենսաբանության եւ անատոմիայի, ռազմագիտության), կահավորված երկու լաբորատորիա` ֆիզիկայի եւ քիմիայի, չորս արհեստանոց` փայտամշակման, խոհարարական գործի, կարի եւ վարսահարդարության, ինչպես եւ անընդհատ համալրվող գրադարան… Աշխատանքներ են տարվում նոր կաբինետներ, արհեստանոցներ եւ լաբորատորիաներ ստեղծելու ուղղությամբ:

- Մենք բավականին զրուցեցինք կրթությանն առնչվող հարցերի շուրջ, բայց գերխնդիրը, ի վերջո, ժամանակակից անձի եւ քաղաքացու ձեւավորումն է: Կուզենայինք նաեւ այդ մասին լսել:

- Ուսանողի` ազգային, բարոյական եւ համամարդկային արժեքների ոգով դաստիարակությանը միտված աշխատանքները մեր գործունեության հիմնական ուղղություններից են:

Երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելու համար քոլեջում ստեղծվել է ռազմագիտության կաբինետ` կահավորված անհրաժեշտ գույքով եւ ցուցավահանակներով: Հանրապետական ու մարզային մասշտաբի միջոցառումների եւ ուսումնասիրությունների ընթացքում կաբինետը քանիցս արժանացել է լավագույնի կոչման: Կաբինետի հնարավորություններն օգտագործվում են ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:

Ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակով կազմակերպվում են այցելություններ տարածաշրջանում տեղաբաշխված զորամասեր, կազմակերպվում են հանդիպումներ զինվորների ու սպաների, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան պատերազմի վետերանների, զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների հետ:

Քոլեջում հետաքրքիր ավանդույթներ կան գեղագիտական դաստիարակության ոլորտում: Ցուցահանդեսները, հիշարժան տարեթվերի նշումը, գեղարվեստական ինքնագործ խմբերի ելույթները, մարզական միջոցառումները տարիների ընթացքում քոլեջին ճանաչում են բերել:

Պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ արվեստի, մշակույթի, գիտության ներկայացուցիչների հետ, ովքեր այցելում են Գորիս:

- Միգուցե անդրադառնանք նաեւ հիմնախնդիրների՞ն:

- Մեր զրույցի ընթացքում արդեն անդրադարձանք որոշ հիմնախնդիրների:

Ասվածին ավելացնեմ հետեւյալը` քոլեջի շենքի բակի հիմնանորոգում, մասնավորապես ջրահեռացման համակարգի ստեղծում:

Օրակարգային է շենքի ջեռուցման հարցը. առավել օպտիմալ տարբերակը շենքի գազիֆիկացումն է: Առայժմ շենքը ջեռուցվում է վառելափայտով կամ էլեկտրական սալիկներով:

Առաջնային է շենքի հարկաբաժինների նորոգումը, լսարանները գրավիչ տեսքի բերելը:

Կարեւոր հարց եմ համարում քոլեջի դասախոսական կազմի սոցիալական կարիքների բավարարմանը միտված աշխատանքը:

Քոլեջում աշխատելն ավելի գրավիչ դարձնելուն, օրինակ, կարող է նպաստել սոցիալական փաթեթի շահառուների մեջ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին ընդգրկելը` համապատասխան փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի N1691-Ն որոշման մեջ: Տարօրինակ է, երբ նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններն այդ փաթեթի շահառու են, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում արհեստագործական կրթական ծրագրեր իրականացնողները` ոչ:

- Մեր զրույցն ամբողջական չի լինի, եթե չանդրադառնանք կարեւոր մի հարցի` շրջանավարտների աշխատանքի տեղավորման ներկա վիճակին եւ հեռանկարին:

- Իսկապես, պատանիներն ու աղջիկները մասնագիտություն են ստանում, որպեսզի հետագայում կամ շարունակեն կրթությունը, կամ ձեռք բերած մասնագիտությամբ աշխատանք ունենան եւ ընդհանրապես կյանքում իրենց տեղը գտնեն, ինքնադրսեւորվեն:

Անկեղծ լինենք` իրավիճակը ոչ սովորական է. բուհերի, միջին մասնագիտական եւ արհեստագործական կրթօջախների լայն ցանց` մի կողմից, մյուս կողմից` զբաղվածության լրջագույն խնդիր հանրապետությունում:

Եվ նման իրավիճակում մեր շրջանավարտների մոտ 20 տոկոսն է ամեն տարի իր մասնագիտությամբ աշխատանք գտնում, մի մասն էլ աշխատանքի է անցնում ոչ իր մասնագիտությամբ:

Բայց մեզ համար մի ուրիշ չափանիշ էլ կա. արդյո՞ք մեր շրջանավարտները` աշխատանք ունեցող, բավարարում են գործատուի մերօրյա պահանջները:

Հաճելիորեն պիտի ասեմ` մեր շրջանավարտների արհեստավարժության, հմտության, պրոֆեսիոնալ որակների մասին բազմաթիվ արձագանքներ ունենք ամենատարբեր ոլորտների գործատուներից: Դրանք վկայում են, որ Գորիսի պետական քոլեջի շրջանավարտները հաջողությամբ են կյանքում քննություն բռնում ե՛ւ իրենց մասնագիտական գիտելիքներով, ե՛ւ իրենց քաղաքացիական կերպով:

Վերը նշվածով հանդերձ, շրջանավարտներին մասնագիտական աշխատանքով բավարարելու խնդիրը եղել եւ մնում է օրախնդիր, քանի դեռ մեզանում (ամբողջ հանրապետության մասշտաբով) զբաղվածության խնդիրը հիմնովին չի կարգավորվել:

- Եվ վերջին հարցը, ի՞նչ կուզենայիք ասել հանրակրթական դպրոցների շրջանավարտներին, ովքեր դեռեւս չեն կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում:

- Ընդամենը մեկ նախադասություն` ուսանելու եկեք Գորիսի պետական քոլեջ եւ կստանաք հիմնավոր գիտելիքներ ու պահանջված կլինեք աշխատաշուկայում:

Ասվածը, հավատացեք, սոսկ խոսք չէ: 2009-2015թթ. տարեկան միջին հաշվով 130 հոգի ընդունելության է եկել քոլեջ, ինչը վկայում է քոլեջի պահանջված եւ նախընտրելի լինելու մասին:

Մի լրացում եւս, որ անպայմանորեն կհետաքրքրի դպրոցի շրջանավարտներին` վերջին տարիներին մեր քոլեջում անընդհատ ավելացել են անվճար տեղերը. դա հնարավորություն է տվել, որ սոցիալապես անապահով խավերից ավելի շատ ուսանողներ ընդգրկվեն մասնագիտական եւ արհեստագործական բաժիններում: Այդ իրողությունը շարունակվելու միտում ունի…

Եվ, օգտվելով առիթից, քոլեջի դասախոսական անձնակազմի եւ իմ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը, Սյունիքի մարզպետարանին, Գորիսի քաղաքապետարանին, մեր բոլոր գործընկերներին` աջակցության եւ համագործակցության համար: Քոլեջի հաջողությունները նաեւ այդ համագործակցության արդյունք են: Մեր առջեւ ծառացած բազում խնդիրների լուծման գրավականներից մեկն էլ այդ համագործակցությունն է:

Հարցազրույցը` ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: