01/12/2025

Գագիկ Առուշանյան. միշտ պրպտող ու գտնող, նաեւ ուրիշի ցավով ապրող գործարարը

Գագիկ Առուշանյան. միշտ պրպտող ու գտնող, նաեւ ուրիշի ցավով ապրող գործարարը

Խորհրդային տարիներին մեզ դաստիարակել են, որ հարուստ լինելը վատ բան է, շատ վատ: Մինչեւ այդ իշխանության մայրամուտն էլ «պատերազմը՝ պալատներին, խաղաղությունը՝ խրճիթներին» շարունակվում էր: Դա պետական քաղաքականություն էր: 50-ական թվականների վերջերին Գորիսի շրջանի ղեկավարներից մեկին աշխատանքից ազատելու հիմնական պատճառների մեջ եղել է եւ այն, որ վերջինս չտեսնելու է տվել մի կոլտնտեսության նախագահի կողմից բազմանդամ ընտանիքի համար երկհարկանի տան կառուցումը: Խորհրդային իշխանությունը միայն Ստալինի մահից հետո գյուղացուն թույլատրեց երկրորդ կովն ունենալ: Երախտապարտ գյուղացին էլ այդ առթիվ երգ ձոնեց խորհրդային նոր ղեկավարին՝ երեք ոչխար, երկու կով, ցավդ տանեմ Մալենկով: Ամենուր իշխում էր այն հոգեբանությունը, թե ինչու է մեր հարեւանը լավ ապրում, եկեք այնպես անենք, որ նա էլ մեզ նման վատ ապրի: Խորհրդային իշխանությունը վաղուց չկա, բայց նրա դաստիարակությունը դեռ պտուղներ է տալիս: Եթե մեկը հարուստ է, ուրեմն նա վատն է, ուրեմն նա գող է…

Այսօր ցանկանում եմ պատմել մի մարդու մասին, ով կարողության տեր է դարձել իր խելքի, աշխատասիրության, ապուպապերից գենետիկորեն ստացած առանձնահատուկ կազմակերպական ունակությունների շնորհիվ: Ինչո՞ւ եմ այսքան համոզված. որովհետեւ անձամբ եմ ճանաչում: Խոսքը հանրապետությունում հայտնի, միջազգային տնտեսական ամուր կապեր ունեցող «Առանցք» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն, Գորիսի տարածաշրջանում բոլորին հայտնի Չապաեւի ութ որդիներից կրտսերի՝ Գագիկ Սամվելի Առուշանյանի մասին է:

Գորիսում շատերը մականուն ունեն: Հաճախ դրանք խիստ տիպական են լինում, մի հատիկ բառը բացահայտում է տվյալ անհատի ամբողջ էությունը՝ դրական, թե՝ բացասական իմաստով, առանձին դեպքերում էլ դառնում պատվանվան հոմանիշ, ինչպես այս պարագային է: Համարձակության, համառության, նպատակին հասնելու անկոտրում ձգտման համար է ժողովուրդը Սամվել Առուշանյանին պատվել սիրելի հերոսի՝ Չապաեւի անվամբ, իսկ որ այդ ազգանունով անհատը ժողովրդական հերոս է եղել՝ հարցրեք անցած դարի 30-70 թթ. սերնդին: Այդ սերնդի մարդկանցից յուրաքանչյուրը հավանաբար մեկ տասնյակից ավելի անգամ դիտել է համանուն, մի քիչ պրիմիտիվ, բայց ժամանակի ոգով ու գաղափարով ամբողջովին ներծծված ֆիլմը:

Ծայրահեղ դժվարին կյանք է ունեցել Սամվել Առուշանյանը: Նրանց աշխատասեր ընտանիքը նյութապես ապահովվածներից էր, իսկ նոր եկած խորհրդային իշխանությունը չէր սիրում նմաններին, նրանց կուլակ պիտակն էր կպցնում եւ ձեռքներից ամեն ինչ խլում: Առուշանյանները բացառություն չէին կազմում: Բռնություններից խուսափելու համար ամեն ինչ կորցրած ընտանիքը մեկնում է Թուրքմենիա: Գյուղում մնում է պատանի Սամվելը՝ ավագ եղբոր հետ: Համատարածի ժամանակ նա չի ցանկանում մտնել կոլտնտեսություն, համառ երիտասարդը չի ցանկանում աշխատել այն իշխանության համար, ով իրենցից խլել է ամեն ինչ: Իսկ ով իշխանության հետ չէր, ուրեմն նրա դեմ էր: Երիտասարդ Սամվելը հայտնվում է բանտում: Մինչեւ Հայրենական մեծ պատերազմի սկսվելը անհնազանդության համար երեք անգամ դատվում է: Բանտից ազատվելուց հետո մեկնում է պատերազմ, որտեղ կորցնում է մեկ ոտքը: Տանը նրան են սպասում սիրելի կինը՝ Հեղինեն, եւ Գրիշա ու Միշա որդիները: Հետո ծնվում են Բորիսը, Ալբերտը, Սաշան, Սուրիկը, Յուրիկը եւ Գագիկը:

Հայկական նահապետական յուրաքանչյուր տան պատին միշտ լինում է այդ տոհմի սիրելիի լուսանկարը: Տասնյակ տարիներ Առուշանյանների տան պատից օջախի դուռը բացողին է նայել Զորավար Անդրանիկը, ում պատանի Սամվելը տեսել էր հայրենի Խնձորեսկում 1918 թվականին: Դա էլ, հասկանալի է, խորհրդային իշխանության սրտով չէր: Այսօր այդ լուսանկարից արված յուղանկարը Գագիկի աշխատասենյակի պատին է:

Խորհրդային իշխանության վերջին տարիներին, այսպես ասած վերակառուցման տարիներին, սկսվեց կոոպերատիվ շարժումը, ասել է թե՝ եկավ նաեւ Սամվել Առուշանյանի սերնդի ժամանակը: Առաջ անցնելով ասենք, որ ութ եղբորից յուրաքանչյուրը մի անհատականություն է: Արտաքին նմանությունից զատ, նրանք մի այլ նմանություն էլ ունեն՝ կազմակերպական բարձր ունակություն ու աշխատասիրություն: Բորիսի ստեղծած գյուղատնտեսական կոոպերատիվը, չնայած դժվարություններին, մեծացավ, ամրացավ, բարգավաճեց: Այսօր ոչխարի եւ խոշորի նրա հոտերն Արցախի տարածքում են: Արցախում է նաեւ Սաշայի գյուղատնտեսական ՍՊ ընկերությունը, որը եւս հիմնականում զբաղվում է ոչխարաբուծությամբ: Ալբերտը մեխանիզացիայի փոքր շարժակազմ ունի: Աշխատում է ազատագրված տարածքներում: Սուրիկն արդեն մի քանի տարի է՝ տեղափոխվել է ազատագրված տարածքներ եւ արդեն երրորդ տարին է՝ 3 հեկտարի վրա իր հիմնած արքայախնձորի եւ նռան այգու բերքն է հավաքում: Միշան բաղ ու բոստան, նաեւ սննդի օբյեկտ ունի: Ահա այսպիսին են Չապաեւի տղաները, ովքեր, ամուր պահելով եղբայրական կապերն ու իրենց ծնողների հիշատակը, իրար զորավիգ են եւ հաճախ են ձեռք մեկնում նաեւ շրջապատին:

Ապացուցված է, որ մեծ ընտանիքներում հարգանքն ու սերը մեծի ու փոքրի միջեւ խիստ ամուր են լինում, ուսանելի: Քանի դեռ ծնողները կային, ընդունված էր, որ տոնական օրերին բոլոր որդիները նախ հավաքվեն, բաժակ բարձրացնեն հայրական տանը, այնուհետեւ վերադառնան իրենց օջախները: Ծնողները վաղուց չկան, բայց տոնական օրերին փոքրերի կողմից ավագներին այցելության գնալու ավանդույթը պահպանվել է:

Կոոպերատիվ շարժման առաջին տարիներին Գորիսում բուռն վերելք ապրեց թեթեւ արդյունաբերությունը, իսկ ավելի ճիշտ՝ տրիկոտաժագործությունը: Եղբայրներից ամենափոքրը՝ Գագիկը, առաջիններից մեկը սեփական արտադրություն հիմնեց 16 աշխատատեղով: Բայց շուտով նոր պրոբլեմներ ի հայտ եկան: Խորհրդային իշխանության անկումից հետո փաստորեն վերացան նաեւ առեւտրային հարաբերությունները: Պակասը լրացրեց Արցախյան շարժման ընթացքում վայ հարեւանների իրականացրած շրջափակումը: Արտադրության կազմակերպմանը զուգահեռ սկսեց զբաղվել նաեւ իրացման հարցերով: Հիմնական սպառողը Ռուսաստանն էր: Զբաղվում էր, ինչպես ինքն է ասում, չսիրած գործով՝ առեւտրով: Պատրաստի ապրանքը դժվարությամբ տեղափոխում էր Ռուսաստան՝ ոչ թե վաճառում, այլ փոխանակում Հայաստանում շատ թե քիչ պահանջարկ ունեցող այլ ապրանքի հետ եւ նույնպիսի դժվարություններով էլ հասցնում Հայաստան:

Հայտնի հարեւանի հետ հարաբերությունների սրումը լուրջ ուղղումներ մտցրեց Գագիկի ծրագրերի մեջ: 1989 թվականից նա Արցախյան շարժման նվիրյալ խնձորեսկցի Սանոյի ջոկատում էր: Երբ տարածաշրջանում հարաբերական խաղաղություն տիրեց, նորից ձեռնամուխ եղավ սիրած գործին, իսկ սիրած գործն արտադրությունն է: Ինքն իրեն այսպես է բնութագրում. հաճույք եմ զգում, երբ տեսնում եմ, թե ինչպես է իմ տեղադրած հաստոցը հարթ թիթեղին ձեւ տալիս: Հարցնում եմ՝ տեղյա՞կ է արդյոք ամերիկացի հայտնի միլիոնատիրոջ պատասխանին՝ իր հարստության ծագման մասին: Ժպտալով՝ թեթեւ գլխով է անում: Այս հարցը Գորիսում ուղղել եմ նաեւ նրա տիկնոջը՝ Ասյային: Համարյա նույն պատասխանն եմ լսել՝ ուր-ուր, բայց Գորիսում իրենց, իրենց տոհմին լավ են ճանաչում, կարող է ցույց տալ առաջին լումայից մինչեւ այս աշխատանքային օրվա եկամուտը:

Զրույցն աննկատելի տեղափոխվում է, ինչպես ընդունված է մեր օրերում ասել, այլ հարթություն: Ես մի սյուժե եմ հիշում գեղարվեստական ստեղծագործությունից գործարար մարդու կյանքի, կենցաղի մասին: Հափշտակվում է: Հեղինակին է հարցնում: Մոռացել եմ, չեմ կարողանում օգնել: Զանգահարում է դստերը, հայտնում ստեղծագործության վերնագիրը, խնդրում օգնել: Քիչ անց դուստրը հետ է զանգահարում: Համացանցում գտել է ստեղծագործությունը: Ոգեւորվում է, ցանկանում է անպայման կարդալ: Նկատում է զարմացած հայացքս՝ դա էլ է աշխատանք, շատ կարեւոր աշխատանք, ասում է նա եւ ոտքի կանգնում: Այսօր արտադրությունում չի եղել, առաջարկում է ընկերակցել իրեն…

Նա «Առանցք» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է: Արտադրամասի շենքը գտնվում է մայրաքաղաքի արեւելյան մուտքի մայրուղու վրա եւ նկատելի է նույնիսկ շատ հեռվից: Նրա ամենագնացով մոտենում ենք արտադրամասին: Ղեկին ինքն է, միշտ էլ այդպես է եղել, վարորդ չի պահում, սովորույթ է: Նախ մտնում ենք արտադրանքի ցուցանմուշների սրահը, որն ավելի շատ թանգարան է հիշեցնում: Այստեղ ցուցադրված են տասնյակ արտադրատեսակներ: Դրանք տարբեր ձեւաչափերի, գունավորմամբ մետաղական կղմինդրներ են, ջրհորդաններ, տարբեր տեսակի մետաղական ցանցեր, անկյունակներ, փշալարեր եւ այլն: Սրահում հաճախորդների համար ստեղծված են աշխատանքի բոլոր պայմանները. ընտրություն կատարելուց հետո կարող են կնքել պայմանագրեր: Անհրաժեշտության դեպքում պատվիրված արտադրանքը կազմակերպությունն ինքն է տեղ հասցնում: Չերկարացնեմ: Խորհուրդ եմ տալիս այցելել www.arantsk.am էլեկտրոնային կայքէջը: Համոզված եմ, մեծ հաճույք կստանաք, իսկ սյունեցիները, մասնավորապես գորիսեցիները, հպարտություն կապրեն՝ տեսնելով, թե ինչերի է հասել իրենց համաքաղաքացին:

Անունով կենդանու «քթից ջուր եմ խմում» հայտնի խոսքերը երկու իմաստ ունեն. մեկ, որ ցույց է տալիս աշխատանքի դժվարությունը, մեկ էլ՝ անհատի ծայրահեղ զբաղվածությունը: Երանի այն մարդուն, ով անընդհատ զբաղված է եւ սիրում է իր գործը: Գագիկ Առուշանյանն այդ բացառիկներից է: Այդ զբաղվածության մեջ էլ արտադրության հմուտ ղեկավարի աչքից ոչինչ չի վրիպում: Նկատում է նույնիսկ ընկերության խորհրդանշանով հսկա ծանրաքարշի ջարդված փոքրիկ լուսարձակը: Այցի ընթացքում լակոնիկ արտահայտություններով հանձնարարություններ է տալիս արտադրության անմիջական ղեկավարներին, առանձին բանվորների բարեւում ձեռքսեղմումով: Դա խրախուսանքի յուրահատուկ ձեւ է (սա էլ արդեն ես եմ նկատում), որը նաեւ օգնում է ինձ վերհիշելու Գագիկի ապուպապ Առուշանի մասին օրեր առաջ Խնձորեսկում լսած ուսանելի պատմությունը: …Առուշանյանների տոհմի հիմնադիր Առուշան պապը եղել է Խնձորեսկում առաջին ձիթագործարանի հիմնադիրը: Դա եղել է հեռավոր 1700-ական թվականներին: Սերնդից սերունդ անցել ու մեզ է հասել զրույցն այն մասին, որ երբ մի քանի զույգ եզների օգնությամբ ձիթհանքի շենքին են մոտեցրել գրանիտե հսկա գլանաքարը, մնացել է այն շինության շեմքից ներս տանել: Հավաքվել է գյուղի ջահելությունը, բայց նրանց ջանքերը զուր են անցել, քարը տեղից չի շարժվել: Միջամտել է Առուշան պապը՝ էդ քարը գյուղի աղջիկները ծտի թեւով ներս կտանեն: Նրա հանձնարարությամբ խնդրում, կանչում, իրար գլխի են հավաքում գյուղի աչքի ընկնող գեղեցկուհիներին: Հասկանալի է, նրանց մեջ են լինում նաեւ մեր տղաների թաքուն աչքադրած աղջիկները: Նրանց ներկայությամբ տղաների ուժը կրկնապատկվում, եռապատկվում է, եւ ձիթհանքի գլանաքարը հեշտությամբ ներս են տանում…

Գագիկին չի հաջողվել հոր նման մեծ ընտանիք ունենալ. ունի երկու դուստր եւ որդի: Դուստրերն ամուսնացել են, իրենց ծնողներին պարգեւել չորս սիրասուն թոռնիկ: Որդին տոհմի հիմնադիր Առուշան պապի անունն է կրում: Աշխատասեր է, ինչպես տոհմի բոլոր տղամարդիկ, նաեւ նրանց նման պատվասեր: Յուրաքանչյուր հայր երազում է, որ որդին գերազանցի իրեն: Այս հարցում էլ Գագիկ Առուշանյանի բախտը բերել է, չնայած դա այնքան էլ բախտի բան չէ. Առուշան որդին հորը գերազանցելու ճանապարհին է: Գորիսում ստեղծել է «ԱԳԱ» ՍՊԸ-ն եւ զբաղվում է կահույքի ու էլեկտրոնային սարքավորումների առեւտրով: Չնայած այս կազմակերպությունն իր տեսակի մեջ միակը չէ տարածաշրջանում, բայց երիտասարդ ղեկավարի վարած գնային եւ սպասարկման ճկուն քաղաքականության շնորհիվ հաճախորդներ ունի ոչ միայն Սյունիքում, այլ նաեւ Արցախում: Ծնողներն անհամբերությամբ են սպասում Առուշանի պսակին…

Գագիկը չի ընդունում այն հայրենասիրությունը, որն արտահայտվում է խաչքար տեղադրելով, եկեղեցի կառուցելով կամ նմանատիպ  այլ արարքներով: Այդ ամենը նա ավելի շուտ եւ ավելի շատ ձեւամոլություն է համարում, քան զգացում: Հայրենիքի ապագան տեսնում է աշխատանքի եւ այն էլ ստեղծագործ աշխատանքի մեջ: «Առանցք»-ում մշտական աշխատանք ունի քառասունհինգ հոգի, միջին աշխատավարձը կազմում է 210 հազար դրամ: Երեք տարի առաջ մոտ 3 հա մակերեսով տարածք էր ձեռք բերել՝ արտադրությունն ընդլայնելու համար: Նպատակ ուներ սկսել տարբեր տրամաչափի մետաղյա խողովակների արտադրություն: Իսպանիայում շահագրգիռ գործընկերներ էր գտել: Համարյա բոլոր պայմանավորվածությունները փաստաթղթային հիմնավորում էին ստացել: Ու հանկարծ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց եվրաինտեգրումից, իսկ իսպանացիներն էլ՝ պայմանագրից: Բայց Գագիկ Առուշանյանը հույսը չի կորցրել…

Առաջին համազգային դրամահավաքից սկսած ամենամյա ներդրում է կատարում: Հիմա էլ շարունակում է ակտիվ նյութական օգնություն ցույց տալ թե՛ հիմնադրամին, թե՛ բանակին, եւ թե՛ առանձին անհատների: Մեր այցելության օրը շնորհակալական նամակ էր ստացել Վանաձորից՝ թոշակառու կնոջից, ում մի քանի տարի է՝  օգնում է:

Ահա այսպիսին է Սամվել Առուշանյանի ութ տղաներից կրտսերը՝ Գագիկը. միշտ պրպտող ու գտնող, միշտ անհանգիստ, ժամանակի հարգն ու գինն իմացող, նաեւ ուրիշի ցավով ապրող, կարիքավորին ձեռք մեկնող, գործարար անհատը:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Գորիս-Երեւան 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: