01/15/2025

Անդրադարձ տխուր տարելիցին

Անդրադարձ տխուր տարելիցին

2006 թվականին «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելուց հետո հունիսի 14-ը նշվում է որպես բռնադատվածների հիշատակի օր: Կապանի երկրագիտական թանգարանն այդ տարելիցին անդրադարձավ գիտաժողովով, որին մասնակցում էին մտավորականներ, տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդիկ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին թանգարանի մեծ բարեկամ Ռոբերտ Էջանանցու հիշատակը: Թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի զեկուցումը խորհրդանշական վերնագիր էր կրում՝ «Բախում են դուռը, հավաքեք իրերը»: Բանախոսը թվերի եւ փաստերի լեզվով ներկայացրեց 1949 թվականի հունիսի 14-ի աքսորի մասին, երբ մի քանի ժամվա ընթացքում դեպի անհայտություն ուղեւորվեցին հարյուրավոր ընտանիքներ: Անդրադարձ եղավ նաեւ Խորհրդային Միությունում հայ ժողովրդի հանդեպ իրականացված մյուս տեղահանություններին եւս: Հավաստի փաստերով պատմվեց կապանցի ընտանիքների՝ աքսորավայրում անցկացրած տարիները, նրանց ապրուստը, զբաղմունքը, կենցաղը:

Թանգարանի գիտաշխատող Դավիթ Հակոբյանը ներկայացրեց Շիկահող գյուղացի Գրիգոր Ստեփանյանի ընտանիքի պատմությունը, նրա ոդիսականն աքսորավայրում: 1949-ի հունիսի 14-ի աքսորի մասին տեղեկություններ հաղորդեցին միջոցառման մասնակիցները, իսկ բռնադատվածի ժառանգ Գալյա Ադամյանը (ծնվել է աքսորավայրում՝ Ալթայում) մանրամասներ ներկայացրեց իրենց ընտանիքի օտար երկնքի տակ ապրած ժամանակից:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: