01/12/2025

Մեղրիում հրդեհված շենքի բնակիչները շուտով կվերադառնան իրենց բնակարան

Մեղրիում հրդեհված շենքի բնակիչները շուտով կվերադառնան իրենց բնակարան

2015թ. հունիսի 13-ին Մեղրու Անդրանիկի փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենքում եւ Լեւոն Ազատյանին պատկանող առանձնատանը բռնկված հրդեհի հետեւանքները «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության հովանավորությամբ գրեթե վերացվել են: Իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով 2016թ. հուլիսի 15-ին Մեղրի էին այցելել «ԶՊՄԿ» ՓԲԸ վարչական տնօրեն Վահե Հակոբյանը, կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը:

Իրականացվող շինարարական աշխատանքների ծրագրի ղեկավարներն ու պատասխանատուներն են կոմբինատի շինարարության գծով տնօրենի տեղակալ Կարեն Մկրտչյանը եւ կոմերցիոն տնօրենի շինարարության գծով տեղակալ Աշոտ Այվազյանը: Ինչպես տեղեկացրեց Կարեն Մկրտչյանը, բազմաբնակարան շենքի վերակառուցման եւ առանձնատան կառուցման աշխատանքների համար կոմբինատը հատկացրել է շուրջ 170 մլն դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կապանի նորոգշին» ՍՊԸ-ն (տնօրեն՝ Ռազմիկ Փարսյան), իսկ աշխատանքների 95%-ն արդեն ավարտվել է, 5%-ը կավարտվի հուլիսի վերջին:

Կոմբինատի ղեկավարությունը, ծանոթանալով կատարված աշխատանքներին, բարձր գնահատեց դրանց որակը: Համայնքի ղեկավար Արշավիր Հովհաննիսյանը եւ շենքի բնակիչներն իրենց երախտագիտությունը հայտնեցին կոմբինատի ղեկավարությանը՝ հովանավորության եւ այս ողջ ժամանակահատվածում տուժած ընտանիքներին աջակցելու համար: Ի դեպ, ժամանակավորապես հյուրանոցում տեղակայված ընտանիքների ծախսած էլեկտրաէներգիայի գումարը փոխհատուցում է Զանգեզուրի ՊՄԿ-ն:

Բնակիչները հարց են բարձրացրել հնարավորության դեպքում կատարել նաեւ շենքի մյուս հատվածի վերանորոգումը: Կոմբինատի ղեկավարությունը խոստացավ իրագործել խնդրանքը՝ պայմանավորելով դա ընկերության ֆինանսական վիճակով:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: