01/12/2025

Նշանավոր սյունեցին, ականավոր պատմաբանն ու բանասերը

Նշանավոր սյունեցին, ականավոր պատմաբանն ու բանասերը

Շարունակում ենք ներկայացնել Սյունյաց աշխարհի այն զավակներին, ովքեր սուրբ եւ բազմերանելի մարդու՝ Մաշտոցի՝ Սյունիք գալուց եւ տերունական մեր երկրամասը կրկին լուսավորելուց հետո դարեր ի վեր վառ պահեցին այդ լույսը:

Մեսրոպի ու նրա ընտրյալ աշակերտներ Բենիամինի ու Անանիայի հիմնադրած առաջին դպրոցները Սյունիքում այնքան զորավոր գտնվեցին, որ նրանց ճառագայթները, անգամ պատմության դժնդակ ժամանակներում, սփռվեցին ամբողջ Հայաստանով մեկ եւ յուրօրինակ կանթեղ եղան հայոց մեջ:

Խոսքը, նախեւառաջ, այդ դպրոցների մեծահամբավ ուսուցիչների եւ նույնքան համբավավոր աշակերտների մասին է, ապա եւ Սյունյաց (Շաղատի) վարդապետարանի ու Գլաձորի, Տաթեւի համալսարանների անզուգական քերթողների մասին, ովքեր հայոց միտքը մի նոր աստիճանի բարձրացրին:

Խոսքը դրանց հաջորդած ժամանակների գրիչների ու ծաղկողների մասին է եւ, իհարկե, Սյունյաց մեծ անապատի լուսավորիչների մասին:

Խոսքը, ի վերջո, գրողների ու բանաստեղծների , երաժիշտների ու գիտնականների, պատմաբանների ու բանասերների, նշանավոր զորավարների ու պետական գործիչների մի ամբողջ բույլի մասին է, որի արժանավոր ներկայացուցիչներին տեսնում ենք նաեւ 20-րդ դարում:

Ամենայն իմաստնությամբ ու կատարյալ գիտությամբ լի այդ երեւելիների շարքում է գիտության բարձունքներին հասած, իմացության լույսով պայծառացած մի անհատականություն, ում անուն-ազգանունն է Մորուս Հասրաթյան՝ հմտացած պատմագիտության, հնագիտության, մանկավարժության, բանասիրության եւ հատկապես սայաթնովագիտության մեջ:

«Սյունյաց երկիր» թերթի սույն համարը Մորուս Հասրաթյանին հիշելու, նրա գիտական ժառանգությանը նորովի հաղորդվելու ու նրա պայծառ հիշատակի առջեւ խոնարհվելու քայլ է:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: