01/15/2025

Վերականգնվում է Մեղրու Անապաստանաց վանքը

Վերականգնվում է Մեղրու Անապաստանաց վանքը

«Երկիր եւ մշակույթ» համազգային կազմակերպությունը սկսել է Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցու կամ, ինչպես մեղրեցիներն են անվանում, Անապաստանաց վանքի վերականգնման աշխատանքը:

Ըստ կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ, հայաստանյան ծրագրերի պատասխանատու, վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանի՝ 2016 թվականին նախատեսված է կատարելու գիտահետազոտական եւ նախնական աշխատանքներ՝ չափագրություն, նախագծում, պեղումներ, երկրաբանական ուսումնասիրություններ, պատերի սեյսմակայունության ուսումնասիրում: Զուգահեռաբար կիրականացվեն ժամանակավոր ամրակայման աշխատանքներ: Իսկ բուն շինարարությունը կիրականացվի 2017-ին:

Ենթադրվում է, որ աշխատանքները կտեւեն մոտ երեք տարի:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան:

Հնագիտական աշխատանքները ղեկավարում են ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Հարություն Բադալյանը եւ Արման Նալբանդյանը: Աշխատանքներին (ամռան ամիսներին) մասնակցում են նաեւ կամավորներ Սփյուռքից եւ Հայաստանի տարբեր բնակավայրերից:

Եկեղեցու վերականգնման աշխատանքները կատարվում են «Երկիր եւ մշակույթ» կազմակերպության բարերարների, մասնավորապես Հայկ եւ Հիլդա Մանջիկյանների ներդրմամբ (ԱՄՆ). արդեն իսկ նրանք այդ նպատակով նվիրել են 250 հազար դոլար:

Հիշեցնենք նաեւ՝ եկեղեցին 13-րդ դարի կառույց է՝ վերաշինված 17-րդ դարում:

Նաիրա Հայրապետյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: