01/12/2025

Այսօր Ակսել Բակունցի ծննդյան օրն է

Այսօր Ակսել Բակունցի ծննդյան օրն է

Ա. Բ.-ին

…Եվ բառերի համար քո մարմարյա,
Հնամենի, բուրյան, որպես մեր հին
Քարաքանդակ անդուռ մատուռների
Անջընջելի գրերն հնադարյան, -
Եվ մյուռոնի նման սրբազնագույն
Քո երգերի մաքուր սկիհներում պահված՝
Խորհուրդների համար մշտահըմա,
Որպես խորհուրդը մեր նաիրական ոգու, -
Քո «Միրհավի» համար - եւ լուսեղեն՝
Արփենիկի հուշով սրբագործված հավետ,
«Ալպիական ծաղկի» այն բուրավետ,
Որ բուրելու է հար աննյութեղեն, -
Եվ վերջապես քո վեհ, հերոսական
«Սերմնացանի» համար, որ ձեռքերով վսեմ
Սեւ ցելերի վրա մեր գոյության այս սեւ
Շաղում է շողք ու սերմ անանձնական, -

Այս ամենի համար, - եւ «Ծիրանի»
Հազարամյա փողի՛ համար քո այն,
Որ դարերո՜վ տենչած խաղաղության
Երգն է հնչում, - եւ մեր ժողովուրդը քանի
Ունի գեթ ափ մի հող արեգակի ներքո՝
Հնչելու է երգեր եղբայրական, -
Այս ամենի համար, օ՜, խեղճ իմ բարեկամ
Ես քեզ օրհնում եմ արդ իմ անաղարտ երգով…
Այս ամենի համար, - եւ քո եղերական
Տառապանքի համար, որ արդ կրկին
Վեհություն է խառնում քո անաղարտ երգին -
Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական…
Եվ ներբողում եմ քեզ ահա կրկին անեղծ
Իմ շրթերով, ինչպես օրեր առաջ, -
Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ,
Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ…

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: