01/15/2025

Ազնվամորու փառատոնը՝ զարկ հատապտղի արտադրությանը

Ազնվամորու փառատոնը՝ զարկ հատապտղի արտադրությանը

Հացավանի գողտրիկ «MJA Resort» հանգստյան գոտին լցվել էր ազնվամորու բույրով ու պատկերներով: Փառատոնն այստեղ էր հավաքել ազնվամորու արտադրությամբ զբաղվող սյունեցիներին եւ բոլոր նրանց, ովքեր սիրում են ճաշակել նրբահամ այս հատապտուղը: Իրենց տաղավարներով ներկայացել էին Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան, Հացավան, Թասիկ, Տոլորս, Բնունիս, Կապանի տարածաշրջանի Դավիթբեկ եւ Եղեգ համայնքների արտադրողները:

9-ամյա Անգելինան իր ամենասիրելի հատապտուղը՝ ազնվամորին է պատկերում թղթին, հետո իր հասակակից՝ նկարչության մրցույթին մասնակցող մյուս երեխաների հետ կշրջի տաղավարներով՝  մասնակցելու համտեսին: Թարմ ազնվամորուց մինչեւ հյութեր, կոմպոտներ, մուրաբաներ, ժելեներ, տորթեր ու տարաբնույթ աղանդերներ... Փառատոնը կրում էր «Հյուրասիրում են սյունեցիները» խորագիրը, համեղ համտեսը բոլորի համար էր:

«Մալինա ենք բերել, ռուլետ, տորթ, մեր այգու բարիքներից ենք հավաքել , բերել հետներս,-ասում է Եղեգ համայնքը ներկայացնող Շուշանիկ տատը, - մալինան էլ 91թ.-ին՝ որ Գետաշեն գյուղը բռնագաղթել ա,  մեզ հետ արմատներով բերել ենք, աճեցրել մեր այգիներում»:

Աշոտավանի համայնքապետարանի աշխատակից Անուշ Գեւորգյանի խոսքով՝ աշոտավանցիներից շատերն իրենց հիմնական եկամուտը ստանում ազնվամորու տնկարկներից: Պարարտանյութ չեն օգտագործում, դրա համար էլ գնորդների պակաս չի լինում: «Այսօր հյուրասիրում ենք, - ասում է, ժպտում, - շատ համեղ է, շատ օգտակար՝ հատկապես մրսածության ժամանակ»:

Փառատոնը նախաձեռնել է «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը: Նպատակն է՝ աջակցել ազնվամորու արտադրության ընդլայնմանը տարածաշրջանում, հնարավորություն տալ արտադրողին իրացման նոր շուկաներ գտնելու:

«Որոշեցինք կազմակերպել նման մեծամասշտաբ միջոցառում՝ փառատոն, որպեսզի պոտենցիալ գնորդներ հրավիրենք, հնարավորություն տանք  Սյունիքի մարզի մեր արտադրողների խմբերին իրենց աճեցրած  օրգանական ազնվամորին հանել ավելի մեծ շուկա», - տեղեկացնում է «World Vision» կազմակերպության Սյունիքի ծրագրերի ղեկավար Լենա Կարապետյանը: Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է Աշոտավան համայնքից, որտեղ արդեն երկու տարի կազմակերպությունը տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակում ազնվամորու մշակությանն առնչվող դասընթացների, նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է տեղական արժեշղթայի զարգացմանը:  Հաղթանակի ձգտող աշոտավանցի կանանց «Վիկտորիա» խմբի օրինակն արդեն վարակիչ է դարձել սյունիքյան մի շարք այլ համայնքներում: Հիմա ազնվամորու մշակությամբ զբաղվող խմբեր են ձեւավորվում  նաեւ Սիսիանի տարածաշրջանի Թասիկ, Տոլորս, Բնունիս, Կապանի տարածաշրջանի Սյունիք, Դավիթբեկ եւ Եղեգ համայնքներում:

«Մյուս մշակաբույսերի մշակությունը,  անասնապահությունը մեզ մոտ էֆեկտիվ չեն. արոտավայրեր չունենք, բերրի հողեր չունենք: Հատկապես ազնվամորին կանայք կարողանում են մշակել, իսկ Աշոտավանում շատ ընտանիքների հոգսը հենց կանանց ուսերին է, - ասում է  արտադրողների «Վիկտորիա» խմբի  անդամ Վիկտորյա Խաչատրյանը: - Կողքի համայնքներում էլ ենք տարածել ազնվամորու մշակությունը, որ կարողանանք մեծ շուկաներում հանդես գալ, թե չէ ընդամենը 30տ մալինա ունենալով՝ մենք չենք կարող մեծ շուկաներ գրավել: Այս պահին իրացման խնդիր չունենք, մեզ ծավալներ են պետք»:

Փառատոնային ողջ օրը հագեցած էր ձեռքի աշխատանքների, ինժեներական լաբորատորիաների շաղափային հաստոցների արտադրանքի ցուցահանդես-վաճառքներով, երգ-երաժշտությամբ, ազգային պարերով, լարախաղացի կատարումներով, մրցույթ-խաղարկություններով ու  մրցանակներով:

Իրենց ելույթներով փառատոնին շուք հաղորդեցին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը, Սիսիանի մանկական արվեստի դպրոցը, «Արեգ» եւ «Գրանդ» պարային համույթները:

ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: