01/15/2025

Սիսիանում 7-րդ անգամ նշվեց Երիտասարդության միջազգային օրը

Սիսիանում 7-րդ անգամ նշվեց Երիտասարդության միջազգային օրը

«Սիսիանն իմ բնօրրանն է, եւ ես եմ նրա վաղվա տերը», «Կա հայ երիտասարդություն, կա մեծ հայրենիք, որը քոնը պիտի լինի վաղը», «Երիտասարդությունն այն փարոսն է, որ լուսավորելու է ապագայի ճանապարհը», «Նորահաս սերնդի մեջ բացառիկ տեղ է գրավում ուսանողությունը՝ մեր վաղվա մտավորականությունը», «Ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան, նայի՛ր նրա երիտասարդությանը»... Սիսիանցի երիտասարդների ձեռքին նշված բովանդակությամբ պաստառներ են: Օգոստոսի 12-ն է՝ Երիտասարդության միջազգային օրը: Օրը երիտասարդներինն է, ասելիքը՝ նույնպես:

Մեկ տարի ԱՄՆ-ում կրթություն ստացած, տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ ուսանած ու շփված Աղվան Բախշյանը համոզվել է՝ հայ երիտասարդները շատ ավելի խելացի են, ունակ: Միայն ինքնավստահությունն է պակասում: Ինքն իր ազատ մտածողությամբ, անկաշկանդ պահվածքով ու ակտիվությամբ փորձում է կոտրել կարծրատիպերը, օրինակ լինել հասակակիցների շրջանում:

«Համեմատության շնորհիվ հասկացա, որ հայ երիտասարդությունը շատ ավելիին կարող է հասնել, - ասում է: - Մեր երիտասարդներն ամաչկոտ են, հենց դա է պատճառը, որ շատ տաղանդավոր երիտասարդներ այդպես էլ չեն բացահայտվում»:

Աղվանը մեկն է սիսիանցի այն երիտասարդներից, ովքեր ոգեւորությամբ են մասնակցում Երիտասարդության միջազգային օրվա առիթով կազմակերպված միջոցառումներին: Երիտասարդության ուժը համախմբվածության մեջ է՝ համոզված է:

Ինտելեկտուալ, մարզական ու ժամանցային խաղեր, երգի ու պարի մրցույթներ, մատաղի արարողություն... Նախաձեռնությունը Սիսիանի քաղաքապետարանինն է, որ արդեն 7-րդ տարին իր շուրջն է համախմբում ամառային հանգիստը վայելող հարյուրավոր երիտասարդների:

«Երիտասարդների ոգեւորությունը բոլորս ենք նկատում. շատ բարձր տրամադրությամբ են մասնակցում միջոցառումներին, միակ օրն է, որ ուսանողությունն անհամբերությամբ է սպասում: Մենք էլ երիտասարդանում ենք, մեկ օր ապրում երիտասարդական կյանքով, - ասում է համայնքի ղեկավար Աղասի Հակոբջանյանը: - Մեր նպատակն է նաեւ համախմբել բոլորին. Սիսիանը միասին պետք է շենացնենք, մեր երկիրը՝ միասին զորացնենք»:

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ միջոցառումների մեկնարկը տրվեց Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում: Երիտասարդները նախ ծաղիկներ խոնարհեցին Համո Սահյանի արձանին, հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին, այնուհետեւ քահանայի օրհնությամբ ուղեւորվեցին Շաքեի ջրվեժի տարածք:

«Առաջին անգամ չէ, որ մասնակցում եմ, երեւի երրորդ անգամ է: Շատ լավ է անցնում, շատ ուրախ, ընկերներով հավաքվում ենք, ուրախանում: Ե՛վ խաղեր են լինում, ե՛ւ մրցույթներ: Հաճույքով եմ մասնակցում» - ասում է ԵՊՀ ուսանողուհի Վիկտորյա Պետրոսյանը, շարունակում վայելել ջրվեժի հոգեզմայլ տեսարանը:

«Նոր ծանոթություններն ամենակարեւորն են, մարդիկ համախմբվում են, նոր գաղափարներ ու ծրագրեր են ծնվում», - հավելում է «Արեւ» երիտասարդական ՀԿ նախագահ Հրաչ Մինասյանը:

Երեկոյան երիտասարդները կրկին Սիսիանի կենտրոնական հրապարակում էին: Համերգ-դիսկոտեկն ու հրավառությունը տոնական օրվա վերջին՝ ամենաաշխույժ ակորդներն էին:

ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: