01/15/2025

Կաթի մթերման կետը՝ ֆերմերային տնտեսությունների հիմք

Կաթի մթերման կետը՝ ֆերմերային տնտեսությունների հիմք

Մայրաքաղաքից մոտ երկու հարյուր կիլոմետր արեւելք՝ Սյունիքի մարզի Հարժիս համայնքում 2011 թվականից գործող միակ կաթի մթերման կետը Սեդրակ Հակոբյանի համար բիզնես նախագիծ չէ, այլ համագյուղացիներին արտագաղթից հետ պահելու միջոց:

«Ամեն ինչ սկսվեց 2010 թվականին, երբ մարդիկ արդեն լրիվ հիասթափված էին, անասուն չէին ուզում պահել, գյուղում մի 200 գլուխ կով էր մնացել»,- պատմում է կաթի մթերման կետի հիմնադիր Սեդրակ Հակոբյանը: Նրա խոսքով՝ կենդանիներ պահելու որեւէ ցանկություն գյուղացիների մոտ չկար, քանի որ համայնքը գտնվում է մայրաքաղաքից եւ խոշոր շուկաներից հեռու եւ, բնականաբար, գոյություն ուներ մթերքի իրացման խնդիր:

- 2010 թվականին արդեն ամեն ինչ պատրաստ էր, սառնարանը դրված, բայց մի լիտր կաթ չենք կարողացել մթերել, կաթ չի եղել, մարդիկ ավելցուկ չեն ունեցել հանձնելու,- հիշում է Սեդրակը: –2011 թվականի մարտ-ապրիլ ամիսներին: Ռազմավարական զարգացման գործակալության միջնորդությամբ մոտ 32 ֆերմեր զեղչով անասուն ձեռք բերեց Տաշիրից, Ստեփանավանից: Հետո արդեն սկսեցին վարկ վերցնել, կովեր առան, շատացրին, որ մի բան երեւա: Այսպես, զրոյից մենք ֆերմերային տնտեսություններ ենք ստեղծել, լրիվ զրոյից:

Ռիսկերի ու դժվարությունների մասին Սեդրակը չի մտածել: «Եթե գյուղում ծնվել, մեծացել ես, հասկանում ես, որ ռիսկ ամեն ինչի մեջ էլ կա»,- ժպտալով ասում է  նա: Մտածել է, որ նման լեռնային գյուղում մարդկանց հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, ուստի պետք է այդ զբաղմունքը եկամտաբեր դարձնել, այլապես ,գյուղը կդատարկվի, երիտասարդ չի մնա: «Էստեղ ո՛չ այգիներ կան, ո՛չ արտադրություն, ո՛չ գործարան: Ինչ պիտի անեն, պիտի թողնեն-գնան Ռուսաստան կամ ուրիշ տեղ, ընտանիքն էլ տանեն»,- ասում է Սեդրակը:

Երբ խնդրում եմ խոսել բիզնեսի դժվարությունների մասին, նեղսրտում է: «Ես սա որպես բիզնես չեմ ընկալում. սա ծրագիր է, որը պետք է անել ի շահ ժողովրդի: Ես չեմ մտածել, որ սրանից պետք է եկամուտ ստանամ»,- ասում է նա՝ հավելելով, որ առաջին տարին աշխատել է վնասով:

Երիտասարդ գործարարի համար ամենակարեւորն ազնվությունն է, մարդկանց վստահություն արդարացնելը: Պատմում է, որ ձմռան ամիսներին սովորաբար մթերումների ծավալը կրճատվում է, եւ բիզնեսի տեսանկյունից աշխատելը եկամտաբեր չի դառնում: Բայցեւայնպես շարունակում են աշխատել, քանի որ մարդիկ պետք է վստահ լինեն, որ եթե անգամ 1 լիտր ավելցուկ կաթ ունեն, անկախ տարվա եղանակից, կարող են իրացնել:

Այս պահին Սեդրակը համագործակցում է 60 ֆերմերի հետ, օրական մթերում շուրջ 2 տոննա կաթ: Խոսելով ապագայից՝ երազում է, որ մի օր կկարողանա տեղում վերամշակել մթերված կաթը, բայց առայժմ վաղ է դրա մասին խոսել. մեծ ֆինանսների հետ է կապված:

Ապագային մեծ հույսով է նայում: Ոչնչից չի բողոքում, ոչ մի բանից չի տրտնջում: Միակ կռիվը ժամանակի հետ է: «Բողոքում եմ, որ ժամանակը չի հերիքում, որ աշխատող մարդուն հնարավոորւթյուն չկա լավ աշխատելու: Ես չեմ ասում՝ մեկն աշխատի իմ փոխարեն, կամ աշխատածը բերի ինձ տա: Մեզ հնարավորութուն տան աշխատելու՝ ամեն ինչ կանենք»,- եզրափակում է Սեդրակ Հակոբյանը:

Հարժիս համայնքում կաթի մթերման կետը հիմնվել է «Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գրասենյակի (ՇԶՀԳ) ֆինանսավորմամբ: 2011-2016թթ. ընթացքում, շնորհիվ կաթի մթերման կետի, համայնքում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը գրեթե կրկնապատկվել է: 

Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) հկ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: