01/15/2025

Երեւանյան դեպքերը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում

Երեւանյան դեպքերը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում

Բռնությունն ընդունելի տարբերակ չէ. ԱՄՆ դեսպան

Հայաստանում քաղաքական փոփոխություններ կատարելու համար բռնությունը երբեք ընդունելի տարբերակ չի կարող լինել: Այս մասին նշել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը` հուլիսի 20-ին անդրադառնալով օրեր առաջ մի խումբ զինված անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակմանը:

«Երեկ ԱՄՆ պետքարտուղարությունում այս մասին հարց հնչեցվեց: Մեր կողմից Հայաստանի իշխանություններին հորդոր եղավ՝ իրավիճակը զսպվածությամբ եւ արհեստավարժ կերպով կարգավորելու վերաբերյալ: Հիմա ժամանակն է, որ բոլոր հայերի կողմից օրենքի գերակայության նկատմամբ հարգանք դրսեւորվի, որպեսզի իրավիճակը խաղաղ հանգուցալուծվի, ինչը, կարծում եմ, այն է, ինչ բոլորն են ցանկանում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Միլսը:

Նրա խոսքով` ԱՄՆ դեսպանությունը ուշադիր հետեւում է իրավիճակին: Դեսպանը դեսպանության եւ իր անունից ցավակցություն հայտնեց զոհված սպայի հարազատներին:

hraparak.am
Հուլիսի 2016

ԵՄ տեղական հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ (21/07/2016)

Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ  տարածում է հետեւյալ հայտարարությունը.

Ընդգծելով, որ քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է՝ մեր զորակցությունն ենք հայտնում ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին: Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում տեղի ունեցած դեպքերից տուժողներին մաղթում ենք արագ եւ լիարժեք ապաքինում:

Մտահոգությամբ ընդգծելով անհամաչափ ուժի կիրառման եւ ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցները՝ իշխանություններին կոչ ենք անում հարգել համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաեւ բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների  առնչությամբ: Միաժամանակ, ցուցարարներին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում:

Ի գիտություն ընդունելով նաեւ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված հայտարարությունները՝ հորդորում ենք լիարժեք հետաքննություն կատարել ոստիկանների կողմից իրականացված բոլոր իրավախախտումների մասին հաղորդումների առնչությամբ, այդ թվում` նրանց կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի եւ իրավապաշտպանների եւ բուժօգնության մերժման առնչությամբ:

eeas.europa.eu

Մոսկվան դատապարտում է երեւանյան դեպքերը դատապարտող ԵՄ-ի հայտարարությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատող հայտարարություն է տարածել Երեւանում ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ Եվրոպական միության հայտարարության վերաբերյալ:

ԵՄ պատվիրակությունը, մասնավորապես, հայտարարել էր, որ քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է, զորակցություն է հայտնել գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին: Միաժամանակ, ընդգծելով անհամաչափ ուժի կիրառման եւ ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցները՝ ԵՄ-ն իշխանություններին կոչ է արել հարգել համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաեւ բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների առնչությամբ: Միաժամանակ հայտարարվել է, որ ցուցարարներին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում:

Մոսկվան, սակայն, գտնում է, որ փաստաթղթում «զարմանալի կերպով տեղ չի գտնվել հանցավոր գործողությունների՝ ոստիկանության շենքի վրա զինված գրոհի, ոստիկանի սպանության, պատանդներ վերցնելու առնչությամբ: Դրա փոխարեն լուրջ շեշտ է դրվել իշխանություններին պահանջների վրա՝ «համաչափություն» պահպանել եւ հետաքննել «ոստիկանության անհամաչափ գործողությունները»:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, «դժվար է ազատվել տպավորությունից, որ ԵՄ դիվանագետները զուգերգում են այն ուժերին, որոնք փորձում են ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը»:

1in.am
2016-07-23

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: